«Հայկական հեքիաթներ»-ն առաջին հորիզոնականում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Երկրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Երրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներառող ժողովածուն՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:
Հինգերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:
Դիսնեյի դասական հեքիաթներից «Սառցե սիրտը» վեցերորդ հորիզոնականում է: Արենդելի երջանիկ թագավորությունում հավերժական ձմեռ է տիրել: Կհաջողվի՞ արդյոք արքայադուստր Աննային քրոջը գտնել և Արենդելը փրկել ձմեռվա ճիրաններից:
Դիսնեյի դասական հեքիաթներից «Մոխրոտը» յոթերորդ հորիզոնականում է: Խորթ մայրն ու քույրերը Մոխրոտիկին իրենց աղախինն են դարձրել, բայց նա երազում ու հավատում է, որ երջանիկ կլինի: Մի օր թագավորի սուրհանդակը պարահանդեսի հրավեր է բերում: Հրավերն ինչպե՞ս կփոխի նրա կյանքը: Մոխրոտը կհասնի՞ իր երազին:
«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը ութերորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։
Իններորդ տեղում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը: Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
Տասներորդ տեղում է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» գիրքը: Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն… Թողնելով հայրենի տունը` Արջը հայտնվում է անծանոթ հրաշալի մի վայրում, որտեղ օդը լի է երաժշտության գեղեցիկ հնչյուններով, իսկ փառքն ու հարստությունը պատրաստ սպասում են նրան: Քաղաքը հենց այնպիսին էր, ինչպիսին Արջը պատկերացնում էր: Բայց սրտի խորքում ինչ–որ բան հանգիստ չէր տալիս նրան…
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը