«Գեղարքունիքի մարզը տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի, այս պահին կա 20 ներդրումային ծրագիր». Մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անդրադառնալով մարզի ճանապարհային խնդիրներին և բնակիչների բողոքներին, թե քարուքանդ եղած ճանապարհները խանգարում են նորմալ երթևեկությանը, նշեց՝ իսկապես այդ խնդիրը հրատապ է, հատկապես՝ Մարտունի քաղաքի կենտրոնական ճանապարհին առկա են խոշոր ջրափոսեր։
«Կազմակերպության հետ, որը զբաղվում է այդ ճանապարհի սպասարկմամբ, փորձեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանները՝ հասկացանք, որ, եթե այդ աշխատանքներն անենք, ապա մեկ օր հետո կրկին նույն խնդրի առջև ենք կանգնելու։ Բայց վերջերս այնտեղ փոսալցում արել ենք, և ճանապարհի այդ հատվածը նորմալ երթևեկելի է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, ճանապարհի այդ հատվածում ջրահեռացման համակարգ չկա, և Մարտունի քաղաքից գլխավոր փողոցից եկող ջրերը կուտակվում են ճանապարհի այդ հատվածում, որի արդյունքում էլ ճանապարհն անընդատ քանդվում է»,- ասաց Գ. Սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ այս տարի այդ ճանապարհն ամբողջությամբ կվերանորոգվի, կհեռացվի հին ասֆալտաշերտը և ճանապարհի երկու կողմերում մայթեր կկառուցվեն, ջրահեռացման համակարգ նույնպես կլինի։ Ճանապարհի կառուցման համար հաջորդ շաբաթ արդեն կհայտարարվի մրցույթ։
«Երեկ Ծովակ համայնքի բնակիչները 10-15 րոպեով փակեցին ճանապարհը, որն ավելի շատ նպատակ ուներ ուշադրությունը սևեռել նրա վրա, որ գյուղով տարանցիկ անցնենք և հասկանանք, թե ինչ ճանապարհ կա։ Այստեղ էլ ճանապարհների հետ կապված խնդիրներ ունենք, բայց ուրախությամբ տեղեկացնեմ, որ Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր 14 կմ ճանապարհի վերանորոգումն այս տարի ընդգրկված է մեր ծրագրում՝ այն ամբողջովին վերանորոգվելու է։ Ճամբարակ-Վարդենիս կենտրոնական ճանապարհը, որը շատ կարևոր է նաև ռազմավարական առումով՝ ևս կվերանորոգվի»,- շեշտեց Գեղարքունիքի մարզպետը։
Անդրադառնալով մարզի աղբահանության խնդիրներին՝ մազպետը նշեց, այդ խնդիրը լուրջ է, հաճախ բնակիչները աղբը նետում են գետեր և տարբեր վայրեր, որի արդյունքում էլ այն հասնում է մինչև Սևանա լիճ։
«Մարզի 57 համայնքներից 31-ում կա կազմակերպված աղբահանություն, 26 դեռևս չկա, մեր առջև խնդիր ենք դրել, որ այս տարի մարզի բոլոր համայնքներում ունենանք կանոնավոր աղբահանություն, մինչև լինի այն ծրագիրը, որով Գեղարքունիքի և Կոտայքի ամբողջ աղբը կհավաքվի Հրազդանում նոր կառուցվող աղբավայրում։ Մենք տարբեր խնդիրներ ունենք, կան համայնքներ, որոնք իրենց գլխավոր նախագծով չունեն աղբի համար նախատեսված ընդհանուր վայր, կամ այնպիսի տեղ են հատկացրել, որ անհնար է այնտեղ աղբ տանել»,- նշեց Գնել Սանոսյանը։
Հարցին՝ չթույլատրված վայրերում աղբ նետողները տուգանվո՞ւմ են, մարզպետը պատասխանեց, որպես կանոն՝ տուգանք չի կիրառվում, բայց անձամբ կողմ է տուգանքի կիրառմանը, սակայն դրան զուգահեռ՝ բնակիչներին պետք է ինչ-որ այլընտրանք տալ։
«Եթե տվյալ վայրում աղբի համար նախատեսված վայր չենք առանձնացրել, ապա տուգանելով՝ հարցը չենք լուծի, նախ՝ օրինական ճանապարհը տվյալ մարդուն պետք է ցույց տանք, այնուհետև՝ տուգանենք»,- նշեց մարզպետը։
Խոսելով աղքատության մասին, որով աչքի է ընկնում Գեղարքունիքի մարզը, Գնել Սանոսյան դժավարացավ նշել, թե քանի ծայրահեղ աղքատ ընտանիք կա մարզում, բայց գիտի՝ խնդիրը լուրջ է Վարդենիսի և Ճամբարակի շրջաններում, կան վերաբնակեցված գյուղեր, որտեղ պայմաններ գրեթե չկան։
«Մեր տնտեսական գործունեության մեջ անընդհատ շեշտադրում ենք անում այդ երկու տարածքների վրա, այդ շրջաններում իրականացրել և շարունակում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր։ Մարզում շուտով տնտեսական ֆորում տեղի կունենա, տնտեսական զարգացման մեծ ներուժ ունենք մի քանի ուղղություններով՝ գյուղատնտեսություն, այլընտրանքային էներգետիկա, զբոսաշրջություն:
Հույս ունենք, որ այդ ոլորտներում ներդրումներ կլինեն, որն էլ կնպաստի աղքատության հաղթահարմանը։ Ներդրումային ծրագրեր շատ կան, մենք փորձում ենք տարբեր գործարարների հետ հանդիպել և դրանք քննարկել, ներկայացնել մարզի պոտենցիալը, հենց այդ նպատակով են որոշել մայիսին մարզում անցկացնել բիզնես-ֆորում։ Արդեն կա 20 ներդրումային ծրագիր, որը պետք է ներկայացնենք գործարարներին։ Գյուղական համայնքում ներդրումային ծրագրերն ավելի շատ են՝ քան քաղաքային բնակավայրերում»,- հավելեց Գնել Սանոսյանը։
Զվարթ Խաչատրյան