Բեզոսի հիմնադրամն ու 8 այլ դոնորներ 500 մլն դոլար կհատկացնեն բնապահպանության համար
«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի բնապահպանական հիմնադրամը («Bezos Earth Fund») և 8 այլ մասնավոր դոնորներ 500 մլն դոլար կփոխանցեն շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պաշտպանության ծրագրերին: Այս մասին Երևանում ՄԱԿ-ի COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակներում հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստիան Սեմփերը։
Նա չի հստակեցրել, թե այդ գումարի որ մասն է ներդնելու Բեզոսի հիմնադրամը։ Ավելի քան 100 երկրներում վտանգված տեսակների պաշտպանության համար միջոցները կներդրվեն մինչև 2030 թվականը:
Սեմփերի խոսքով` մեկ այլ կազմակերպություն՝ «Մոլորակի պաշտպանության դոնորների կոալիցիան», որը ներառում է Բեզոսի հիմնադրամը և 11 այլ դոնորներ, կարագացնի իր կողմից5 մլրդ դոլարի չափով միջոցների տրամադրումը: Այդ գումարից 3,7 մլրդ դոլարը կհատկացվի մինչև 2026 թվականի վերջը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ուշադրություն էհրավիրել այս հայտարարության ձևակերպումներին: Այնտեղ, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի՝ որպես COP17 համաժողովը հյուրընկալող երկրի առաջնորդությամբ և առաջարկով, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել կենսաբազմազանության հարցերին։ Նա շնորհակալություն է հայտնել Բեզոսի հիմնադրամին և մյուս դոնորներին։
«Վստահ եմ, որ այդ միջոցներով իրականացվելու են վայրի բնության պահպանության ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանում», – հայտարարել է նախարարը:
Ջեֆ Բեզոսի բնապահպանական հիմնադրամը հիմնադրվել է 2020 թվականին, որի հայտարարված ֆինանսական միջոցները կազմում են10 մլրդ դոլար։
Նշենք, որ «Amazon»-ի և Բեզոսի մեկ այլ ընկերության՝ տիեզերանավերի արձակմամբ զբաղվող «Blue Origin»-ի տվյալների կենտրոնները բազմիցս քննադատության են արժանացել շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության և վնասակար նյութերի արտանետումների թեմայով:

