Հովհաննես Գալստյանն այսօր հանդիպելու է Արայիկ Հարությունյանին
«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր հանդիպելու է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումն ավելի վաղ չէր կայացել, քանի որ օրերս վախճանվել էր կինոռեժիսորի մայրը։
168.am-ի հետ զրույցում կինոռեժիսորը տեղեկացրեց, որ հանդիպումը կկայանա Կինոկենտրոնի և իր փաստաբանի ներկայությամբ։
«Փորձում ենք այս հարցն ավելի արագ կարգավորել, քան դատական գործընթացն է, բոլոր դեպքերում, եթե բանակցություններով էլ խնդրի լուծման ելքեր չգտնենք, դատարանին 100 տոկոս վստահում ենք, և մեր փաստերը բավարար են, որպեսզի հաղթենք դատական հայցը»,- շեշտեց Հովհաննես Գալստյանը։
Հիշեցնենք, որ կինոռեժիսորը փետրվարի 3-ից գտնվում էր հացադուլի մեջ, փետրվարի 23-ին ԿԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը, քանի որ նախարարի հետ ձեռք են բերել համաձայնություն՝ քննարկումների միջոցով գալ ընդհանուր եզրակացության և խնդրին լուծում տալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև ԿԳ նախարարը:
Հիշեցնենք նաև, որ այս տարի մեծ էկրան պետք է բարձրանար կինոռեժիսորի «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը, որը, սակայն, չի կայացել, քանի որ Հայաստանը չի ապահովել պայմանագրով նախատեսված ֆինանսավորումը։
«Ամենամեծ խնդիրն այն էր, որ մեր հիմնական ներդրողները կարող էին դուրս գալ արտադրությունից, քանի որ Հայաստանը չէր կատարել իր պարտավորությունը, սակայն Գերմանիան և Բուլղարիան վերահաստատել են իրենց պարտավորությունները, և անկախ Հայաստանի մասնակցությունից՝ պարտավորությունները երկարաձգել են մեկ տարով»,- ասաց կինոռեժիսորը։
Նա ընդգծեց, որ եթե Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո որևէ նորություն լինի, ապա կհրավիրի մամուլի ասուլիս և այդ մասին բոլորին կտեղեկացնի։
Զվարթ Խաչատրյան