«Հայաստանի օրվա իշխանությունների փորձերը՝ այսպես կտրուկ նստել 2 աթոռների վրա, չի ստացվելու». Դավիթ Հարությունով
Մայիսի 4-ին Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո, որին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը, ՌԴ-ից հնչող մեղադրական հնչերանգներ ունեցող հայտարարությունները չեն դադարում։
ՌԴ նախագահը նախ հայտարարել էր, որ «Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում», այնուհետև հորդորել էր, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի՝ ԵԱՏՄ-ո՞ւմ է մնալու, թե՞ ուզում է գնալ դեպի ԵՄ։
Գագաթնաժողովից հետո նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանին կանչել էին ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի՝ Երևան այցի հետ կապված դժգոհություններ հայտնել։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի գնահատմամբ՝ եթե նախկինում ռուսական կողմն աչք էր փակում Հայաստանի մանևրելու վրա՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, հիմա շատ կոշտ խնդիր է դրել, որ հայկական կողմը պետք է հստակ որոշում կայացնի։
«Ռուսաստանը հստակ ասում է, որ դա հետևանքներ կունենա ԵԱՏՄ-ում ՀՀ-ի ներկայության վրա, այսինքն՝ խոսքը տնտեսական հատվածին է վերաբերում, սա այն է, ինչ հայ-ռուսական հարաբերություններում փոխվել ու ակնհայտ է դարձել վերջին շաբաթների ընթացքում։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքին, ապա ամեն ինչ կախված է առաջիկա ընտրություններից։ Չնայած այս ամենում ՌԴ-ի կողմից կա մի քիչ էլ նախընտրական պահ՝ ճնշումը պահել Հայաստանի վրա, բայց այդուհանդերձ, հետագա հարաբերությունների ընթացքը կախված է ընտրություններից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունովը։
Ըստ քաղաքագետի՝ այս իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքականության ինչ-որ փոփոխություն կա, և առաջիկա զարգացումները կախված են ընտրությունների արդյունքներից։ Եթե Հայաստանում ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխվեց, ռուսական կողմը որոշ ժամանակ կսպասի՝ հասկանալու՝ նոր իշխանություններն ինչ են անելու, եթե չփոխվեց և ՔՊ-ն վերընտրվեց, ապա կստեղծվի իրավիճակ, որտեղ կրկին ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու՝ ինչ-որ միջոցառումնե՞ր են նախատեսվելու, թե՞ ուղղակի ամեն ինչ ահմանափակվելու է հայտարարություններով։
Իսկ գործողությունները կարող են տարբեր կերպ լինել, ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս մղելու, տնտեսական հարաբերությունները խզելու, և այլն։
«Ռուսաստանի և ԵՄ-ի միջև մանևրելը նախկին իշխանությունների ժամանակ էլ է եղել՝ կոմպլեմենտար քաղաքականություն են վարել, բայց հիմա ակնհայտորեն հակառուսական հռետորաբանությունը շատ ակտիվ է։ Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտի ֆոնին հայկական կողմն ինչ-որ քայլեր է անում, իսկ ԵՄ-ին անդամակցելու հարցն այդքան էլ հստակ չէ, գործնական հեռանկար դեռևս չկա, որովհետև ԵՄ-ն նման խնդիր չի դնում»,- հավելեց քաղաքագետը։
Նրա բնորոշմամբ՝ բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է վերանայել հարաբերությունները, բայց դա պետք է արվեր ավելի մեղմ, որպեսզի հնարավոր լիներ հարաբերությունները զարգացնել և՛ Արևմուտքի հետ, և՛ Ռուսաստանի հետ, այլ ոչ թե գնային ծայրահեղ քայլերի։
«Եթե իշխանությունն էլ մեր երկրում փոխվի, չպետք է ակնկալենք, որ Հայաստանը շատ կտրուկ կդառնա ռուսամետ, կարծում եմ՝ մանևրելու քաղաքականությունը կպահպանվի՝ առանց ծայրահեղ տարրերի։ Հայաստանի օրվա իշխանությունների փորձերը՝ նստել 2 աթոռների վրա, այսպես կտրուկ չի ստացվելու»,- ընդգծեց Դավիթ Հարությունովը։



