«Կարևոր է, որ հայ երեխան քրիստոնյա մեծանա». Անահիտ Բախշյան
Մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ դպրոցներում չի դասավանդվի Հայոց եկեղեցու պատմություն առարկան, այն կմատուցվի ինտեգրված կամ էլ այլ բովանդակությամբ ու անվանումով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, որը նաև վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովում նախարարության ներկայացուցիչն է, 168.am-ի հարցին՝ ճի՞շտ է, որ առարկան չի դասավանդվի դպրոցներում, և եթե՝ այո, ապա ո՞ր առարկային կմիացվի, պատասխանել էր.
«Հայոց եկեղեցու պատմություն առարկան պահպանելու որոշման մասին տեղեկությանը չեմ տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել: Հարցը քննարկելիս՝ մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաև քննարկել ենք Հայ ժողովրդի պատմություն առարկայի շահառուների խմբի հետ): Եթե նպատակն այն է, որ մեր սովորողները գիտակցեն և հասկանան հայ եկեղեցու կարևորությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ապա լավագույնս դա հնարավոր է անել Հայոց պատմություն առարկայի շրջանակներում: Եթե նպատակն արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով՝ տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար»:
«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ նկատեց.
«Տեսել եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է իր կարծիքն այն մասին, որ լավ կլինի, որ այդ առարկան Հայոց պատմության մեջ ներառվի: Բայց իմ ձեռքի տակ է պետական չափորոշիչների նախագիծը, որտեղ կարևորվում է ազգային, հոգևոր և նյութական ժառանգության և մշակութային բազմազանության արժևորումը և հանդուրժողականության դրսևորումը, ինչպես նաև հայրենասիրությունը, ազգային, պետական շահի առաջնահերթությունների գիտակցումը և այլն:
Նախագծում կա նաև անդրադարձ կրոնին: Հետևաբար՝ այսօր ես չեմ կարող ասել, այդ առարկան ընդհանրապես հանվո՞ւմ է, թե՞ իսկապես պետք է մտնի Հայոց պատմության ծրագրի մեջ:
Ինձ համար շատ կարևոր է, որ հայ երեխան քրիստոնյա մեծանա: Այդ քրիստոնեական արժեքները պատմության ծրագրո՞վ կձևավորեն արժեքային համակարգ երեխայի մեջ, թե՞ Հայ եկեղեցու պատմության միջոցով, շատ տարբերություն չի լինի, բայց կարևոր է, որ քրիստոնեական արժեքները կրեն մեր երեխաները:
Իսկ ընդհանրապես այդ առարկան հանելու համար պետք է շատ լուրջ օրենքի խախտում լինի. Սահմանադրությամբ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, իսկ դա ի՞նչ է նշանակում: Այն, որ կրթության միջոցով անպայման եկեղեցու դավանաբանությունը, քարոզվող արժեքները պետք է հասնեն մեր երեխաներին:
Եվ երկրորդ, Կրթության մասին ՀՀ օրենքի հոդված 4-րդի 3-րդ կետում ասվում է՝ ՀՀ կրթական մակարդակը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև հայ եկեղեցին: Սա գրված է օրենքում: Հիմա եկեղեցին ինչպե՞ս պետք է իր նպաստը բերի կրթության միջոցով, մեկ ճանապարհ կա՝ ուսումնական պլանով ունենանք այդպիսի առարկա, որը 2004 թվականին ՀՀ վարչապետը և Վեհափառը համապատասխան հռչակագրով ստորագրել են և հաստատել:
Հետևաբար, եթե այդպիսի շեղում թույլ տան, ուրեմն պետք է նախապես այս օրենքների և Սահմանադրության մեջ փոփոխություն անեն, հակառակ դեպքում ինձ համար անհասկանալի և անօրեն կլինի»:
Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, որով չի նախատեսվում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցում, ապա Անահիտ Բախշյանի կարծիքով՝ յուրաքանչյուր բուհ պետք է ունենա իր ուսումնական պլանն ինքնուրույն ձևավորելու լիազորություն:
«Բուհը պետք է որոշի, թե ի՞նչ առարկաներ պետք է անցնեն այդքան տարվա ընթացքում: Հիմա, այս առարկաները՝ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն, ոչ մասնագիտական, օրինակ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայաստանի ազգային ագրարային համալսարաններում կամ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում չի կարելի պարտադրել: Բուհը թող որոշի՝ ունի՞ ուսումնական պլանում այդքան ժամ, որ տրամադրի դրան: Հիմա պարտադրելու նպատակը ո՞րն է, ազգային գիտակցությո՞ւնը: Ազգային գիտակցությունը բժշկին հայերեն սովորեցնե՞լն է, թե՞ լավ մասնագետ՝ բժիշկ, ինժեներ, գյուղատնտես պատրաստելը, որին բակալավրի 4 կամ մագիստրոսի 2 տարին լիարժեք է՝ իր մասնագիտության մեջ խորանալու, ակադեմիական գիտելիքներ, հետազոտական աշխատանքներ, գործնական հմտություններ կատարելու համար, որպեսզի զինված մտնի իր ոլորտ:
Ասում են՝ հայերենը պետք է միշտ սովորել. կներեք, 12 տարի հանրակրթական դպրոցի նպատակը հայերենով գրագետ գրելը, մտքերը ճիշտ ձևակերպելը պետք է լինի: Եթե դա չունի ու գնում է բժիշկ դառնալու, ուրեմն ատեստատ իզուր է ստացել: Ատեստատ տալիս թող այդ կարողությունները շատ լավ ստուգեն: Ասում են՝ դիմում գրել չգիտեն ուսանողները. կներեք, այդպիսի ուսանողներն ի՞նչ գործ ունեն բուհում»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը:
Անի Կարապետյան