«Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել է 12 օր, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն: Իսկ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ:
Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Դրսից 1 ընկերություն, որ դիմել է, հիմա փաստաթղթերի հետ կապված հարցերն ենք կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետեւ մեծ ծավալի գումարի մասին է խոսքը. գնահատված արժեքի 5 տոկոսի չափի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: