«Վարկերն ու պարտքերը կուտակել՝ նստել ենք». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները դեռ աշխատավարձի են սպասում
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի 165 աշխատակիցները, ովքեր մոտ չորս ամիս աշխատավարձ չեն ստացել, ևս մեկ շաբաթ կսպասեն:
«Վարկերն ու պարտքերը կուտակել՝ նստել ենք: Երկու շաբաթ առաջ ենք հանդիպել Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին, ներկայացրել հարցերը, դրանից հետո նա կապ էր հաստատել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, նա էլ պատասխանել էր, որ հարցն ընթացքի մեջ է:
Դեկտեմբերի 14-ին էլ մեզ հետ հանդիպեց ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և տեղեկացրեց, որ հարցը կառավարության, ՊԵԿ նախագահի և իր ուշադրության կենտրոնում է:
Քննարկման փուլում է նաև վարկերի հարցը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները:
Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում խնդրին անդրադարձել է պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ գրելով. «Այսպիսով, ավելի քան 93 մլն դրամ կա հիմնարկի հաշվին, որը նոր ղեկավարությունը (ղեկավարումը ստանձնել են մոտ 2 ամիս առաջ) պատրաստ է ամբողջությամբ փոխանցել աշխատակիցներին, և դա բավարար է 3 ամսվա աշխատավարձն ամբողջությամբ մարելու համար։ Խնդիրը հիմնարկի սառեցված հաշիվներն ու դրանց վրա առկա կալանքներն են»։
Նշենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:
Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա: