Արտահերթ նիստ` միասնական հայտարարություն ընդունելու համար
Օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել` Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը և դրան հետևած իրադարձությունները քննարկելու նպատակով:
Դրա հաջորդ օրն արդեն, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առիթով ստորագրահավաք է նախաձեռնվել և որոշում է ընդունվել վաղը` սեպտեմբերի 5-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին:
ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի փոխանցմամբ, ԱԺ արտահերթ նիստը կընթանա բաց ռեժիմով, նիստի ընթացքում կներկայացվի միասնական հայտարարություն, որը կարտահայտի խորհրդարանի միասնական դիրքորոշումը` Ադրբեջանի ու Հունգարիայի կողմից կատարված քայլերի վերաբերյալ:
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեցինք պարզել` արդյոք բացի միասնական հայտարարությունը` խմբակցությունները հանդես գալո՞ւ են առանձին նախաձեռնություններով կամ առաջարկություններով:
«Մենք դատապարտել ենք այս երևույթը: Ինձ համար սարսափելի էր, որ նման ոճրագործին ներում է շնորհվել: Սա առիթ է, որ միջազգային հանրությանը ցույց տանք, թե ո՞վ է Ադրբեջանն, ինչպե՞ս կարող է ԼՂՀ-ն հայտնվել նման պետության կազմում: Սա պետք է հիմնաքար լինի, որ փորձենք առաջ տանել հայ-ադրբեջանական առկա խնդիրների լուծման փուլը: Այս իրավիճակը պետք է ի օգուտ մեզ օգտագործել: Նիստի ընթացքում մենք լսելու ենք տարբեր կարծիքներ, ու հնարավոր են փոփոխություններ` գնահատականների առումով»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` հավելելով, որ միջազգային բոլոր կառույցներին Հայաստանը պետք է հարցադրումներ անի ու ստանա պատասխանները:
Օրենսդրական առանձին նախաձեռնությամբ հանդես չի գա նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Ռ. Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշումը որևէ նախաձեռնությամբ չի փոխվի: «ԱԺ-ում կլինի քննարկում, բնականաբար, ելույթներով հանդես կգան նաև ԲՀԿ պատգամավորներն, ու մեր ելույթներում մենք կհնչեցնենք մեր դիրքորոշումը` կապված տոտալիտար Ադրբեջանի, Եվրոպական արժեքները վաճառած Հունգարիայի ու մեր պատկան մարմինների իրականացրած ու դեռ չիրականացրած քայլերի մասին»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Նրա խոսքով, Հայաստանը նաև եվրոպական հարթակներից շատ կարևոր ուղերձ պետք է հղի միջազգային հանրությանը, այն է` ապացուցել, որ էթնիկ հողում կատարված սպանությունն Ադրբեջանում հերոսություն է համարվում:
«Որևէ ֆորմատով, որևէ ժամանակ ԼՂՀ-ն չի կարող նման պետության կազմում հանդես գալ, որտեղ էթնիկ հողի վրա կատարված սպանությունը հերոսություն է: Ես իմ կողմից անպայման բարձրացնելու եմ այս հարցը ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ: ԲՀԿ բոլոր պատգամավորները, ովքեր ներկայացված են միջազգային հարթակներում, ևս կբարձրացնեն այս հարցը: Միջազգային հանրության համար Ադրբեջանի կերպարը միանգամայն պարզ է: Չնայած, որ անընդհատ խոսվում է Ադրբեջանում մարդու իրավունքների իսպառ բացակայության մասին, եվրոպական պետությունը մեծ սիրով կաշառվում է նրանց նավթադոլարներով»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը` ավելացնելով, որ ՀՀ ԱԳՆ-ն, դիվանագիտական կորպուսների որոշ ներկայացուցիչներ այս հարցում թերացել են:
«Որոշ դեսպաններ շատ կարևոր երկրներում սխալ են պատկերացնում երկրի արտաքին քաղաքական գերակա խնդիրները, որոնք պետք է լուծվեն տվյալ երկրում: Նրանց համար արտաքին քաղաքական գերակա խնդիրը երկու հարցում է ամփոփվում` ապրիլի 24-ին լալահառաչ տեսքով կանգնել Ցեղասպանության որևէ կոթողի կողքին ու սեպտեմբերի 21-ին դեսպանատանը ֆուրշետ կազմակերպել»,- եզրափակեց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, ապա բացառված չէ, որ ԱԺ արտահերթ նիստում այն հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ: Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իրենք խնդրի լուծման առաջարկներ հաստատ կունենան, իսկ թե ինչպիսի՞ն կլինեն դրանք, դեռևս քննարկվում են: Ս. Սաֆարյանի խոսքով, իրադարձությունների նման ընթացքը ղարաբաղյան բանակցություններին որևէ լավ բան չի խոստանում:
Բայց դողալ, ըստ էության, գոյություն չունեցող այդ բանակցությունների վրա, ըստ նրա` պետք չէ: «Ժառանգության» ներկայացուցիչն ավելի կարևոր է համարում Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերի լուծումը: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է պահանջի Ռամիլ Սաֆարովին վերադարձնել հունգարական բանտ: Սաֆարովին հունգարական բանտ վերահանձնելը հնարավոր է: Ավելի դժվար էր նրան մեկ օրվա ընթացքում գաղտագողի տեղափոխելը, ներում շնորհելը, քան հունգարական բանտ հետ պահանջելը»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Անդրադառնալով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի այն տեսակետին, թե Հայաստանը պետք է վերանայի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քաղաքականությունը, Ս. Սաֆարյանն ասաց, որ օտարերկրյա դիվանագետների հետ արտակարգ խորհրդակցության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած տեսակետները հենց դրան են տանում: «Եվրոպական արժեքների վերաբերյալ ես որևէ կասկած չունեմ: Այն կուսակցությունը, որը ես եմ ներկայացնում, հանդիսանում է Հայաստանի` Եվրամիության անդամակցության ջատագով: Տվյալ պարագայում, կա խնդիր` եվրոպական պրակտիկ քաղաքականության ու ստեղծված լռության հետ կապված, որը պետք է լուծում ստանա»,- նշեց Ս. Սաֆարյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալն այդքան հեշտ չէ: Ինչ վերաբերում է հարցի լուծման իրենց առաջարկներին, ապա, ըստ Լ. Սարգսյանի, ՀԱԿ-ում, անշուշտ, լուծման տարբերակները քննարկվել են ու կներկայացվեն նիստի ընթացքում միայն:
Սակայն նա չմանրամասնեց, թե որոնք են այդ տարբերակները: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն ասաց, որ ԱԺ հայտարարությունը կընդունվի բոլոր կուսակցությունների համաձայնությամբ միայն. «Դեռ աշխատանքային պրոցեսն ընթանում է: Վաղը (օգոստոսի 4-ին.- Տ.Մ.) կկայանա քննարկում, ու ամեն կուսակցությունից մեկ ներկայացուցիչ` կհամաձայնեցնեն ներկայացված առաջարկները»,- ասաց նա: