Մինսկի խումբը հող է նախապատրաստում

«Չենք կարող պնդել, որ Մինսկի խումբը դեմ է Արցախի մասնակցությանը բանակցություններին, քանի որ կա համաձայնագիր, որ այս հակամարտությունն ունի երեք կողմ, պարզապես այս փուլում դեռ նպատակահարմար չէ այդ մասին խոսել: Մյուս կողմից՝ ՄԽ-ն խոսում է առանց Արցախի Մադրիդյան սկզբունքների մասին, որը ևս հասկանալի չէ, քանի որ Արցախը, մեղմ ասած, խնդիրներ է տեսնում այս սկզբունքների հարցում: Ուստի միամտություն է մտածել հակամարտությունն առանց Արցախի կարգավորելու ցանկության մասին, պարզապես ԵԱՀԿ ՄԽ-ն իրականացնում է իր գործառույթը` փորձում է կողմերի համար հող նախապատրաստել առանց խնդիրների երկխոսության համար»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ նշելով, որ թե՛ բանակցային հիմքը, թե՛ ձևաչափը վերանայման կարիք ունեն, և ժամանակ կպահանջվի այդ հարցերում կողմերի դիրքորոշումները միմյանց մոտեցնելու համար:

Ըստ նրա՝ համանախագահների հայտարարությունը քննարկումների առիթ դարձավ, քանի որ կողմերին զսպող դերակատարություն ուներ, խոսվեց Մադրիդյան սկզբունքների մասին, և հասարակությունները սկսեցին մտածել կարգավորման այս տարբերակի մասին:

Իսկ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախի խոսքով՝ Արևմուտքը դեմ էր նախապայմաններին, այդ թվում՝ Արցախի մասնակցությանը բանակցություններին, հասկանալով, թե այդ պահանջն ինչ խնդիրներ է ստեղծելու առաջիկա հանդիպման ընթացքում:

«Ինչպես տեսնում ենք, հայկական կողմը չի հրաժարվել իր այդ պահանջից, բայց կարող է շարունակել բանակցել, քանի դեռ այդ հարցում համաձայնություն չկա կողմերի միջև: Ի վերջո, այսօր Հայաստանը խոսում է նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, որոնք, կարծում եմ, թարմացվեցին՝ կրկին քննարկումների օրակարգ վերադարձնելու նպատակով, քանի որ Մադրիդյան սկզբունքները բանակցելու ցանկություն չկա: Պատահական չեն այս գաղափարները հայտնվում և անհետանում:

Հայկական կողմը հույս ուներ, որ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջները լրջորեն կդիտարկվեն համանախագահների և Ադրբեջանի կողմից, իսկ քանի որ հասկանալի դարձավ, որ դա ներկայումս հնարավոր չէ, և խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, հայկական կողմը հիշեց Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որոնք նոր իշխանությունները չէին հիշատակել, քանի որ փորձում էին սեփական օրակարգը ձևավորել Դուշանբեի համաձայնության հիման վրա:

Բայց սա այն հակամարտությունն է, որի ուղղությամբ հակամարտող երկրները շարունակում են իրենց քաղաքականությունը՝ անկախ իշխանության գլխին հայտնված անձերից»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա Փաշինյան-Ալիև հանդիպմանը հենց այս մերժված հարցերն են քննարկվելու:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս