«Հանդիպման մի կողմի մասնակիցներին հաջողվեց նախարարին հունից հանել». ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն՝ դասախոսների և ԿԳՄՍ նախարարի հանդիպման մասին

Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների և ուսանողների հանդիպումը ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ: Նշված ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ էին անում՝ պահանջելով  «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում վերականգնել  Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաների դասավանդման պարտադիր բաղադրիչը ոչ մասնագիտական ֆաուլտետների համար, ուսանողներին իրենց համերաշխությունը հայտնելու համար 1 օրով գործադուլի դուրս եկան նաև այդ ֆակուլտետների դասախոսները:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը հարցուպատասխանի ժամանակ մտավախություն հայտնեց, որ շատ ֆակուլտետների դեկաններ կնախընտրեն Հայոց լեզվի, գրականության, Հայոց պատմության դասաժամերը տրամադրել իրենց դասախոսներին, ինչի պատճառով կտուժի հայագիտությունը: ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանն ասաց.

«Համոզված եմ, որ ԵՊՀ կրթական ծրագրերի մեծամասնությունը, գրեթե բոլորը կնախընտրեն այս առարկաներն ունենալ, բայց համոզված եմ նաև, որ ոչ այն ձևաչափով, ինչը կա հիմա: Ես կառաջարկեի Հայոց լեզուն 2-ի փոխարեն՝ մեկ կիսամյակ անցնել 4 ժամով: Իսկ Հայոց պատմությունը ես կտանեի 3-4-րդ կուրս, քանի որ այն հասկանալու համար մի փոքր ավելի մեծ կենսափորձ է պետք»:

Նոյեմների 18-ին վերոհիշյալ ֆակուլտետների դասախոսները հանդիպել էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարի վերաբերմունքը դասախոսների հանդեպ ուսանողներն արհամարհական էին որակել: «Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գյուլումյանը ռեկտորի ժ/պ-ին հարցրեց՝ պե՞տք էր իրենց դասախոսների հետ այդ կերպ խոսել:

«Հանդիպումից հետո կա մի մասի դժգոհությունը, ես համոզված եմ՝ կա բոլորի դժգոհությունը, նաև նախարարի դժգոհությունը, չնայած չեմ հանդիպել, բայց նա էլ դժգոհություն պետք է ունենար: Արդեն 2 շաբաթ է, ինձ ասում եք՝ գնահատական տուր: Անկեղծ ասած, պատառիկներով եմ նայել այդ քննարկումը, և հանդիպման մի կողմի մասնակիցներին հաջողվեց նախարարին հունից հանել, անհաջող հանդիպում էր երկուստեք»,- կարծիք հայտնեց Գեղամ Գևորգյանը:

Դասադուլի օրերին մամուլում լուրեր էին տարածվել, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր «նեղ շրջապատում» ասել էր, որ դասադուլին մասնակցած ուսանողները կմնան նույն կուրսում: Չնայած ի սկզբանե այս լուրին ուսանողները չէին հավատացել, բայց որոշեցին հավաստիացումներ ստանալ նաև ռեկտորի ժ/պ-ից: Ուսանողներին անհանգստացրել էր հատկապես այն փաստը, որ, երբ իրենք նստադուլ էին անում Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի առաջ, նա իրենց ասել էր, որ իրենց արածը ոչ թե դասադուլ է, այլ ուղղակի դասի չգնալ:

«Ես նման խոսակցության  ներկա չեմ եղել, հետևաբար՝ դա մեկնաբանել չեմ կարող: Ինչ վերաբերում է իմ քայլերին, ես առաջին օրը ձեզ հետ հանդիպել եմ և ասել եմ, որ ազատ եք ձեր գործողությունների մեջ, ասել եմ՝ շենքում անկարգություններ չանեք: Եթե ես հիմա ասեմ՝ ոչ, դուրս չեն մնա, կնշանակի, որ դասադուլին մասնակցած ուսանողները դուրս չեն մնա համալսարանից: Ես ձեր դեկանին ասել եմ՝ գնահատել ըստ գիտելիքների, կպատասխանեք՝ կստանաք, չեք պատասխանի՝ չեք ստանա, դուք երաշխիք եք ուզում, որ չպատասխանեք էլ՝ կստանա՞ք: Դասադուլին մասնակցելու պատճառով որևէ մեկը չի տուժի, բայց անպատրաստ ներկայանալու դեպքում կստանաք անբավարար»:

Ռեկտորի ժ/պ-ն դասադուլի մասնակից ուսանողներին խոստացավ, որ նոյեմբերի 6-ից մինչև դասադուլի ավարտն իրենց բացակաները չեն հաշվի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս