«Ադրբեջանը երկրի ղեկավարի մակարդակով ասում է՝ գալու են Երևանում չայ խմեն, իսկ մենք մեզ աղավնու տեղ ենք դրել». Արկադի Կարապետյան
168.am-ը զրուցել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի (Ագո) հետ:
– Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշման արտահոսք թույլ տվեց: ՀՀ-ում որոշ գործիչների շրջանում սա մտահոգության տեղիք տվեց՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԱԳՆ-ն անմիջապես չարձագանքեց: Այդ մտահոգությունները հիմքեր ունե՞ն, արդյոք պե՞տք է, որ հայկական կողմը կոշտացնի իր դիրքորոշումը:
– Ես զարմանում եմ մեր լրագրողների գնալու, իրենց լրագրողների գալու վրա: Գիտեք, այս խաղերն անիմաստ բաներ են: Բայց միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ դիվանագետ են, պետք է արդարացնեն, որ աշխատում են: Թող գնան, պտտվեն գան, բայց բաներ կան, որ մեր ազգի թասիբին կպնում են, իսկ անթասիբ մարդը երկիր պահող չի: Մի պետություն, որը մեր սպային կացնով սպանողին հերոսացնում է, մինչև հիմա էլ այդպես է, կամ հայատյաց հայտարարություններ է անում, թե զենքով վերցնելու են, հայերին կոտորելու են, այն շիզոֆրենիան, որ կա, ինչի՞ց ենք խոսում: Լավ, հասկացանք, որ քաղաքականություն է, դիվանագիտություն է, բայց ոչ այդքան, ռուսի ասած՝ это уже перебор:
Ինչ վերաբերում է մեր դիրքորոշման կոշտացմանը, ապա շուտվանից պիտի կոշտացնեինք: ՀԱՊԿ նիստին վարչապետն ինչ-որ կոշտ բաներ ասաց, նման բաներ շուտ պիտի լիներ այդ հարաբերություններում (հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները էսկալացիա թույլ չտալու համար»:- Մ.Պ.): Ժողովրդական լեզվով ասած՝ մենք մեզ հարիֆի տեղ չպետք է դնենք, այդպես չպետք է ապրենք: Եթե դու քո թասիբին չես կարողանում կանգնել, քեզ հետ ուրիշ ձև են խոսում: Այս կանոններն աշխատում են՝ ինչ երկիր էլ լինի՝ Անգլիա, Հայաստան թե Ադրբեջան: Եթե անգամ դեմքիդ ժպտան, ուրիշ բան են մտածում:
– Պատերազմի վերսկսման հավանականություն կա՞:
– Պատերազմի վերսկսման հավանականությունը մեզանից չի կախված, ոչ էլ մեր քաղաքականությունից: Այսինքն՝ ուժեղանանք էլ՝ պատերազմ է լինելու, թուլանանք էլ՝ պատերազմ է լինելու: Եթե անգամ թուրքերին ասենք՝ «ձեր գերին ենք», իրենք, միևնույն է՝ մեզ կոտորելու են, իսկ եթե ուժեղացանք, մեզ կռվացնողը կռվացնելու է՝ երրորդ երկրները:
– Վերջերս նորից ակտիվացել են կանխատեսումները Նախիջևանի հատվածում լարվածության սրման վերաբերյալ: Ադրբեջանն էլ իր հերթին՝ սկսել է հաճախ հիշել Զանգեզուրը:
– Դե, իրենք ասում են՝ գնալու ենք Երևանում քեֆ անենք, չայ խմենք: Եվ սա ասվում է երկրի ղեկավարի մակարդակով, իսկ նա պատասխանատու է երկրի քաղաքականության, պետության համար: Իսկ մենք մեզ աղավնու տեղ ենք դրել, չգիտեմ՝ ինչ ենք ուզում աշխարհին ապացուցել:
– Խաղաղություն ենք քարոզում, խաղաղություն ենք ուզում:
– Էլի քարոզենք, բայց Սովետի ժամանակ մեզ մոտ մի լավ խոսք կար՝ թուրքի հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցի: Հիմա խաղաղությունը հասկացանք, բայց եթե ինքը խաղաղություն չի ուզում, ես ո՞նց ուզեմ: Ես անընդհատ խաղաղություն ուզեմ, ինքը չուզի՞: Կա՛մ պիտի ամբողջ ազգով սուրբ լինենք, որ մեր հարցերն Աստված լուծի, կա՛մ պիտի գետնի վրա ամուր կանգնենք մեր ոտքերի վրա և լավ հասկանանք՝ ինչ է այս աշխարհը: Իսկ այդ աշխարհն այդքան էլ խաղաղ չի: Եվրոպան է իր ներսում գնում պատերազմի, մենք ի՞նչ ենք այստեղ քարոզում: Կրկնում եմ՝ թասիբի խնդիր կա, մենք մեզ պիտի հարգենք: Եթե մենք մեզ չհարգենք, ոչ ոք մեզ չի հարգելու: Մենք մեզ չպետք է խաբենք, չեմ ասում՝ գնանք, իրենց կոտորենք, ես էլ եմ խաղաղություն ուզում, ես հիվանդ չեմ, որ որպես պատերազմ տեսած մարդ՝ խաղաղություն չուզենամ: Ես գիտեմ, թե ինչ է պատերազմը, խաղաղություն շատ եմ ուզում, բայց ես նաև գիտեմ, թե ով են իրենք՝ դիմացինս:
– Մենք (Աննա Հակոբյանը) հրավիրում ենք Մեհրիբան Ալիևային Արցախում թեյ խմելու և մուղամ լսելու խաղաղ պայմաններում: Արցախում պատրաս՞տ են ընդունել նրան հյուրի կարգավիճակում:
– Ես պատրաստ չեմ: Ավելի ճիշտ՝ եթե ինքը գալու է՝ ոչ որպես Ադրբեջանի նախագահի կին, կամ երկրի փոխնախագահ, այլ կգա այնպես, որ ոչ մեկը չի իմանա, սուսուփուս կգա ու կգնա, թող գա մեր տուն, չայ խմի՝ որպես անձ, ու գնա, ես իր անվտանգությունը կապահովեմ (ծիծաղում է:- Մ.Պ.): Իսկ եթե ավելի լուրջ՝ մինչև իրենք առնվազն Սաֆարովին հետ չհանձնեն Բուդապեշտ, որ իր պատիժը կրի, ես պատրաստ չեմ շախով-շուխով թուրք ընդունել Ղարաբաղում: Կառավարությունը կարող է անի, բայց ես չեմ ընդունի:
– Իսկ եթե Մեհրիբան Ալիևան գաղտնի գա Ձեր տուն թեյ խմելու, մուղա՞մ եք միացնելու:
– Մինչև 1988 թիվն էնքան մուղամ ենք լսել, զահլես գնացել է: Թող ինքը գա՝ մի քիչ էլ Կոմիտաս լսի: Իրենք իրենց մուղամով մեզ շատ են «կերակրել», հերի՛ք է: Ի դեպ, իմ պապուս գերեզմանն Ադրբեջանում վարել-ցանել են, թող Մեհրիբան Ալիևան «գտնի պապուս և հանի ու բերի»:
Հ.Գ. Արկադի Կարապետյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել նախքան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթը և դրա հրապարակումը: