Աշխատողների իրավունքների 5 ամենատարածված խախտումները Հայաստանում. jam-news.net
Բոլորը գիտեն այս խախտումների մասին, բայց ոչ բոլորն են պայքարում դրանց դեմ։ Հիշեցնում ենք դրանց մասին մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշում է, որ որևէ հետազոտություն կամ վիճակագրություն չի արվել, որը կներկայացնի Հայաստանում գրանցված աշխատանքային իրավունքի ոլորտի զարգացումը, հետընթացը, առկա խախտումները:
Բայց և դիտարկելով իրենց սեփական փորձը՝ ներկայացնում է աշխատանքային իրավունքի ամենատարածված հինգ խախտումները:
1. Առանց ձևակերպան կամ անօրինական աշխատող պահելը
Այս պարագայում գործատուն և աշխատողը երկուստեք ընդունելի բանավոր համաձայնության են ունենում: Արդյունքում՝ գործատուն աշխատողին չի ձևակերպում՝ խուսափելով հարկային պարտավորություններից: Նման իրավիճակում այս կազմակերպությունում ծախսած ժամանակահատվածը ապահովագրական ստաժը չի համալրում:
Գործատուի հետ աշխատանքային ցանկացած վեճի դեպքում, օրինակ՝ աշխատավարձի վճարում, կառաջանա փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայությունը ապացուցելու խնդիր:
2. Աշխատանքային պայմանագրում աշխատավարձի ոչ իրական չափի նշում
Աշխատողը, մտահոգված լինելով միայն աշխատանք ունենալու և եղածն էլ չկորցնելու խնդրով, համաձայնում է գործատուի այս պայմանին: Փաստացի ստանում է ավելի բարձր աշխատավարձ, բայց պայմանագրում նշվում է շատ ավելի ցածր գումար: Այս պարագայում գործատուն կրկին որոշակի չափով ազատվում է հարկեր վճարելուց:
Սակայն եթե գործատուն չվճարի աշխատավարձ կամ աշխատողին անհիմն ազատի աշխատանքից, վերջինս դատական կարգով իր իրավունքները պաշտպանելիս, հատուցման գումարները պահանջելիս, չի կարող վկայակոչել փաստացի ստացված աշխատավարձը: Հիմք կընդունվի պայմանագրով ֆիքսած գումարը, որն իր համար անբարենպաստ է:
3. Առանց հիմքի ժամկետային պայմանագիր կնքելը
Գործատուները հակված են կնքելու ժամկետային աշխատանքային պայմանագրեր: Այս դեպքում ավելի հեշտ կազատվեն անցանկալի աշխատողներից՝ հենց պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով: Լրացուցիչ հիմնավորումների և պարզաբանումներ կարիք չի լինի:
4. Անխտիր բոլոր աշխատանքի ընդունվողների համար փորձաշրջան սահմանելը
ՀՀ աշխատանքային օրենսգիրքով չի թույլատրվում փորձաշրջան սահմանել՝ եթե աշխատանքի են ընդունվում 17 տարին չլրացած անձինք, պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած, գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք:
Վերջիններս, աշխատանքային պայմանագիր կնքելիս,գործատուից կարող են պահանջել պայմանագրից հանել փորձաշրջանի պահանջը: Աշխատողը ևս կարող է փորձաշրջան սահմանել աշխատատեղի՝ իրեն համապատասխանությունը ստուգելու համար: Ցավոք, նման պրակտիկան մեզ մոտ դեռ տարածված չէ, քանի որ աշխատաշուկան մեծ հնարավորություն չի տալիս հեշտությամբ աշխատանք գտնել:
5. Աշխատողին անհիմն արտաժամյա աշխատանի ներգրավելը և չվճարելը
Գործատուն առանց իրավական հիմքի և ողջամիտ ժամկետում տեղեկացման, ցանկացած պատրվակով աշխատողներին ներգրավում է արտաժամյա աշխատանքների: Իսկ օրենսդրությամբ սահմանված է արտաժամյա աշխատանքի առավելագույն չափը. մեկ տարվա ընթացքում՝ մինչև 180 ժամ:
Սակայն մեկ այլ խնդիր էլ ծագում է վճարումների հետ կապված: Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ արտաժամյա աշխատանքի համար աշխատողին տրվում է հավելում ՝ 50 տոկոսի չափով, այսինքն նրա արտաժամյա մեկ ժամը գնահատվում է իր աշխատանքային օրվա մեկ ժամից 50 տոկոսով ավելի:
Բայց եթե արտաժամյա աշխատանքը չի փաստաթղթավորվում, ապա աշխատողի համար խնդիր է առաջանում՝ փաստը ապացուցել և չվճարված հավելումները պահանջել: