«Ես չեմ ուզի, որ պետությունն ինձնից գումար վերցնի, չգիտեմ՝ ինչ նպատակների համար օգտագործի». Վահագն Խաչատրյան
«Մենք երկու հասկացություն պետք է հստակ տարբերակենք՝ հայտարարագրում և հարկում։ Օրինակ՝ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ոլորտում երկու բան են տարբերում, կա, որ ըստ քաղաքացիության են հարկում, օրինակ՝ ԱՄՆ-ը, և կա, որ ըստ ռեզիդենտության են հարկում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու ՊԵԿ ցանկություն-նախագծին։
Հայաստանի դեպքում, ըստ նրա՝ հիբրիդային մոտեցում է կիրառվում, երբ ոչ ռեզիդենտների՝ հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտները նույնպես հարկվում են. «Ներկայիս օրենսդրությամբ՝ եթե աշխատողները գնում են՝ մինչև 180 օր ժամկետով աշխատում են ՌԴ-ում, իրենք պետք է հայտարարագրեն և համապատասխան եկամտային հարկով հարկվեն։ Մեր օրենսդրությունը ներկա դրությամբ պարտադրում է, որ դա հարկվի, սակայն խնդիրն այն է, որ դա իրագործելու մեխանիզմներ չկան։ Իմ կարծիքով՝ դա իրատեսական չէ, և ոչ մի իշխանություն այդ քայլին չի գնա ու չի հարկի»։
Նա նշեց, որ եթե, օրինակ՝ մարդը 5 տարի ապրում է ՌԴ-ում՝ անկախ նրանից՝ ՌԴ քաղաքացի է, թե ոչ, հանդիսանում է ՌԴ ռեզիդենտ, և եթե գումար է փոխանցում Հայաստանի իր բարեկամին, դա համարվում է տրանսֆերտ, որը չի հարկվելու. «Այլ հարց է, որ եթե մարդը Հայաստանի ռեզիդենտ է, 5 ամսով գնում է դրսում աշխատելու և ստանում է եկամուտներ, ուղարկում է իր ընտանիքին, ներկայիս օրենսդրությամբ դա հանդիսանում է հարկման օբյեկտ։ Տրանսֆերտը պետք է արտասահմանյան աղբյուրից ստացած աշխատավարձից տարբերել։ Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ տրանսֆերտը հանդիսանա հարկման օբյեկտ»։
Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ նկատեց, որ ցանկացած պետության համար ամենաբարդ խնդիրը հարկային քաղաքականությունն է. «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են առանձին-առանձին կտորներով փորձում մատուցել հանրությանը. սա կարիք ունի ամբողջական տնտեսական քաղաքականության մեջ քննարկելու և ներկայացնելու, որպեսզի բոլորս էլ իմանանք՝ ինչպես է դա արվելու, որովհետև հարկային մասը տնտեսական քաղաքականության կարևորագույն մասն է։
Շատ վատ է, որ այսպես կիսատ-պռատ է մեզ մատուցվում։ Երբ մենք ասում ենք՝ ներդրում չկա, ուզում ենք հասկանալ՝ ինչու չկա, ուզում ենք համեմատել հարևան Վրաստանի հետ, թե ինչ առավելություն պետք է ունենանք, որ ներդրումը գա այստեղ, այլ ոչ թե գնա այնտեղ, ինչ խանգարող հանգամանք կա ՀՀ-ում։ Շատ ավելի ճիշտ կլինի՝ հունվարի 10-ից հետո բոլորին ընդգրկեին, նորմալ օրենսդրություն ընդունեն։ Ես չեմ ուզում, որ ունենանք մի կառավարություն, որն ավելի մեծացնի իր դերը պետության կառավարման գործում, իսկ հարկային քաղաքականությունը դրա լավագույն պարամետրերից է։
Ես կուզեմ, որ իմ ապրելու, աշխատելու հետ կապված խնդիրները ես լուծեմ, չեմ ուզի, որ միջնորդավորված պետությունն ինձնից գումար վերցնի, չգիտեմ՝ ինչ նպատակների համար օգտագործի։ Պետությունը պետք է հնարավորինս փոքր մասնակցություն ունենա հասարակական կյանքում։ Ես չգիտեմ՝ այս կառավարության այդ փիլիսոփայությունը որն է»։