Հայաստան. «Եվրոպական» շղարշի հետևում իրական ինտեգրումն է թյուրքական աշխարհին

Մայիսի առաջին օրերին Երևանում տեղի ունեցան մի շարք բարձր մակարդակի միջոցառումներ, որոնք կարելի է դիտարկել՝ որպես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսի հետագա էվոլյուցիայի կարևոր ցուցիչ: Երևան էին ժամանել ԵՄ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, «արտաքին գործերի նախարար» Կայա Կալասը, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ուկրաինան, Բրիտանիան, Վրաստանը, Մոլդովան, Կանադան: Համաժողովին լրացուցիչ քաղաքական կշիռ էր տալիս ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի ղեկավարների ներկայությունը։

Բնութագրական «ժամանակի ոգու դրսևորում» էր Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հագեցած օրակարգը, ինչպես նաև տեսակապի միջոցով Ալիևի ընդգրկումը, ով աջակցել է Երևանում համաժողովի անցկացմանը և ազդարարեց 2028 թվականին Բաքվում նմանատիպ միջոցառման անցկացումը։

Մայիսի 4-ին «Եվրոպական քաղաքական հանրության» գագաթնաժողովը, դրան հաջորդած Հայաստան-ԵՄ համաժողովը և ՀՀ ներկայիս վարչապետի առանձին բանակցությունները Լոնդոնից, Անկարայից և Փարիզից բարձրաստիճան հյուրերի հետ, տեսանելիորեն ցուցադրեցին պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական կուրսի «դիվերսիֆիկացիան»։ Մարտի 5-ին աշխատանքը սկսեց «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որի բացմանը ելույթ են ունեցել ինքը՝ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպայի խորհրդի ղեկավար Ալեն Բերսեն:

Բոլոր միջոցառումների առանցքային առանձնահատկությունն այն էր, որ Հայաստանի ղեկավարությունը ձգտում էր ամրագրել Եվրոպական միության հետ քաղաքական և ինստիտուցիոնալ մերձեցման կուրսը, թեկուզ մեծ մասամբ խոսքով և խոստումների տեսքով, որոնք դեռ պետք է իրականացվեն:

Այսպես, «Հայաստան-ԵՄ» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում վերահաստատվում է Բրյուսելի հանձնառությունը՝ ամրապնդելու Երևանի հետ հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, կայունությանը և բարեփոխումների համապարփակ ծրագրին։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի տնօրեն Ադրիեն Կիրալին ստորագրել են գործընկերության մեկնարկի մասին համաձայնագիր, որը կոչված է խթանելու Եվրոպական բիզնեսի հետաքրքրությունը հայկական տնտեսության մեջ ներդրումների նկատմամբ:

Եվս մեկ տպավորիչ քայլ էր Հայաստանի ներքին գործերի նախարարության և սահմանային, և առափնյա պահպանության եվրոպական գործակալության (Ֆրոնտեքս) միջև համագործակցության մասին աշխատանքային համաձայնագրի նախաստորագրումը: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանը «հիբրիդային սպառնալիքներից» պաշտպանելու մասին մանտրաները չեն անցել, ինչի համար մի քանի տասնյակ փորձագետներից բաղկացած հատուկ հանձնաժողով են սարքելու։

Իր հերթին՝ Հայաստանի իշխանությունները պարտավորվում են տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնել՝ որոշակի «եվրոպական չափանիշներին» համապատասխանելու համար։ Իրականում խոսքը տարատեսակ մանիպուլյացիաների, քաղտեխնոլոգիաների և քարոզչության միջոցով հայկական գործող իշխանության պահպանման ու վերարտադրության մասին է՝ եվրոպացի կուրատորների խիստ հսկողության ներքո։

Գագաթնաժողովի մասնակիցները շատ են խոսել հատուկ ընկալվող «անվտանգության», Ուկրաինայում Զելենսկու ռեժիմին աջակցելու և հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների մասին։ Փեշինյանը հատուկ ընդգծել է Եվրոպայի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով 2022 թվականին Պրահայում «ղարաբաղյան հարցը» վերջնականապես փակած պայմանավորվածությունների մասին։

Ըստ ամենայնի՝ Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ ադրբեջանական պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ համագործակցության, պարենամթերքի մատակարարման և տարածաշրջանային առավել սերտ ինտեգրման այլ հարցեր:

Մասնավորապես, Բաքվի որոշ փորձագետներ չեն բացառում որոշ մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ran Oil-ի միջոցով ռուսական նավթամթերքի մատակարարումների մասնակի փոխարինումն ադրբեջանականով։

Ավելին, Բաքուն հարևաններին առաջարկում է դառնալ Կենտրոնական Ասիայի ապրանքների հիմնական լոգիստիկ կենտրոնը՝ սահմանային հարցերում կառուցողական մոտեցումների դիմաց։ Իհարկե, մնում են նաև բարդ հարցեր, որոնք հետագա քննարկում են պահանջում, ինչպիսիք են անկլավների ճակատագիրը և պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի իրականացումը։

Այս ամենը փոխկապակցված է Փաշինյանի հայտարարությունների հետ, որն առաջարկել է, ոչ ավել, ոչ պակաս, «ստեղծել Ռուսաստանից իսկապես անկախ պետությունների նոր համագործակցություն, ներառյալ՝ նախկին ԽՍՀՄ 14 երկրներ»։ Իրականությունից կտրված նման հայտարարությունները, այնուամենայնիվ, լիովին տեղավորվում են «եվրասիական» ինտեգրացիոն մեխանիզմներից Երևանի հետագա տարանջատման տրամաբանության մեջ, ինչպիսին է ՀԱՊԿ-ը, որին Փաշինյանի կառավարությունը դե ֆակտո սառեցրել է մասնակցությունը, և Եվրասիական տնտեսական միությունը։

Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու կտրուկ քայլերի բացակայությունը մեծապես պայմանավորված է պրագմատիկ նկատառումներով. Հայաստանի տնտեսությունը շարունակում է սերտորեն կապված լինել ռուսական շուկայի, էներգետիկայի և աշխատանքային միգրացիայի հետ։ Հայկական արտադրանքը ԵԱՏՄ շուկաներ է գնում՝ շրջանցելով սակագնային արգելքները, իսկ «կապույտ վառելիքի» մատակարարումներն իրականացվում են դե ֆակտո արտոնյալ գներով, ինչի մասին հերթական անգամ հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ապրիլի 1-ին Կրեմլում ընդունելով Փաշինյանին։

Հասկանալի է՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը, թեկուզև առանց ուղղակի անդամակցության, անխուսափելիորեն լուրջ խնդիրներ կառաջացնի (և արդեն իսկ, ինչպես վկայում են հայկական մամուլում տեղ գտած արտահոսքերը և «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված վերջին պատմությունը) հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում։

Պետք է ենթադրել՝ արևելյան և արևմտյան հարևանների հետ «կամուրջներ կառուցելը» Երևանում դիտարկվում է՝ որպես ինչ-որ ապահովագրական մեխանիզմ ԵԱՏՄ-ում հետագայում մնալու անհնարինության դեպքում։ Սակայն այս դժվարին ճանապարհին հետևելը հղի է տարատեսակ անակնկալներով և ուղղությունների լայն սպեկտրով հայկական կողմից հետագա զիջումների անհրաժեշտությամբ։

Անդրեյ Արեշև
քաղաքագետ

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

infoshos.ru

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031