Կաթնամթերքի մի շարք տեսակներում կեղծումներ ու խախտումներ են հայտնաբերվել
«Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրողների մոտ ուսումնասիրություն թե իրացման ցանցում, թե բուն արտադրական գործընթացի ընթացքում: Հում կաթի և պաստերիլիզացված կաթի նմուշներն ուղարկել ենք համապատասխան լաբորատորիաներ և խնդրել իրականացնել փորձաքննություն` սոդայով կեղծվածության, բուսական յուղի և կաթի փոշու առկայության վերաբերյալ: Թվով 11 ընկերությունների արտադրած կաթում սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել, որոնք են` «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ընկերությունները: Ներկայում իրականացվում են տեսչական ստուգումներ իմ կողմից թվարկված բոլոր ընկերություններում` պարզելու համար, թե սոդայի կեղծվածության գործընթացը որ փուլում է տեղի ունեցել, քանի որ տնտեսվարողները նաև փաստում են, որ սոդայի կեղծվածությունն իրականացնում են ոչ թե իրենք, այլ այն կազմակերպությունները, ովքեր մթերում են իրենց հում կաթը: Սակայն մենք նաև իրականացրել ենք նմուշառում հում կաթից մինչև տեխնոլոգիական գործընթաց անցնելու փուլը և հում կաթում սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել: Ասեմ, որ կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգով պաստերիլիզացված կաթում սոդայի առկայություն չի թույլատրվում, քանի որ սոդան, որպես այդպիսին իջեցնում է կաթի թթվայնությունը և հնարավորություն չի տալիս կաթին այն ժամանակահատվածում, որը նախատեսված է կաթի պահպանման համար, այն փչանա: Այսինքն` դրանով փորձում են թույլ չտալ, որպեսզի այս ամառվա շոգերին թթվի:
Իրականացրել ենք նաև նմուշառում թթվասերի և կաթի փոշու նկատմամբ, լաբորատոր փորձաքննություն: Թվով 3 ընկերություններում հայտնաբերվել է կաթի փոշի, սակայն պետք է նշեմ, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործում թթվասերի մեջ, սակայն պարտադրում է, որպեսզի տնտեսվարողները մակնշեն դրա առկայության վերաբերյալ: Կաթի փոշի հայտնաբերվել է «Անի Թամարայում» և «Դուստր Մարիաննայում», նաև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մակնշումը համապատասխանում է իրականությանը և կաթի փոշու վերաբերյալ մակնշում տվյալ ընկերության կողմից արտադրված արտադրանքում առկա է: Կաթի փոշի հայտնաբերվել է նաև «Մուլտի Ագրոյում», որտեղ մակնշումը բացակայում է:
Նաև իրականացրել ենք լաբորատոր փորձաքննություն բուսական յուղի առկայության հետ կապված և «Արզնու Տոհմային ԹՏԽ»-ի կողմից արտադրված թթվասերում հայտնաբերել ենք բուսական յուղ: Կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը սահմանում է թթվասերի բաղադրությունը, որտեղ բուսական յուղի առկայություն չի թույլատրվում, քանի որ թթվասերը կենդանական ծագման սննդամթերք է, իսկ բուսական յուղի օգտագործումը թույլատրվում է կաթնային արտադրանքում, այլ ոչ թե թթվասերում: Ներկայում իմ թվարկված 7 կազմակերպություններում իրականացվում են տեսչական ստուգումներ` ամբողջ արտադրական գործընթացի վերահսկողության, հումքի մթերման, բաղադրությունների և բաղադրագրերի համապատասխանության գնահատման հետ կապված»: