ՄԱԿ-ում կատարելապես անտեղյա՞կ են ազերի մարդասպանի հանձնման շուրջ ծագած սկանդալից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Մարտին Նեսիրկին հարցուպատասխան է անցկացրել, որի ընթացքում փոխանցել է Պան Գի-մունի մի շարք հայտարարություններ և տեղեկացրել ՄԱԿ-ում նոր նշանակումների մասին:
Սիրիայի խնդրի, Բահրեյնում մարդու իրավունքների, սննդի գների և այլնի հետ մեկտեղ Նեսիրկին խոսել է նաև «Սաֆարովի գործի» մասին:
Այս մասին գրում է Tert.am-ը և մատնանշում. «Ցավոք, հայտարարությունը վերհանում է մի շարք հարցեր, որոնք թվում է պետք է առաջնահերթ մտահոգության առարկա դառնան տեղական դիվանագիտական շրջանակների համար: Հայտարարությունից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ում այնքան էլ տեղյակ չեն խնդրի էությանը: Գլխավոր քարտուղարի խոսնակին, մասնավորապես, հարց է ուղղվում. «Հունգարիայի և Ադրբեջանի միջև վեճ է առաջացել այն բանի շուրջ, որ ՆԱՏՕ-ի մի զինվոր մեղադրվել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զինվորի գնդակահարելու համար…»:
Փաստորեն ՄԱԿ-ում կարծում են, թե «մեկ այլ սպայի» (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին) «գնդակահարել են»: ՄԱԿ-ի դեպքում նման բացթողումն անթույլատրելի է: Պարզ է դառնում նաև, որ Հայաստանը՝ որպես «կողմ» կամ նկատի չի առնվում, կամ չի ընկալվում որպես այդպիսին. խնդիրը ներկայացվում է «վեճ» «Հունգարիայի և Ադրբեջանի միջև»: Ստացվում է նաև, թե ոճրագործն ազգություն ունի, զոհը՝ ոչ: Ավելին՝ պարզվում է նաև, որ Սաֆարովն ընդամենը «մեղադրվել է»:
Պատասխանելով՝ Նեսիրկին հաջորդիվ մասնավորապես ասում է. «Գլխավոր քարտուղարը մտահոգ է պարոն Սաֆարովի գործի շուրջ զարգացումներով՝ 2012-ի օգոստոսի 31-ին նրան Ադրբեջան տեղափոխելուց և Ադրբեջանի իշխանությունների կողմից դրան հաջորդած ներում շնորհելուց ի վեր: ՄԱԿ-ն ընդգծում է, որ անդամ երկրները պետք է քրեական գործերի դեպքում հավատարիմ մնան օրենքի գերակայության միջազգային ստանդարտներին և սկզբունքներին, որպեսզի ապահովվի պատասխանատվության կրում և պայքարվի անպատժելիության դեմ:»
Tert.am-ի խնդրանքին, մեկնաբանել ՄԱԿ-ի այս «սայթաքումները, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է՝ ասելով որ հարցադրման հասցեատերը ՄԱԿ-ն է: