ԱՆ-ն սկսում է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2020 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում:
Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 3/8) է ներկայացնում`
1) դիմում, որը պետք է պարունակի`
ա. դիմողի անունը, ազգանունը,
բ. դիմողի բնակության վայրը և հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),
գ. լիազոր մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
դ. դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
ե. դիմումը կազմելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,
զ. դիմողի ստորագրությունը.
է. անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
2) անձնագիրը և դրա պատճենը.
3) աշխատանքային գրքույկը կամ սույն հայտարարության 2-րդ պարբերությամբ նախատեսված պահանջները հավաստող համապատասխան փաստաթուղթը և դրանց պատճենները.
4) բարձրագույն կրթության վկայականը (դիպլոմը) և պատճենը.
5) 2 գունավոր լուսանկար` 3×4 չափսի:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 17-ը մինչև ժամը 16:00:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլն անց է կացվելու 2020 թվականի հունվարի 29-ին ժամը 10:00-ին (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 3/8):
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» 1179-Ն որոշմամբ:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունն ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:
Սնանկության գործով կառավարչի որակավորման թեստավորման փուլի հարցաշարը կարող եք գտնել այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Նաիրա Սեդրակյանին (010)59 40 57 հեռախոսահամարով: