Արցախն ինչպե՞ս է ներկայանալու բանակցություններին. լինելու է համա՞յնք, Հայաստանի մասնի՞կ, թե՞ միջազգային իրավունքի սուբյեկտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մարտի 29-ին կայացան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Արտակարգ և լիզոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հանդիպումը դրական է գնահատում:

«Երկու կարևոր սեգմենտներ կան, որոնցից առաջինն Արցախի վերադարձն է բանակցային գործընթաց, և երկրորդը Մադրիդյան սկզբունքներն են: Երբ որ մենք անընդհատ խոսում ենք Արցախի վերադարձի մասին, մի քիչ ծիծաղելի է, քանի որ այդպես եղել է, պարզապես 1998 թվականին, շնորհիվ մեր «փայլուն» դիվանագիտական դեմարշների՝ դուրս մնացինք այդ գործընթացից: Դեռևս 1994 թվականին Բուդապեշտում պարզ ասվեց, որ Արցախը բանակցային կողմ է:

Հիմա այդ կետին վերադառնալը, կարծում եմ՝ դժվար է, որովհետև այդ դեպքում լրիվ փոխվում է Ադրբեջանի մտածելակերպը և գործելակերպը: Հարցը ճիշտ է բարձրացված, բայց ժամանակ է պետք, որպեսզի խնդիրը լուծվի այնպես, ինչպես մենք ենք ուզում: Պատմականորեն ապացուցված է, որ, երբ երրորդ կողմի համար երկու կողմ են բանակցում՝ առանց նրա մասնակցության, դա ունենում է շատ տխուր հետևանքներ: Ավելին՝ երրորդ կողմի մասնակցությունը բանակցություններին դեռ ամեն ինչ չէ: Պետք է հասկանանք նաև այն, թե Արցախն ինչպե՞ս է ներկայանալու. լինելու է համա՞յնք, Հայաստանի մասնի՞կ, թե՞ միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետև ամբողջ հարցն այն է, որ կա Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային դատարանի որոշում այն մասին, որ երրորդ կողմը բանակցային գործընթացի ժամանակ կարող է պարզապես չհամաձայնել երկու կողմերի որոշման և եզրակացության հետ: Այնպես որ, շատ երկար ճանապարհ կա անցնելու»,- նշեց Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին՝ նա նկատեց. «Սա 1998 թվականի մեր երկրորդ մեծ սայթաքումն էր: Այն ընդունեցինք, միգուցե դա այն ժամանակ անհրաժեշտ էր, պետք էր անել, բայց հիմա հեզասահ պետք է ոչ թե՝ հեռանանք, քանի որ այն դժվար կլինի, բայց ներառենք կետեր, որոնք անհրաժեշտ են մեր արտաքին քաղաքականության համար»:

Արտակարգ և լիազոր դեպանն անդրադարձավ նաև 2016թ. ապրիլյան պատերազմին՝ ընդգծելով, որ մինչ օրս վերլուծություն չի արվել, թե ինչի՞ համար դա եղավ:

«Ճիշտ է, ոչ հաղթանակ է եղել, ոչ պարտություն, բայց մեկ բան փոխվել է, խոսքը բնավ Ալիևի քաղաքական մենթալիտետի մասին չէ: Վաղը նա խաղաղության աղավնի չի դառնալու, պարզապես իրավիճակ է փոխվել: Նա, այսպես ասած, խաղաղարար է դարձել, որովհետև Հայաստանն է փոխվել, եկել է լեգիտիմ իշխանություն, որի հետ չի կարող խոսել այնպես, ինչպես խոսում էր նախկին իշխանությունների հետ: Փոխվում է նաև դիվանագիտական հոգեբանությունը»,- հավելեց Արման Նավասարդյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս