Մարալիկում սոցիալական բնակարանային համալիր է կառուցվում

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած հարցերը քննարկելուց հետո ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

ՀՀ սոցապ նախարարության ենթակայությամբ գործող նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ:

Նաև հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն իր 2010թ. հուլիսի 1-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ` հավանություն էր տվել «ՀՀ անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգին»: Այլ կերպ ասած` Սոցապ նախարարությունն` ի դեմս կառավարության, այսուհետ իրացնելու է պետությանը պատկանող բնակֆոնդ, որն անօթևան ընտանիքների կամ միայնակ անտուն տարեցների պետական պաշտպանության աշխարհում գործող բավականին արդյունավետ մոդել է: Մենք փորձեցինք այս ծրագրի վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանից:

– Տիկին Բաղդասարյան, սոցիալական բնակարանային ֆոնդ իրացնելու մոդելն աշխարհում վաղուց է կիրառվում, և փորձը ցույց է տալիս, որ անօթևան բազմաթիվ մարդիկ պետության աջակցությամբ «ոտքի» են կանգնում: Արդյոք մենք հիմա արդեն ունե՞նք շահագործման հանձնված սոցիալական բնակարաններ: Եվ ի՞նչ գործառույթներ է իրականացնելու «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոնը», որի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ:

– Այսօր Կառավարությունը կարևորում է մեր պետության մեջ սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծումը, որի նպատակն է` անօթևան քաղաքացիների, սոցիալական խմբերի համար (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայումս մշակում է չափորոշիչները) սոցիալական բնակարանների տրամադրումը: Սոցիալական բնակարանը դա անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրվող բնակարան է` առանց սեփականության իրավունքի, քանի որ դա պետական ֆոնդ է: Հաշվառված միայնակ կենսաթոշակառուին, մանկատան շրջանավարտին կամ այլ սոցիալական իրավիճակում հայտնված բնակարանի խիստ կարիք ունեցող անձին կամ ընտանիքին պետությունը 5-10 տարվա պայմանագրով կհատկացնի սոցիալական բնակարան: Սոցիալական բնակարանային ֆոնդի առաջին օրինակը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կառուցված և կառուցվող շենքերն են, որտեղ լինելու է սոցիալական բնակարանների համալիր: Արդեն երեք շենք (59 բնակարան) հանձնվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: 59 ընտանիքներ, որոնք ընդհանուր առմամբ` կազմում են 103 անձինք, կստանան սոցիալական բնակարաններ, ընդ որում` այս ընտանիքներում ներգրավված են մանկական խնամակալության կազմակերպության 27 ընտանիքներ` 44 անձով: 32 հաշվառված ընտանիքներն այլ սոցիալական խմբերից են` միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող երեխայի ընտանիքո և այլն: 59 ընտանիքների վերաբերյալ ցուցակն արդեն Կառավարության կողմից հաստատված է: Ինչ վերաբերում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոնին», ապա պետք է նշեմ, որ այն ստեղծվել է այդ շենքերի շահագործումը, ընտանիքների աջակցությունն ապահովելու համար: Շուտով ևս երկու շենք Մարալիկում հանձնվելու է նախարարությանը, և նախատեսվում է ևս չորս շենքեր սոցիալական բնակարանների համար իրացնել, այսինքն` ընդհանուր առմամբ` մոտ 150 բնակարան լինելու է միայն Մարալիկում:

Ինչպես նաև Երևանի Թբիլիսյան խճուղու 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքն է հանձնվել Սոցիալական հարցերի նախարարությանը` բնակֆոնդ ստեղծելու նպատակով: Այսինքն` կենտրոնը համակարգելու է աշխատանքները, շահագործումը և լուծելու է սոցիալական բնակարանների հետ կապված ցանկացած խնդիր: Նախարարության մեջ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատում է կենտրոնի կանոնադրության, գործառույթների, չափորոշիչների և այլ հարցերի ուղղությամբ:

– Իսկ ինչո՞ւ հատկապես Մարալիկում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքում անօթևանների կամ սոցիալական այլ խմբերում ընդգրկված անօթևանների թիվը բավական մեծ է: Մարալիկում նաև գործազրկության խնդիրն է սուր: Սոցիալական բնակարաններ տեղափոխված ընտանիքների զբաղվածության հեռանկարն արդյոք իրատեսակա՞ն է, հատկապես, երբ տեղի բնակիչների զգալի մասը գործազուրկ է:

– Մարալիկում կիսակառույց շենք-շինություններ կային, և տնտեսապես ավելի արդյունավետ էր այդ կիսակառույցներն ավարտին հասցնել: Ի դեպ, նաև բուժկետ, համապատասխան այլ պայմաններ ենք ստեղծել մարդկանց հարմարավետությունն ապահովելու համար: Բացի այդ, Մարալիկի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի հետ աշխատանքներ ենք տանում` մանկատան շրջանավարտներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Գործազրկությունը մեծ է, բայց վարչապետի կողմից գործատուներին ուղղված հստակ հանձնարարական կա: Այսինքն` երիտասարդ ներուժը սոցիալական բնակարան տեղափոխվելով` նաև պետք է աշխատի, հակառակ դեպքում` մենք խնդիրը մինչև վերջ չենք լուծում: Կառավարության վերջին նիստի ժամանակ Քաղաքաշինության նախարարությանը միջոցներ տրամադրվեցին` տարածքը բարեկարգելու համար` և այդ աշխատանքներն ավարտելուն պես հավանաբար այս ամսվա ընթացքում շենքերը կբնակեցվեն: Առաջին երեք շենքերի համար կահույքը նույնպես տեղափոխված է Մարալիկ: Սա իսկապես աշխարհում կիրառվող շատ լավ պետական ծրագիր է, որը լինելով շատ արդիական և կարևոր` մարդկանց խնդիրը լուծում է:

– Փաստորեն, բնակարանի խիստ կարիք ունեցող սոցիալական որևէ խմբում ներգրավված անձը պետության հետ 5-10 տարվա ժամկետով պայմանագիր կնքելով` բնակարանի շահագործման իրավունք է միայն ձեռք բերում: Բայց մյուս կողմից` նշում եք անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիրը: Օրինակ, եթե սոցիալական բնակարանի շահառուի բնակարանի շահագործման պայմանագրային ժամկետը լրանում է` ի՞նչ է նրան սպասվում, կրկին անօթևանի կարգավիճա՞կ:

– Սոցիալական բնակարանի տրամադրումն իրականացվում է պայմանագրային որոշակի ժամկետներով, որպեսզի մարդն աշխատի, ձգտի ունենալ սեփական բնակարան: Եթե չի կարողանում ինքնուրույն լուծել այդ խնդիրը, բնականաբար, նրան փողոց չեն ուղարկում: Մարդը պետք է իմանա, որ պետությունն իրեն աջակցում է. չունի՞ երեխա, կունենա, մե՞կն ունի, կունենա երկրորդը, որովհետև, թեև ժամանակավոր, բայց ապահովված է բնակարանով: Այսինքն` սա պետական ֆոնդ է, պետական աջակցություն է: Ինչ վերաբերում է պայմանագրային ձևերին և չափորոշիչներին, ապա նշեցի, որ դրանք մշակման փուլում են, հետևաբար` վերջնական պայմանագրի ձև չունենք, և դրանք հստակեցման կարիք ունեն: Այսինքն` սոցիալական բնակարանի տրամադրման միտումն այն է, որ ընտանիքն ունենալով տանիք` կարողանա մտածել, թե ինքն իր համար ինչ կարող է անել:

– Իսկ ո՞ր դեպքում կարող են ընտանիքին վտարել սոցիալական բնակարանից: Օրինակ` նման մի ծրագիր իրականացնում էր «Հույսի ավան» կազմակերպությունը, որն Աշտարակի խճուղում բավական գեղեցիկ տներ էր կառուցել և հանձնել բազմազավակ ընտանիքներին` գրեթե նույն սկզբունքով: Այսինքն` անշարժ գույքի սեփականատերը կազմակերպությունն է, բայց բնակարաններն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել անօթևան, բազմազավակ ընտանիքներին: Կազմակերպությունն ունի կանոնադրություն, որտեղ նաև ընտանիքներից պահանջվում է պատշաճ պահպանել սահմանված վարքականոնը: Տարիներ առաջ բազմազավակ մի ընտանիքի վտարման պահանջ էին ներկայացրել` այն հիմնավորելով կազմակերպության սահմանած կանոնադրության խախտումներով:

– «Հույսի ավանը» բոլորովին ուրիշ սկզբունքով է աշխատում, բնականաբար` իրենց կանոնակարգով: Նման հարցերով զբաղվելու է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Նման երևույթները մենք հաշվի ենք առել, քանի որ տարբեր տարածքներից, տարբեր կենցաղավարության, ոչ բարեկեցիկ պայմաններում ապրած, տարբեր արժեհամակարգ ունեցող մի խումբ մարդիկ բնակվելու են միևնույն շենքում: Կենտրոնում լինելու է հոգեբան, սոցիալական աշխատող, բուժքույր: Վտարելն ամենահեշտ բանն է, մենք ամեն ինչ անելու ենք, աշխատանք ենք տանելու, որ բոլորն իրենց հարմարավետ և լավ զգան: Այսինքն` կենտրոնի տնօրենի, փականագործի, տնտեսվարի հաստիք ստեղծելու փոխարեն` նախատեսել ենք սոցիալական աշխատողի, հոգեբանի և այլ մասնագետների հաստիքներ: Սա սոցիալական բնակֆոնդի առաջին փորձն է, և հույս ունեմ, որ այս նորույթը հասարակական կյանքում էապես դրական փոփոխություն կմտցնի:

– Երևանից սոցիալական բնակարանների հաշվառված շահառուներ կա՞ն:

– Այո, մարդիկ են, ովքեր չունեն բնակարան, և պատճառները տարբեր են: Սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններն այցելել են նրանց տներ, խոսել են նրանց հետ: Ոմանք հարևանի, բարեկամի տանը կամ տնակում են ապրում, այսինքն` մարդիկ են, ովքեր պատրաստ են Երևանից Մարալիկ տեղափոխվել, որովհետև կացարանի շատ լուրջ խնդիր ունեն: Բոլոր փաստաթղթերը ներկայացրել են նախարարություն, ուսումնասիրել ենք, ներկայացվել է Կառավարություն: Մեզ այսօր էլ են մարդիկ դիմում, բայց քանի որ 3 շենքի շահառուների ցուցակը հաստատված է, չափորոշիչները հաստատելուց հետո մյուս շենքերի համար նորից հաշվառում կկատարենք:

Դուք նաև շեշտեցիք, որ սոցիալական բնակարանների շահառուներից են մանկական խնամակալական կազմակերպության շրջանավարտների 27 ընտանիքներ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ 2003թ.-ից իրականացվող «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը Սոցապ նախարարությունը վերջնականապես ձախողված համարելով` նույն գործառույթն արդեն իրականացնում է սոցիալական բնակֆոնդի ծրագրով: Տարբերությունն այն է, որ, եթե նախկինում շահառուին բնակարանը հանձնվում էր սեփականության իրավունքով, ապա տվյալ դեպքում` պետությունը հաստատում է միայն օգտագործման իրավունքը։

– Սոցիալական բնակարան մանկատան շրջանավարտներին հանձնելը նաև լավ տարբերակ է: Նաև նշեմ, որ մենք դեմ ենք մանկատան շրջանավարտներին կենտրոնացնելուն և մեկ շենք տրամադրելուն: Նրանք կբնակվեն տարբեր սոցիալական խմբերի հետ` նոր շփումներով, միմյանց օգնելով:

– Փաստորեն, պետությունն այդպիսով ապահովագրել է նաև այն վտանգը, երբ մանկատան շրջանավարտին սեփականության իրավունքով բնակարան էր տրամադրվում, իսկ նա դա վաճառելով` կրկին անօթևանի կարգավիճակում էր հայտնվում:

– Այո՛, այստեղ վաճառելու տարբերակ չկա: Սոցիալական բնակարան ասվածը նշանակում է, որ այն պետության սեփականությունն է, ճիշտ այնպես, ինչպես խորհրդային տարիներին բոլոր բնակարանները պետական էին:

– Այնուամենայնիվ, սոցիալական բնակարանների մոդելն ինչ-որ չափով հանրակացարանային է: Այսինքն` ժամանակավոր կացարանի սկզբունքով` սենյակ կամ բնակարան է հատկացվում անօթևան, սոցիալական որոշակի խմբում ընդգրկված մարդկանց:

– Ոչ, հանրակացարաններում, եթե հիշում եք, ամեն հարկում գործում էր ընդհանուր մեկ սանհանգույց, լոգարան, խոհանոց, իսկ Մարալիկի շենքերում առանձին բնակարաններ են` իրենց հարմարավետություններով: Նախ` դրանք լավ վերանորոգված են, ունեն առանձին խոհանոց, լոկալ ջեռուցման համակարգով, լոգարան, զուգարան, և այլն: Հանրակացարանում միանգամայն ուրիշ կենսապայմաններ են:

– Տեղափոխվելով Մարալիկի սոցիալական տուն` շահառուները կունենան նաև անապահովության գնահատման կարգավիճակի փոփոխություն: Բնականաբար, սոցիալական այդ խմբերն ընդգրկված են ընտանեկան, գործազրկության և այլ պետական նպաստների ցանկում: Հետաքրքիր է` անապահովության գնահատման չափորոշիչների վրա անդրադառնալո՞ւ է սոցիալական բնակարանում բնակվելու հանգամանքը, այսինքն` նրանք շարունակելո՞ւ են օգտվել պետական աջակցությունից:

– Մարդը գրանցվելու է սոցիալական տանը և, եթե Կառավարության որոշմամբ, օրենքով սահմանված բոլոր չափորոշիչներով` օրինակ` ընտանեկան նպաստ համակարգում հաշվառվում է և եկամուտը նույն 30 բալն է լինելու, ապա, բնականաբար, նա ընտանեկան նպաստ կստանա: Այսինքն` այստեղ դերակատարում չունի` մարդը սոցիալակա՞ն, թե՞ իր բնակարանում է ապրում: Նա հաշվառված է տվյալ հասցեում և նույն Կառավարության որոշմամբ` չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կօգտվի պետական աջակցությունից:

– Բայց չէ՞ որ անապահովության գնահատման համակարգը ներառում է նաև հայտատուի կենցաղային պայմանների ուսումնասիրությունը, մասնավորապես` գույքագրվում է նրա սեփականությունն ու անգամ հեռուստացույցը:

– Ոչ, հիմնականում եկամուտն է, և եթե այն կազմում է 30 բալ, ապա մարդն ընդգրկվում է որպես նպաստառու: Տվյալ դեպքում` ընտանեկան նպաստի վրա չի անդրադառնա սոցիալական բնակարանի առկայությունը: Մենք ոչ թե մտածում ենք, որ մարդն անպայման նպաստ ստանա, այլ` փորձելու ենք հասնել այն բանին, որ մարդիկ աշխատեն: Մենք ունենք 27 երիտասարդ ընտանիքներ` 44 անձով: Ամեն ինչ անելու ենք, որ նպաստ ստանալու փոխարեն` նրանք աշխատեն:

Տեսանյութեր

Լրահոս