«Վարչապետը չի կատարել հանրության, հատկապես՝ փորձագիտական հանրության հետ հետադարձ կապի պահպանման վերաբերյալ խոստումը». Թաթուլ Մանասերյան
«Կարող եմ մատնանշել վարչապետի ամենասկզբում հնչեցրած խոստումներից մեկը՝ հետադարձ կապի պահպանումը հանրության, հատկապես՝ փորձագիտական հանրության հետ։ Ես այդ կապը չեմ տեսնում, ավելին, այն հետևողականորեն անտեսվում է, ինչը շատ վատ է։ Հորդորում եմ կառավարությանը, որ այս ուղղությամբ աշխատի ոչ միայն վարչապետը, այլև բոլոր նախարարները։
Այստեղ մենք բավականին լուրջ խնդիր ունենք, և, եթե այդ խոստումը չկատարվեց, իսկ դա խոստում չէ, այլ բոլորիս պահանջը, և այն, ինչ հնչել է հրապարակում, ուզում եմ հավատալ, որ դա անկեղծ ցանկություն է։ Անտեսել փորձագիտական հանրությանը, նշանակում է՝ բոլոր ծրագրերը մատնել ձախողման»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով վարչապետի այն առաջարկին, որ իր խոստումները թող գույքագրեն և մեկ առ մեկ ասեն, թե դրանցից որն է կատարել, որը՝ ոչ։
Մանասերյանի խոսքով, տնտեսության վերաբերյալ տված խոստումները դիտարկելիս՝ պետք է հաշվի առնել, որ գործ ունեն ոչ տնտեսագետ վարչապետի հետ, այդ պատճառով էլ մասնագիտական մասով մեղադրանքներ չպետք է լինեն։ Իսկ ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա, Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ կան լրջագույն խնդիրներ։
«Կարևոր է ոչ միայն, թե ինչ պետք է արվի, այլև՝ թե ով պետք է իրականացնի։ Եթե չունենք անձինք, ովքեր այդ գործողությունները պետք է իրականացնեն, ապա զուր ժամանակ ենք վատնում, ավելին՝ ժամանակը չի կարող մեզ սպասել, քանի որ աշխարհը գտնվում է դինամիկ փոփոխությունների մեջ։ Եթե նստենք ու սպասենք՝ այս նախարարի կամ այն ղեկավարի օրոք մեր գործերը կստացվե՞ն, թե՞ ոչ, ապա հաստատ մեր տեղը համաշխարհային տնտեսության մեջ չենք գտնելու, այստեղ պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկեն։ Ցանկանում եմ մեկ կարևոր խնդիր ձևակերպել, որին եթե լուրջ ուշադրություն դարձնեն, վստահ եմ, շատ հարցեր իրենց լուծումները կգտնեն՝ դա պարզ մրցույթի ինստիտուտն է»,- ասաց տնտեսագետը։
Ըստ Թաթուլ Մանասերյանի, եթե վարչապետն իսկապես ցանկանում է «անկողմնակալ, անհիշաչար» կերպով բոլորին հավասար հնարավորություններ ընձեռնել՝ ի շահ երկրի զարգացման և ժողովրդի առաջընթացի, ապա դրա լավագույն ճանապարհներից մեկը բոլոր ոլորտներում բաց մրցույթի հայտարարումն է, անգամ նախարարների ընտրությունը կարող է լինել մրցույթով։
«Բայց եթե այդքան կարևոր է, որ նախարարները լինեն իր «մարդկանցից», որն ինքս անընդունելի եմ համարում, եթե իր մարդիկ են՝ գոնե 5-6 հոգի լավ պատրաստված պետք է լինեն, ոչ թե հլու-հնազանդ աշխատանք տանեն, այլ միմյանց հետ լավ առումով «քյալլա» տան, բերեն գաղափարների բախում, ահա այստեղ է առաջընթացը։ Թիմային աշխատանքը կարող է լինել այն ժամանակ, երբ հանրությունը կամ ժողովուրդը, որին անընդատ վկայակոչում են և իրականում անտեսվում է, ներգրավված լինեն գործընթացներում։ Մենք բավականին ներուժ ունենք, որոնց պետք է հավաքագրեն ու մրցույթներով հնարավորություն տան, որպեսզի երկրի տարբեր ոլորտներում օգտակար լինեն»,- ընդգծեց տնտեսագետը։
Նա նաև նկատեց, եթե որևէ մեկը հայտնվում է այս կամ այն ոլորտի ղեկավարի աթոռին և արդյունքներ ցույց չի տալիս, ապա նրան առնվազն պետք է ասել՝ ցտեսություն։ Ավելին, ժամանակն է, որպեսզի համակարգն ազատվի խնամի-ծանոթ-բարեկամներից, ինչը 21-րդ դարում երկիր ղեկավարելու ձև չէ։
Ինչ վերաբերում է ներդրումների մասին վարչապետի խոստումներին, Թաթուլ Մանասերյանն ասաց, որ դրանց չի ցանկանում անդրադառնալ, քանի որ այս ընթացքում որևէ մեկը չի կարող հրաշք գործել և բերել այն ներդրումները, որը նույնիսկ իրենց խոստացել են՝ որպես վարչապետ, նախագահ կամ նախարար։
Զվարթ Խաչատրյան