Բաժիններ՝

Հայ ըմբիշները մտնում են գորգ հաղթանակի համար. Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ լավ պատրաստված մարզիկը հասնում է հաջողության

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայ երիտասարդ ըմբիշներից լավ արդյունքներ է ակնկալում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կուրղինյանը նշեց, որ հայ մարզիկները բոլորն էլ մտնում են գորգ հաղթանակի համար, իսկ արդյունքները ցույց կտան մեդալները: «Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ գոյություն չունի անուն, երկիր, այլ կա միայն լավ պատրաստված մարզիկ: Նույն էլ Վազգեն Թևանյանի դեպքում, երբ կարողացավ հաղթել աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկին»,- ասաց գլխավոր մարզիչը:

Ըստ Կուրղինյանի, հավաքականում կարող է սերնդափոխություն լինել, երիտասարդ ըմբիշները ունակ են լավ արդյունքի հասնել: «Մինչև «Տոկիո 2020»-ը կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի տղաները կարողանան լավ մասնակցել: Նրանք ունեն այդ հնարավորությունը և ոչ միայն նրանք, այլ նաև ամբողջ թիմը: Ես ոչ ոքի չեմ առանձնացնում: Մինչև Եվրոպական խաղերն ունենք հավաքներ, այդ ընթացքում կընտրենք այն մարզիկներին, որոնք կմեկնեն մրցմանը: Կախված անցկացրած մարտերից՝ կորոշվի, ով է լավագույնը»,- հավելեց նա:

Մարզիչները գոհ են թիմի բարոյահոգեբանական վիճակից, մարզիկների փոխհարաբերություններից: Կուրղինյանի խոսքով` առաջնայինը թիմային ոգին է` ոչ թե արդյունքները:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպական խաղերի 4 ուղեգիր է նվաճել` 57 կգ, 65կգ, 97կգ և 125 կգ քաշային կարգերում:

Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում միակ ոսկե մեդալը ապրիլի 10-ին նվաճել է 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Վազգեն Թևանյանը էլ Սերբիայում մարտի 9-ին դարձել էր մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս