«Նման բան նախարարից չեմ հավատում, նման բան առաջին հերթին Կառավարությունը թույլ չի տա». Գևորգ Գյուլումյան

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները 3 օրով դադարեցնում են դասադուլը: Նրանք այսօր իրենց մասնաշենքից երթով գնացին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին և Գիտական խորհրդին հանձնելու համար իրենց նամակները: Ուսանողների նամակում մասնավորապես ասվում է, որ  ակնկալում են ռեկտորի ժ/պ-ի աջակցությունը՝ կրթության ոլորտում առաջացած թնջուկը լուծելու համար, և հրավիրում են ԿԳՄՍ նախարարին ուսանողների հետ քննարկման հենց համալսարանում:

«Մենք չեն պատրաստվում գնալ ԿԳՄՍ նախարարություն: Մենք չենք ուզում ուսանողների մի փոքր խմբով գնալ նրա հետ հանդիպման, քննարկումը պետք է լինի բաց, և բոլորը պետք է հնարավորություն ունենան հարցեր ուղղել ոլորտի պատասխանատուին: Նախարարին հարցեր ունեն ոչ միայն դասադուլի կազմակերպիչները կամ այն 1000 հոգին, ովքեր ստորագրել են, որ դեմ են հայագիտական առարկաները բուհական ծրագրում ոչ պարտադիր դարձնելուն»,- ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը:

Թե ի՞նչ է սպասվում երեք օր հետո, եթե իրենց պայմանները չբավարարվեն, ուսանողներն առայժմ չեն մանրամասնում:

Այյսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Արայիկ Հարությունյանը «նեղ» շրջանակներում ասել է, որ դասադուլի մասնակիցները կմնան նույն կուրսում, չաշխատած դասախոսներն էլ աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, որքան աշխատել են:

«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման (այսպես են կոչել ուսանողներն իրենց շարժումը) նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գյուլումյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց որոշումը պայմանավորվա՞ծ է այս տեղեկություններով:

«Այդ մասին այսօր առավոտյան եմ կարդացել: Ճիշտ է, այս օրերին բավականին կոշտ և բացասական հայտարարություններ են եղել մեր կողմից նախարարի հասցեին, բայց պետք է ազնիվ լինեմ ու ասեմ, որ նման բան նախարարից չեմ հավատում, նման բան առաջին հերթին՝ Կառավարությունը թույլ չի տա: Մենք հեծանիվ չենք հայտնագործել, դասադուլը բողոքի արտահայտման ձև է, ուստի չեմ կարծում, որ նախարարը նման բան կանի, դրա իրավունքն էլ չունի»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:

«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խումբը պատրաստվում է հանդիպել տարբեր բուհերի Գիտխորհրդի կազմերի, ռեկտորների, տարբեր կրթահամալիրների ղեկավարների հետ, հասկանալ նաև նրանց դիրքորոշումները: Գևորգ Գյուլումյանը վստահ է՝ ԿԳՄՍՆ-ն չի կարող հաշվի չառնել  10-20 կրթահամալիրի կոչերը:

«Նախարարն ասում է՝ սա հետադեմների և առաջադեմների պայքար է, այո, այդպես է, ազգայինը միշտ առաջադեմ է, միշտ արդիական է, միշտ շարժի մեջ է: Մենք առաջադեմ ենք և պայքարում ենք հետադիմության դեմ»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:

«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամն ասաց, որ այսօր դասադուլի են դուրս եկել Հյուսիսային համալսարանի ուսանողները, նրանք երթով գնացել են ԿԳՄՍՆ շենքի մոտ: Գևորգ Գյուլումյանը վստահեցրեց՝ այլ համալսարանների ուսանողներ ևս դուրս են գալու:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս