Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»
Փարիզի «Մոնդ» թերթը նշում է բողոքի ցույցերի մասնակիցների շատ բարձր ակտիվությունն ամբողջ երկրում, ընդհուպ մինչեւ ոչ մեծ քաղաքները, որոնք Ֆրանսիայում տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին համազգային գործադուլի շրջանակներում: Ավելի քան 800 հազար մարդ է մասնակցել կենսաթոշակային բերենորոգման դեմ ցույցերին Ֆրանսիայի 100-ից ավելի քաղաքներում։
«Դա շատ ուժեղ մոբիլիզացում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում»,- մեջբերում է անում հրատարակությունը Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեզի խոսքից:
Ֆրանսիայի մյուս խոշոր արհմիութենական միավորման՝ «Ֆորս ուվրիեր»-ի առաջնորդ Իվ Վեյրիեի կարծիքով՝ այս ակտիվությունը «բացառիկ թափ է առել, ինչը չի եղել 2010 եւ 1995 թվականներից ի վեր»:
«Մոնդը» բերում է երկրի մի շարք քաղաքներում բողոքավոր ֆրանսիացիների քանակի՝ իշխանության պաշտոնական գնահատումների օրինակներ: Շուրջ 65 հազարը դուրս է եկել Փարիզի փողոցներ, 33 հազարն ակցիաներին մասնակցել է Թուլուզում, 25 հազարը՝ Մարսելում, 20 հազարը՝ Բորդոյում, 19 հազարը՝ Նանտում, 15 հազարը՝ Կլերմոն Ֆերանում, 12-ից մինչեւ 13 հազարը՝ Լիլ, Ռուան, Գրենոբլ քաղաքներում:
Արդյունքում դեկտեմբերի 5-ին տնտեսության ամբողջ հատվածներ եւ վարչակազմի տարբեր մակարդակներ աշխատել են խիստ արգելակված ռեժիմով, տրանսպորտում երթեւեկությունը լրջորեն խախտվել է, հաղորդել է «Ինտերֆաքսը»: