Բաժիններ՝

«Կալուգայի մարզից մարդիկ էին եկել, հարցնում էին, թե ո՞րն է այն բարը, որտեղ մարմնավաճառներ են, դե հերիք եղավ, էլի…». Խանջյան 31 շենքի բնակիչները կանչել էին Կենտրոնի թաղապետին ու ոստիկաններին

Խանջյան 31 հասցեից մինչև Խանջյան-Թումանյան խաչմերուկ բնակելի շենքերի տակ գտնվող կարաոկե, դիսկո ակումբների, բարերի աղմուկը, դրան հաջորդող հայհոյանքներն ու վեճերը 2001 թվականից անհանգստացնում են վերոնշյալ հասցեի բնակիչներին:

Քաղաքացիներն այս տարիների ընթացքում բազմիցս են  ահազանգել պատկան մարմիններին, դիմել են քաղաքապետարան, ոստիկանություն, մի քանի ժամով խնդիրն իբրև թե լուծվել է, հետո շարունակվել է այնպես, ինչպես կար:

«Հատկապես վերջին 8-9 տարվա ընթացքում անընդհատ բողոքում ենք, որ  Խանջյան 31, 31ա և հարակից շենքերի ներքնահարկերում ապօրինաբար գործող բար-կարաոկեները, որոնք չունեն գիշերային աշխատանքի լիցենզիա, չեն թողնում, որ ժողովուրդն ապրի:  Երեք օրվա մեջ՝ երկու կռիվ: Լրիվ լուսանկարել, ձայնագրել ենք: Շատ են կասկածելի վարքի տեր կանայք: Կալուգայի մարզից մարդիկ էին եկել, հարցնում էին, թե ո՞րն է այն բարը, որտեղ մարմնավաճառներ են: Դե հերիք եղավ, բոլ եղավ: Մի շենքի տակ 4 բար կա, հես ա, շուտով մեկն էլ կբացեն, դե աչքներս լույս…»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց Խանջյան 31 շենքի բնակիչ Միքայելը:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով եկել էր լսելու շենքի բնակիչներին և հասկանալու խնդիրը, մեզ հետ զրույցում ասաց, որ հարցի ամենամեծ խնդիրն այն է, որ այստեղ կան օրենսդրական բացեր, և մարդիկ չարամտորեն դրանից օգտվում են:

«Մենք հիմա նոր կարգ ենք մտածել, փորձում ենք լիցենզիաներից զրկել մարդկանց: Ամեն բարի վերաբերյալ տասնյակ բողոքներ կան՝ գողություն, դանակահարություն, կավատություն: Թող գան, բացեն ինչ-որ մանկական սրճարաններ, բիլյարդանոց, բայց ոչ թե գիշերային ակումբներ՝ բնակելի շենքերի բակում: Մարդկանց կյանքը սարքել են դժոխք»,- նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:

Հարցին՝ այս դեպքում սեփականատերերը չե՞ն բողոքի՝ ասելով, որ պայմանագրեր ունեն և այլն, Վիկտոր Մնացականյանը պատասխանեց.

«Չէ, կգնանք դատարան ու կսկսենք պայքարել: Մենք մեր վարչարարությունը (Վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ) կանենք, դրանից հետո թող գնան դատարան: Գիշերային լիցենզիան 30 տարվա մեջ առաջին անգամ չենք տրամադրում: Իրենք որպես բար չեն աշխատում, այ դա է ամբողջ խնդիրը: Այստեղ մենք  հիմնավոր կասկածներ ունենք, որ կավատությամբ են զբաղվում. կան բնակիչների, ոստիկանության կողմից արված տեսանյութեր: Հիմա կսկսենք վարչարարությունը, որից հետո կտեղափոխվենք քրեական  հարթություն»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նկատեց՝ այստեղ 5-6 բար է կուտակված, բայց ամբողջ Երևանում է այս խնդիրը:

«Խնդիրն այն է, որ հստակ նշված չէ, թե որտեղ կարող է բար լինել, որտեղ՝ կարաոկե:  Մանկապարտեզի տակ մերսման սրահ է, դպրոցի կողքը՝ էլ չասե՝մ ինչեր: Գոտևորման խնդիր է, որը Երևանի ավագանու անդամների հետ քննարկում ենք: Հարցը հաստատ կլուծվի, պարզապես  ժամանակ է հարկավոր: Ուղղակի ես անհանգստանում եմ բնակիչների համար, որ հանկարծ խնդիրներ չունենան»,- հավելեց Վիկտոր Մնացականյանը:

«Կարևորը՝ բարերը փակեն, ժողովուրդն էլ չանհանգստանա: Շատ վտանգավոր բակ է»,- արձագանքեց բնակիչներից մեկը:

Մյուսն էլ, թե՝ «Երեկոյան հանգիստ չենք կարողանում շենք մուտք գործել: Մենք նույնիսկ սննդի կետին համաձայն չենք, որ այստեղ լինի: Եթե անգամ օդափոխության համակարգ են դնելու, դա հարցը չի լուծելու: Նախկինում բնակիչներին խաբեցին՝ ասելով, թե ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու անվան թանգարան են կառուցում:  Հիմնականում մտավորականներ էին բնակվում, խաբվեցին, հետո պարզվեց, որ լրիվ այլ բան է լինելու»:

Բնակիչները հավելեցին նաև, որ նորմալ բակ էլ չեն ունեցել, երեխաները զրկված են եղել մանկությունից:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս