Բաժիններ՝

Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյանը մտադիր է հավաքական վերադարձնել նախկին առաջատարներից մեկին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է նոր ձևաչափով հաղորդում՝ «PODCAST 90+» նախագիծը, որի անդրանիկ հյուրը եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Զրույցի ընթացքում մասնագետն անդրադարձել է մի շարք հարցերի՝ հայկական ակումբներում լեգեոնականների սահմանափակումներին, թիմի խաղաոճին, սերնդափոխությանը, ինչպես նաև կարևոր ակնարկ է արել արգենտինական «Բելգրանոյի» 34-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանին ազգային թիմ վերադարձնելու հնարավորության վերաբերյալ։

Պատասխանելով 30-ն անց ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու սկզբունքների մասին հարցին՝ Մելիքյանը շեշտել է, որ տարիքը խոչընդոտ չէ, եթե խաղացողը կարող է օգուտ տալ թիմին.

«Ես խոսել եմ սերնդափոխության մասին, բայց դա չի նշանակում, որ եթե կա 30-ն անց օգտակար ֆուտբոլիստ, որը մեզ կարող է օգնել, ես կասեմ՝ «ոչ, հիմա սերնդափոխություն է»։ Հիմա հստակ ասեմ՝ ով լավ մարզավիճակում է, ես կփորձեմ կապ հաստատել և հրավիրել։ Ինչո՞ւ ոչ։ Ես շատ կցանկանամ, որ նա գա և օգնի թիմին, քանի որ լավ մարզավիճակում է գտնվում»,- նշել է գլխավոր մարզիչը։

Խոսելով չհրավիրվող ֆուտբոլիստների մասին՝ Մելիքյանը հավելել է, որ երբեմն որոշիչ է լինում ոչ թե մարզավիճակը, այլ կոնկրետ մրցակցի դեմ ընտրված մարտավարությունը․

«Կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են լավ մարզավիճակում լինել, բայց հավաքականում մենք ունենք մեր ուղղությունը, մեր խաղաոճը… Ի՞նչ ենք մենք ուզում՝ արագությո՞ւն, պրեսի՞նգ, թե՞ այլ բան։ Ես չեմ կարող ամեն անգամ հանդես գալ և բացատրել, որ օրինակ՝ խաղաոճն այսպիսին է, կամ այս ֆուտբոլիստի արագությունն է պակասում»։

Հաշվի առնելով գլխավոր մարզչի այս հայտարարությունները՝ ակնհայտ է դառնում, որ 34-ամյա Լուկաս Սելարայանի համար հավաքականի դռները բաց են, և մարզչական շտաբը կփորձի հետ բերել փորձառու կիսապաշտպանին։

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի նոյեմբերին Եղիշե Մելիքյանը հաստատել էր, որ Լուկաս Սելարայանն ընտանեկան խնդիրների պատճառով ավարտում է կարիերան ազգային թիմում։ Այն ժամանակ մասնագետը շնորհակալություն էր հայտնել ֆուտբոլիստին Իսլանդիայի դեմ խաղից առաջ ունեցած անկեղծ զրույցի համար և ընդգծել, որ ազգային հավաքականը միշտ սպասում է նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31