Արմեն Սարգսյանը Ղազախստանի անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թիմուր Ուրազաևին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարօրություն ու բարգավաճում: «Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով»,-նշել է նախագահը:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ուրազաևն անդրադարձել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է նվիրել վերջերս դեսպանատան աջակցությամբ հայերենով հրատարակված «Ղազախական գրականության անթոլոգիան»՝ նշելով, որ այն հայ ընթերցողին է ներկայացնում ղազախական գրականության լավագույն նմուշները: