Լիբանանահայերը Փաշինյանից հետաքրքրվել են՝ ի՞նչ է առաջարկում կառավարությունը սփյուռքի գործարարներին
Այսօր Բեյրութում լիբանանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում իրադրության փոփոխությունը, խոսեց ժողովրդավարության արժեքների ամրապնդման, ներդրումների անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ իշխանության մեջ չպետք է լինեն մարդիկ, որոնք այն կօգտագործեն իրենց բիզնես շահերի համար: Նա նշեց, որ չի կարող պնդել, որ այս իրողությունն ամբողջությամբ հասկացել են Հայաստանում, բայց կարող է վստահեցնել, որ իշխանությունը պայքարելու է այդ երևույթի դեմ: Ն. Փաշինյանը կարևորեց իշխանության գործունեության վերահսկողությունն ու այդ գործունեության թափանցիկությունը:
«Պետականության ուժեղացումը կարող է հիմնված լինել ժողովրդի ուժեղացման վրա: Կա թյուր ընկալում, որ կարող է պետությունն ուժեղ լինել թույլ ժողովրդի դեպքում»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ ճիշտ հակառակն է, ուժեղ ժողովրդի դեպքում կարող է լինել ուժեղ պետություն: Ն. Փաշինյանը ներկայացրեց երկրում ընթացող փոփոխությունները.
«Քայլ առ քայլ, րոպե առ րոպե մենք զգացինք մեր հայրենակիցների աջակցությունը և թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայության 99.9% իրենց մաս զգացին այդ փոփոխություններին: Շնորհավորում եմ ձեզ, որովհետև գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն հաղթանակած է զգում այդ հեղափոխության ձեռքբերումով»:
Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչ Միսակ Նաջարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է առաջարկում կառավարությունը, որ սփյուռքի հայերը գան և բիզնեսով մասնակցեն, արդյո՞ք օրենքների փոփոխություն պետք է տեղի ունենա:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ հարկային օրենսդրությունը մշակվում է, բայց ոչ միան դա, այլև շատ բաներ պետք է փոփոխության ենթարկեն: Նա կարևորեց, որ փոփոխությունները կտրված չլինեն իրականությունից.
«Սա հեշտ պրոցես չէ»: Ըստ նրա՝ բարդություն կա, որ գործարար համայնքի ներկայացուցչական միություն է պետք, որի հետ խոսելիս իմանան, որ գործարարների տեսակետն են լսում.
«Բայց մենք հիմա բարդություն ունենք, կոնկրետ ում հետ հանդիպել, որպեսզի իմանանք հնարավորինս ներկայացուցչական միության հետ ենք հանդիպել»:
Այդ առումով Փաշինյանը կարևորեց գործարար արհմիությունների գոյությունը.
«Այսօր այդ մեխանիզմը չկա, եթե ուզում ենք իմանալ մեծամասնության տեսակետը, չկա նման մարմինՇա: տ կարևոր է, որ այս փուլում, ի վերջո, բոլոր այն թնջուկները, որ եղել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, լուծենք ինստիտուցիոնալ առումով»,- ասաց Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ շատ հստակ է, որ համայն հայությունը պետք է մասնակցություն ունենա պետականաշինությանը: Վարչապետի պաշտոնակատարը հարցադրում արեց, թե ինչպե՞ս անել դա և սփյուռքում ինչպե՞ս առավել ներկայացուցչական կազմ ներկայացնել և ինչպե՞ս մտնել այդ պրոցեսի մեջ, որ ոչ թե առավել պառակտման հասնենք, այլ առավել միասնականության.
«Խնդիր ունենք բյուրեղացնել պոզիտիվ վերաբերմունքը, որ դա մշտական գործոնի վերածվի: Դեռ նման մեխանիզմ չկա»: Նա նշեց, որ քննարկում են խնդիրը շատ զգուշորեն ու նրբորեն. «Հույս ունեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առավել համակարգված կգնանք առաջ և այս խնդիրները կլուծենք»:
Լիբանան-Երևան