«Կատարված հաշվումները թույլ տվեցին հաստատել, որ մ.թ.ա 2800-2600թթ. Մեծամորի բնակիչները դիտել են Սիրիուսը». աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանն 90 տարեկան է
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան ԲԱ-ի գլխավոր գիտաշխատող, աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի գիտական աստիճանավորման խորհրդի նախագահ Էլմա Պարսամյանը կդառնա 90 տարեկան: Այս առիթով Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել էր սեմինար: ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանն անդրադարձավ Էլմա Պարսամյանի գործունեությանը և թողած հսկա ժառանգությանը։
Ելույթով հանդես եկավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Դուք ԳԱԱ պարծանքներից եք: Մինչ օրս հիշում եմ՝ 1963թ. Երևանի պետական համալսարանում պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը՝ «Գիսավորաձև միգամածությունների գունաչափության և բևեռաչափական հետազոտություններ» աշխատանքը: Այնքան հոդվածներ տպեց, այնքան նոր բաներ հայտնաբերեց…: Նստում էինք փոքրիկ սենյակում, որը լաբորատորիա էր, անկյունում դրված էր ֆոտոմետր՝ լուսաչափ, և ամեն անգամ չափումներ էինք կատարում: Խոնարհվում ենք Ձեր առջև»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը և ԳԱԱ նախագահության կողմից Էլմա Պարսամյանին պարգևատրեց Գիտությունների ազգային ակադեմիայի ամենաբարձր տիտղոսով, որը կոչվում է «Մեծարման գիր»:
Տիկին Պարսամյանին շնորհակալագիր հանձնվեց նաև ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կոլեկտիվի կողմից:
Բյուրականի Աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ Էլմա Պարսամյանի 90-ամյակին ընդառաջ տպագրվել է վերջինի կյանքին ու գործունեությանը նվիրված գրքույկը, որը շուտով հասանելի կլինի նաև անգլերենով։
Էլմա Պարսամյանը հայտնաբերել է ավելի քան չորս տասնյակ նոր գիսավորաձև միգամածություններ, կազմել դրանց առաջին կատալոգը և կատարել նոր դասակարգում: Այդ միգամածությունների մի մասն այսօր էլ կոչվում է նրա անունով: Բացի գիսավորաձև միգամածություններից՝ Է. Պարսամյանը Մ.Ղազարյանի հետ հայտնաբերել է նաև 8 նոր մոլորակաձև միգամածություններ, որոնցից KjPn8-ը (Ղազարյան-Պարսամյան 8) մեծ հետաքրքրություն ներկայացնող եզակի օբյեկտ է: Աստղաֆիզիկական հետազոտությունների երկրորդ փուլը կապված է փոփոխական, առաջին հերթին՝ բռնկվող աստղերի ուսումնասիրությունների հետ:
Պարսամյանն ակտիվորեն մասնակցել է բռնկվող աստղերի դիտումներին՝ հայտնաբերելով ավելի քան 100 բռնկվող աստղ և 200-ից ավելի բռնկում Բազումքի, Օրիոնի և NGG 7023-ի բռնկվող աստղերի համակարգերում: Օգտագործելով առկա տվյալները՝ Է.Պարսամյանը մի շարք կարևոր արդյունքներ է ստացել: Կարելի է առանձնացնել բռնկվող աստղերի տարիքի որոշման՝ նրա կողմից մշակված մեթոդը:
1966թ. ի վեր Էլմա Պարսամյանը բավականին կարևոր աշխատանքներ է կատարել նաև Հայաստանի տարածքում հին աստղագիտական գիտելիքների մակարդակի վերհանման ուղղությամբ: Այդ աշխատանքներից առավել հայտնի են Մեծամորում դիտողական հարթակների հետազոտությունները: Էլմա Պարսամյանի կողմից կատարված հաշվումները թույլ տվեցին հաստատել, որ մ.թ.ա 2800-2600թթ. Մեծամորի բնակիչները դիտել են Սիրիուսը:
Այդ ժամանակ ամառային արևադարձի օրերին Սիրիուսը կարելի էր դիտել լուսաբացին՝ ծագող արևի շողերում: Բացառված չէ, որ տարվա մեջ Սիրիուսի առաջին անգամ երևալը մեծամորցիները եգիպտացիների նման կարող էին կապել տարվա սկզբի հետ: Նա առաջինն էր, ով դեռևս 1984թ.-ից Զորաց քարեր մեգալիթային կառույցի հնարավոր աստղագիտական նշանակության վրա ուշադրություն հրավիրեց և համեմատություն արեց Սթոունհենջ և Քարահունջ անվանումների միջև: