ՀԱԿ-ում ոչ ոք ոչինչ չգիտի
ՀԱԿ-ում լարվածությունը գնալով մեծանում է` կապված Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման շուրջ ստեղծված անորոշության հետ: ՀԱԿ վերնախավը հույս ուներ, որ «առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ» հարցի պատասխանը կստանա սեպտեմբերի 21-ին Սարյանի արձանի մոտ կազմակերպված տոնական հավաքի ժամանակ, սակայն Տեր-Պետրոսյանը ձգեց անորոշությունը:
ՀԱԿ անդամները խոստովանում են, որ իրենք այնքան համարձակություն և լիազորություն չունեն հարցնելու Տեր-Պետրոսյանին, թե ինչ է մտածում նա, և այդ պատճառով իրենց մնում է համբերատարորեն սպասել: Նրանք միմյանց հուսադրում են հետևյալ մխիթարանքով. «Կարևորն այն է, որ Տեր-Պետրոսյանը չի ասել, որ չի առաջադրվելու, իսկ դա նշանակում է, որ հույս կա, որ կառաջադրվի»:
Իսկ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը լռում, կամ մինչև ե՞րբ կարող է ձգվել այդ լռությունը: Նման իրավիճակներում ՀԱԿ-ում ընդունված է մտածել, որ Տեր-Պետրոսյանը սպասում է ինչ-որ կարևոր տեղեկության, և այդ տեղեկությունը ստանալու դեպքում անմիջապես կհայտարարի իր որոշման մասին: Նույնիսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները կարծում են, որ Տեր-Պետրոսյանը սպասում է աշխարհաքաղաքական կենտրոններից ստացվելիք ազդակներին:
Մյուները մտածում են, որ առջևում բանակցություններ են քաղաքական այլ ուժերի և հատկապես նոր դաշնակից ԲՀԿ-ի հետ, որի ընթացքում հնարավոր է` կատարվի դերերի բաժանում, և ըստ այդմ, որոշվի, թե ինչ ձևաչափով է ընտրություններին մասնակցելու ՀԱԿ-ը: Ըստ այս տեսակետի կողմնակիցների, դրանից է կախված` ով է լինելու ՀԱԿ թեկնածուն: Ինչպես ընդունված է մտածել ՀԱԿ-ում, Տեր-Պետրոսյանը երբեք չի սխալվում, և քանի դեռ նա մտածում է հերթական անսխալ որոշման կայացման վրա, նրան պետք չէ խանգարել:
Տեսականորեն Տեր-Պետրոսյանն իր որոշման մասին կարող է չհայտնել ևս երեք ամիս, քանի որ, ըստ Սահմանադրության, թեկնածուների առաջադրման վերջին օրը դեկտեմբերի 24-ն է: Բայց ՀԱԿ-ում հույս ունեն, որ Տեր-Պետրոսյանն այդքան երկար չի ձգի անորոշությունը, և հանուն իրենց հոգևոր առողջության անխաթարության` մինչև հոկտեմբերի վերջ կհայտարարի իր մտադրությունների մասին:
ՀԱԿ վերնախավի ներկայացուցիչները համարում են, որ իրենք հասել են մեկ այլ կարևոր խնդրի լուծման. այն է` եկել են ընդհանուր հայտարարի, որ ՀԱԿ թեկնածուն կարող է լինել բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանը և ուրիշ ոչ ոք: Սա կարելի է համարել Գագիկ Ջհանգիրյանի գործունեության արդյունքը: Մինչև վերջերս ՀԱԿ-ում ակտիվորեն քննարկվում էր այն հարցը, թե ով կարող է լինել այս կառույցի թեկնածուն, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: Այս հարցադրումն ինքնին լուրջ պառակտում էր առաջացրել, քանի որ հայտնվել էին մի քանի թեկնածուներ, ովքեր իրար մեջ վիճարկում էին Տեր-Պետրոսյանի իրավահաջորդը լինելու իրավունքը: Գագիկ Ջհանգիրյանը կարողացել է համոզել ակտիվին, որ ցանկացած լուծում վտանգում է ՀԱԿ գոյությունը ու այդպիսով ձեռնտու չէ որևէ մեկին:
Հիմա այնտեղ ընդունված է համարել, որ եթե իրենք ցույց տան, որ ՀԱԿ-ում չկա այլ թեկնածու, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, այդպիսով կստիպեն Տեր-Պետրոսյանին առաջադրվել:
Իհարկե, ՀԱԿ-ում կան նաև այլախոհներ, ովքեր համոզված են, որ Տեր-Պետրոսյանն ամենևին էլ ցանկություն չունի առաջադրվելու, քանի որ, ի տարբերություն 2007թ., երբ տարբեր ուժերի և անհատների հետ ակտիվորեն քննարկում էր իր առաջադրման դեպքում նրանց հնարավոր արձագանքը, այժմ ոչինչ չի ձեռնարկում: Նրանք արդարացիորեն նշում են, որ Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ իր թիմին և հասարակությանը հասկացրել է, որ իր առաքելությունը քաղաքական կյանքում ավարտված է համարում, և եթե թիմի ներկայացուցիչները չեն ցանկանում դա ի գիտություն ընդունել, դա իր խնդիրը չէ:
ՀԱԿ-ը հունիսին կայացած հանրահավաքի ժամանակ խոստացել էր, որ սեպտեմբերին հանրահավաք կհրավիրի: Հիմա այդ հանրահավաքն անորոշ ժամանակով հետաձգվում է: ՀԱԿ ակտիվի որոշ ներկայացուցիչներ համոզված են, որ այս հետաձգումը ևս պայմանավորված է Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ կապված անորոշությամբ: Ըստ նրանց, ՀԱԿ առաջնորդը սպասում է, թե ինչպես կավարտվեն բանակցություններն այլ ուժերի հետ: Եթե դրանք արդյունավետ ավարտ ունենան, ապա Տեր-Պետրոսյանը կարող է բազմամարդ հանրահավաքի ակնկալիք ունենալ, իսկ եթե ոչ` կարող է տեղի չունենալ անգամ մեկ-երկու հազարանոց հանրահավաքը: