ՏՄՊՊՀ-ի նախագահը կվարձատրվի ավելի շատ, քան ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի (ՏՊՊՊՀ)  նախագահ Գեղամ Գևորգյանը չի համակերպվում եղած աշխատավարձին, առաջարկել է  նոր հաստիքացուցակ, որով գրեթե կրկնակի ավելացում է պահանջում հանձնաժողովի անդամների  անբասիր աշխատանքի և իր մատուցած ծառայությունների  համար:

Նկատենք, հանձնաժողովի նոր կազմը վերջնականապես ձևավորվեց այսօր, իսկ մինչ այդ  Գեղամ Գևորգյանն իր նշանակումից հետո  հանձնաժողովը պահում էր ֆորմալ կարգավիճակում, աշխատանքները սառեցված էին, քանի որ տնտեսվարողների հետ կապված հարցեր նորանշանակ ղեկավարը խուսափում էր քննարկել նախկիններից մնացած կազմով:

Սակայն մինչ այս պահը տված զրո արդյունքը, փաստորեն, չի կաշկանդել Գեղամ Գևորգյանին ավելին պահանջելու և մեծ ամբիցիաներ ունենալու համար:

Այսպես, ՏՄՊՊ հանձնաժողովականները  մինչ օրս վարձատրվում էին 7 գործակցի հաշվարկով աշխատավարձով, հանձնաժողովի նախագահինը՝ 10 գործակցի հաշվարկով:

Համեմատության համար նշենք, որ նախարարների աշխատավարձը 12 գործակցով է հաշվարկած:

Այսօր Գեղամ Գևորգյանը համարում է, որ սա այն թիվը չէ, որով իր նորեկ թիմն ի վիճակի կլինի անբասիր աշխատել տնտեսական մրցակցություն երաշխավորող անկախ մարմնում և պահանջում է իր հանձնաժողովականների աշխատավարձերը դարձնել նախարարին հավասար՝ 7-ից հասցնելով 12 գործակցի, այսինքն՝ 793 հազար 680 դրամ, իսկ  իրենը՝ 14 գործակցի, մոտավորապես՝ 925 հազար 960 դրամ:

Սա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի աշխատավարձը։ Սա նշանակում է՝ Գեղամ Գևորգյանն այն ծառայությունը, որ կմատուցի  երկրին և իրեն նախապատվություն տված պետական պաշտոնյաներին, գնահատում է շատ ավելին, քան, օրինակ, Գլխավոր շտաբի պետի մատուցած ծառայությունը՝ Հայաստանի բանակին:

Մի կարևոր նկատառում ևս. Հայաստանի պետական կառավարման համակարգում 14 գործակցով հաշվարկած աշխատավարձ գրեթե չկա, ԱԺ փոխնախագահներն են միայն վարձատրվում  այդքան:

Հիշեցնենք, երկրի տնտեսության մեջ  անկախ մրցակցային պայմաններ ապահովող այս անկախ կառույցը, որ իր հանձնաժողովի կազմով և գոծունեությամբ  պետք է երբևէ չառնչվեր քաղաքական ռեֆորմների հետ, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից  առաջ թիրախավորվեց մի շատ պարզ պատճառով, որպեսզի դառնա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի լծակներից մեկը կառավարությունում: Հենց այդ տրամաբանության մեջ փոխվարչապետն իբր իշխանության հայեցողությամբ արագ փոխեց ՏՄՊՊՀ հանձնաժողովի ողջ կազմը ՝ նախագահից մինչև 10 հանձնաժողովականներ:

Եվ ահա մեկ ու կես ամսում ԱԺ-ն ֆորմալ կոճակ  սեղմելով՝   հաջորդաբար հաստատեց  վարչապետի ներկայացրած բոլոր թեկնածուների անունները՝ ՏՄՊՊ հանձնաժողովի կազմը նորացնելու համար:  Վարչապետ Փաշինյանի գլխավորած իշխող ուժի 88 հոգանոց պատգամավորական խումբը  պարզապես պարտավոր է դակիչ ֆունկցիա կատարել թիմ-լիդերի առաջադրած թեկնածուներին հաստատելու  և առհասարակ նրա բոլոր ցանկություններն  ի կատար ածելու համար:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս