Բաժիններ՝

Լիոնում բացվել է «Լույսի տոնը»

Ֆրանսիայի հարավ-արեւելքի Լիոն քաղաքում դեկտեմբերի 5-ին 20-րդ անգամ բացվել է փողոցային լուսազարդման՝ Եվրոպայում խոշորագույն փառատոնը։ Ինչպես ՏԱՍՍ-ին պատմել է Լիոնի քաղաքագլուխ Ժերար Կոլոնը, այս տարի 35 հարթակներում տեղակայված են 65 լուսային ինստալյացիաներ: Տաճարների, թանգարանների, թատրոնների եւ պետական հիմնարկությունների շենքերի ճակատներին լուսաերաժշտական շոուները նվիրված են կլիմայական փոփոխությունների հարցերին եւ բնական պաշարների օգտագործմանը, միգրացիոն խնդիրներին, քաղաքների արդյունաբերական զարգացմանը:

«Անցյալ տարի չորս օրում մեր տոնին այցելեց շուրջ 1,8 միլիոն մարդ: Այժմ էլ ավելի մեծ թվով հյուրերի հույս ունենք՝ չնայած դեկտեմբերի 5-ին ամբողջ երկրում սկսված գործադուլին»,- ասել է քաղաքապետը: Փառատոնին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ արվեստագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից:

«Լույսի տոնի» տնօրեն Ժան Ֆրանսուա Զյուրավիկը նշել է, որ «Լիոնում փառատոնն իր գոյության տարիներին դարձել է ոչ միայն Ֆրանսիայի գլխավոր իրադարձություններից մեկն, այլեւ ձեռք է բերել փողոցային լուսազարդման առաջատարի եւ նման միջոցառումների ոգեշնչողի կարգավիճակն ամբողջ աշխարհում»: Այս տարի Լիոնում «Լույսի տոնը» կավարտվի դեկտեմբերի 8-ին:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս