«Եթե Ադրբեջանը որոշի Նախիջևանն օգտագործել ՀՀ-ի դեմ, այստեղ ստիպված են լինելու խաղի մեջ մտնել Ռուսաստանը և Թուրքիան». Ադիբեկյան
Նախիջևանն Ադրբեջանի համար միշտ դիտարկվել է՝ որպես պահուստային տարբերակ, այսինքն՝ եթե շատ վատ լինի, ապա նրանք կարող են այդ խաղաքարտն օգտագործել: Այս մասին հրավիրված ասուլիսին՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանով են իրատեսական Նախիջևանի հատվածում լայնամասշտաբ պատերազմի կանխատեսումները, ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
«Բայց շատ վատ պետք է լինի վիճակը, որովհետև Նախիջևանը գտնվում է ուրիշ պայմանագրի տակ: Դա փաստացի Ադրբեջանի տարածքը չէ, այլ ՌԴ-ի և Թուրքիայի համատեղ տարածքը, որոնք պայմանավորվել են այն դնել, այսպես ասած, Ադրբեջանի՝ «կուրացիայի» տակ: Դրա համար, եթե Ադրբեջանը որոշի Նախիջևանն օգտագործել ՀՀ-ի դեմ, այստեղ ստիպված են լինելու խաղի մեջ մտնել Ռուսաստանը և Թուրքիան, ինչը կարող է բերել շատ ավելի լուրջ հետևանքների ամբողջ տարածաշրջանի համար, քան լոկալ պատերազմը, որը նույնպես աղետալի հետևանքների կբերի: Ըստ այդմ՝ Նախիջևանի մասնակցությունը ռազմական գործողություններում պետք է դիտարկել ամենածայրահեղ դեպքում, երբ հայկական զորքերը Բաքվի մոտ կանգնած կլինեն: Ես այդպես եմ կարծում»,- ընդգծեց Ադիբեկյանը:
Ինչ վերաբերում է սահմանային համեմատաբար խաղաղ վիճակին՝ ադրբեջանագետը շեշտեց, որ Ադրբեջանը, ինչպես նաև՝ Հայաստանը, զինադադարի պահպանմամբ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը:
«Հայաստանը նստած չի վայելում այս անդորրը, մենք էլ ենք որոշակի գործողություններ կատարում՝ ամրապնդելու մեր դիրքերը: Այս անդորրն անհրաժեշտ է երկուստեք»,- հավելեց Ա. Ադիբեկյանը:
Այս համատեքստում նա նշեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Ադրբեջանում մտածեցին, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Ղարաբաղից չէ, չի անցել պատերազմով, ավելի ժողովրդավար է, ուստի հնարավոր է նրան որոշակի զիջումների տանել, դրա համար որոշեցին որոշակի քայլ անել՝ հանգստացնելու համար հայկական կողմին, թե՝ տեսեք, մենք պատրաստակամ ենք և կարող ենք զինադադար պահպանել: Թեպետ, ըստ նրա՝ խախտումներ շարունակում են լինել, զինվորներ էլ են հայկական կողմից զոհվել:
«Այս ընթացքում անգամ զինվոր են առևանգել, եկեք չմոռանանք: Գուցե մի քիչ թեթևացել է իրավիճակը, բայց միևնույն է՝ շարունակում է մնալ լարված»,- եզրափակեց Ադիբեկյանը: