«Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են խուսափել փակուղուց»․ վերլուծաբան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար ծրագրերի արդյունավետությունը կողմերը կզգան միայն որոշ ժամանակ անց»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և դրա շրջանակում ժողովրդական դիվանագիտության զարգացմանն ուղղված քայլերին։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչները նոյեմբերի 17-21-ն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին:

«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,- հայտնել է նա: Նշենք նաև, որ դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցին ԵԱՀԿ ՄԽ  հովանու ներքո։

Օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ առաջիկա հանդիպումը ցույց կտա, թե արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է բովանդակային բանակցությունների, թե՞ ոչ, քանի որ, նրա խոսքով՝ բանակցային սեղանին կան փաստաթղթեր, ինչը հայկական կողմը հերքել էր։ Նախօրեին էլ   ՌԳ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ապահովի բոլոր տեղահանվածների, փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի և հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և նրանց համատեղ բնակությունը, ինչպես դա եղել է հակամարտությունից առաջ:

Ըստ Զախարովայի՝ դրա մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները: Զախարովան պատասխանել է նաև այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանցի տեղահանվածների մասնակցությունը՝ ղարաբաղաբնակ հայերի հետ միասին: Դիվանագետը նշել է, որ բանակցային ձևաչափի հարցը պետք է ուղղված լինի, առաջին հերթին՝ այն կողմերին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը:

«Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով, և եթե երկու պետությունների միջև համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենք մեր կողմից կաջակցենք այդ համաձայնագրերին»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Սյուզան Ստյուարտն ասաց, որ ժողովրդական դիվանագիտությունը լավ է, երբ դա իսկապես հաջողվում է դնել շարունակական հունի վրա։ Ըստ նրա՝ մեկ նմանատիպ այցի կազմակերպումը կարելի է որակել՝ որպես առաջընթաց կողմերի միջև պայմանավորվածություն հաջողելու տեսանկյունից, սակայն սրա արդյունքները կողմերը կզգան միայն այն պարագայում, երբ սա իսկապես անընդհատ տեղի ունեցող գործընթաց լինի։ Փորձագետի որակմամբ՝ այս այցին երկու երկրներում արձագանքները թույլ կտան ասել, թե որքանով են հասարակությունները պատրաստ նմանատիպ գործընթացների, թե ոչ, քանի որ նախկին շրջանը կողմերի միջև նմանատիպ շփումները բացառել է, կասկածները կողմերում շատ են միմյանց մտադրությունների հարցում, և չի բացառվում նաև, որ սկզբնական շրջանում այս ամենը միանշանակ չընկալվի։

«Բայց նման հակամարտությունների դեպքում շատ ավելի կարևոր են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում բարձրաստիճան մակարդակներում, ավելի կարևոր են այն խոսակցությունները, որոնք վարում են նախարարները, երկրների ղեկավարները։ Այնուամենայնիվ, այս ծրագրերը ցույց են տալիս, որ պատերազմական գործողությունների ցանկություն հակամարտող երկրներից ոչ մեկը չունի, թեև վերջերս եղել են նաև ռազմատենչ հայտարարություններ։ Սակայն ապրիլյան ռազմագործողությունները կողմերին ցույց են տվել, որ այս ուղին լուծում չէ, ավելին, ներկայումս Հարավային Կովկասի շուրջ առկա իրավիճակը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, բավականին անկայուն է, և կարծում եմ՝ դա զգոնություն է հաղորդում՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին։ Մերձավոր Արևելքում այսօր գլխավոր դերակատարներն են Թուրքիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, որոնք բոլորն էլ ինչ-որ կերպ ունեն առնչություն ԼՂ հակամարտության գործընթացին, ԱՄՆ-ը ու ՌԴ-ն՝ որպես համանախագահներ, իսկ Թուրքիան՝ որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր և աջակից։

Մենք  ականատեսն ենք, որ այս երկրները փորձում են խուսափել արյունալի զարգացումներից Մերձավոր Արևելքում, առավել ևս սուր զարգացումներ ԼՂ հակամարտության շուրջ որևէ մեկին ձեռնտու չէ, և դա որևէ երկիր չի ողջունելու ու աջակցելու։ Բայց շփման գծում լարվածությունը թեթևացնելու համար հարկավոր է նման ծրագրեր իրականացնել, որպեսզի բանակցային դժվարությունները կողմերի միջև իրավիճակը փակուղի չմտցնեն, քանի որ փակուղին կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Սրանից կողմերը խուսափում են, Երևանը փորձում է այս ամենում իր օրակարգն առաջ մղել, իսկ Ադրբեջանը՝ իր, խոսելով առաջարկների մասին։ Մենք չենք կարող ասել՝ կա՞ն արդյոք փաստաթղթեր, թե՞ ոչ, բայց եթե ոչ՝ բոլոր կողմերն են  դա հաստատում, նշանակում է, որ դա բոլոր կողմերի համար ընդունելի և հաստատված օրակարգ չէ»,- ասաց վերլուծաբանը։

 

Տեսանյութեր

Լրահոս