Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդությունները. բժիշկ

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում, սկսած 2017 թվականից, իրականացվում է բնածին հիպոթերիոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, կոնքազդրային հոդի սկրինինգներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ սկրինինգը պարտադիր հետազոտություն է, որի նպատակն է նորածինների մոտ վաղ շրջանում հայտնաբերել հիվանդություններ և իրականացնել համապատասխան բուժումներ: Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդությունները: Սկրինինգն իրականացվում է արյան նմուշի վերցմամբ, որի հետազոտությունն իրկանացվում է Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի սկրինինգային բաժանմունքում:

«Հիպոթերիոզի սկրինինգն իրականացվում է երեխայի ծննդյան պահից 72 ժամ հետո: Երբեմն կարիք է լինում կատարել կրկնակի սկրինինգ, որը կատարվում է այն դեպքում, երբ երեխայի քաշը ցածր է 2 կգ-ից, ինչպես նաև այն ժամանակ, երբ երեխայի մոտ կատարվել է արյան փոխներարկում: Բնածին հեպոթերիոզը և ֆենիլկետոնուրիան ժառանգական բնույթի հիվանդություններ են: Եթե այդ դրանք ժամանակին չեն հայտնաբերվում, այդ երեխաների մոտ ախտահարվում է կենտրոնական նյարդային համակարգը, որը հետագայում վեր է ածվում ծանր թուլամտության:

Հանրապետության 2500 երեխաների մոտ կատարված հեպոթերիոզի և ֆենիլկետոնուրիայի սկրինինգների արդյունքում 3 երեխայի մոտ հայտնաբերվել է հիվանդություն. այդ երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Լսողության սկրինինգի նպատակն է հայտնաբերել բնածին խլությունը կամ լսողական խնդիրները: Հետազոտված երեխաների 50%-ի մոտ լսողական խնդիրների պատճառը ժառանգականությունն է, մյուս դեպքերում կարող են պատճառ հանդիսանալ մանկական ինֆեկցիաները, թթվային քաղցը և այլն:

Լսողության սկրինինգի արդյունքում 21 երեխայի մոտ հայտնաբերվել է միակողմանի կամ երկկողմանի լսողության խնդիրներ, որոնք ստացել են համապատասխան բուժում: Երեք ամիս հետո կրկին իրականացնելով սկրինինգային թեստ՝ արդյունքում մեկ երեխայի մոտ է հայտնաբերել խլություն. այդ երեխային ուղարկվել է ՀՀ: Կոնքազդրային հոդի սկրինինգն իրականացվում է մանկական օրթոպեդի կողմից: Ներկայումս այդ սկրինինգը կատարվել է 1610 երեխայի մոտ, նրանցից 180-ն ունեն տարբեր տեսակի առողջական լուրջ խնդիրներ. նրանք ևս ստանում են համապատասխան բուժումներ:

Եթե այս հիվանդությունը ժամանակին չհայտնաբերեն և բուժում չստանան, երեխաները կդառնան հաշմանդամ՝ այսինքն կաղ: Ինչքան շուտ հայտնաբերվեն հիվանդությունները, այնքան բուժումն արդյունավետ կլինի»,-մանրամասնել է Ն. Հովհաննիսյանը:
Ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ շատ կարևոր է նորածինների մոտ իրականացնել նաև տեսողության սկրինինգ: Այն առայժմ իրականացվում է միայն Երևանում:

Տեսանյութեր

Լրահոս