Սահմանազատված սահմանը երաշխավորո՞ւմ է, որ ադրբեջանցին Հայաստան չի մտնի․ ո՞ր դեպքում կլինի այդ երաշխիքը, ո՞վ է տալու

Իշխանության տարբեր տրամաչափի գործիչներ, պաշտոնյաներ կամ ներկայացուցիչներ վստահեցնում են, որ եթե սահմանազատված պետական սահման ունենանք, չեն լինի սահմանահատումներ կամ Շաքիի դեպքի կրկնություններ:

Սա բավականին թույլ հիմնավորում է, հատկապես, երբ սրան հակադրվող դրվագներն առավել «ուժեղ» են:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից և նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս հետո Սյունիքից հայկական զորքը Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ հետ էր քաշվել, և Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողությունը հանձնվել էր Ադրբեջանին: Սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի 1-ին կետի համաձայն՝ կողմերը պետք է կանգ առնեին 44-օրյա պատերազմից հետո իրենց զբաղեցրած դիրքերում:

Այսինքն, այդ ժամանակ Սյունիքում առնվազն տեղի են ունեցել միակողմանի տեղորոշման/դիրքերի ճշգրտման աշխատանքներ, եթե չասենք՝ այստեղ կան նաև սահմանազատման դրվագներ:

Կարդացեք նաև

2020 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշել է հետևյալը.

«Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:

Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներ են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»:

Բայց դիրքային կամ սահմանային այս ճշգրտումներից հետո հենց Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում միջադեպեր են եղել հայերի և ադրբեջանցիների միջև։

Հետո արդեն տեղի ունեցան 2021-2022 թվականների ադրբեջանական ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով, և թեև սա ներկայացվում էր Բաքվի կողմից սահմանային ճշգրտումների քողի ներքո, սակայն, ինչպես օրերս գրել ենք, Ալիևը խոստովանել է, թե առաջին հերթին ինչի համար էին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած գործընթացները և ռազմական բախումները:

Եվ թեև մենք հայտնել ենք, որ սեպտեմբերյան ագրեսիայի օրերին ԱԱԾ սահմանապահների ուղղությամբ ադրբեջանական ոչ մի կրակոց չի եղել, ինչը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հաստատել է նաև ՀՀ ԱԱԾ-ն, սակայն սա չի նշանակում, որ հետագայում ՀՀ սահմանապահները չեն թիրախավորվել, կրակոցներ չեն եղել, իհարկե՝ եղել են: 2023 թվականի հունիսին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակոցից սահմանապահ ծառայության զինծառայող էր վիրավորվել: 

Ավելին, 2023 թվականի հունիսի 15-ին, առավոտյան 10:08-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը գրել էր, որ՝ «Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. փորձել են Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը»։

«Ի պատասխան սադրանքները դադարեցնելու մասին հայկական զինուժի զգուշացումներին՝ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել, որին հետևել են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները»,- հայտնել էր «Հայկական ժամանակը»:

Այս հրապարակումից հետո ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով.

«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»:

Այլ հարց է, որ, ինչպես կանխատեսել էինք, հայկական կողմի պատասխան գործողությունները, թերևս, քաղաքական որոշակի հաշվարկի արդյունք էին: Այսինքն, Հակարիի կամրջի եզրին Փաշինյանի «ստուգողական կրակոցն» անհետևանք չի մնացել: Բայց սրա մասին խոսել ենք, տվյալ դեպքում խնդիրն այլ է:

Այս համատեքստում հարկ է մի քանի կարևոր հայտարարություն հիշեցնել:

2023 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր. 

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում: Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ:

Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման»:

Սա ասվել էր՝ ի պատասխան Բաքվից հնչող այն պնդմանը, թե «միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը կիրառելի է այն պարագայում, երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից»:

«Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետության դեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- մասնավորապես, շեշտել էր Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ հավելելով, որ Ալմա Աթայի հռչակագրում ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ:

Իսկ Փաշինյանի միտքն ավելի ուշ կրկնել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով.

«Սահմանը եթե սահմանազատված չէ, չի նշանակում, որ սահման չկա: Նույնիսկ ձևակերպման մեջ է պատասխանը՝ սահմանի սահմանազատում, այսինքն՝ այդ սահմանը կա, որ հետո դա սահմանազատում են: ՀՀ-ն և Ադրբեջանն ունեն պետական սահման, նրանք այդ սահմանը ճանաչել են դեռևս 1991 թվականին, ի թիվս 11 այլ նախկին խորհրդային պետությունների, և նրանք պայմանավորվել են, որ նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես նորանկախ պետությունների միջև սահմաններ»:

Այսինքն, իշխանություններն այսօր հերքում են իրենց իսկ պնդումները, որ պետք չէ ֆիքսված սահմանը թիրախավորել, կամ՝ հատել: Իսկ եթե իշխանության ներկայացուցիչները կփորձեն, ամեն դեպքում, շարունակել սահմանազատման գործընթացի հետ կապել ադրբեջանական խախտումների լինել-չլինելու հարցը, ապա ունեցել ենք դեպք, երբ Տավուշի սահմանազատված հատվածում կրակոց է հնչել, այստեղ քանակն էական չէ, կանխվել են նաև զարգացման հնարավորություն ունեցող միջադեպեր:

Բայց սա էլ մի կողմ դնենք, աշխարհում չկա մի դեպք, որ պետական սահմանի խախտումներ չլինեն:

Սա Շաքիի դեպքի համատեքստում իշխանությունները պարբերաբար հիշում էին, այդ դեպքում՝ ով ասաց, որ չի հատվելու նաև սահմանազատված պետական սահմանը:

Կամ՝ ով է ասել, որ ադրբեջանցի զինվորը չի կարող մտնել ՀՀ տարածք՝ այդ սահմանը շրջանցելով, հատկապես, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում ՀՀ ռազմավարական նշանակության բարձունքները, և ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պարբերաբար լեռնային պայմաններում զորավարժությունների են մասնակցում՝ հարձակողական դրվագներով, դեռ չենք ասում բնակավայրերի գրավման սցենարները: Դեռ չենք խոսում Ադրբեջանի սահմանապահների զինվածության մակարդակի և պատերազմական փորձի մասին:

Եթե առնվազն մեր բարձունքները վերադարձվեն հայկական վերահսկողությանը, այդ դեպքում գոնե կարող է Փաշինյանի թիմը պնդել, թե սահմանազատված պետական սահմանը երաշխիք է, որ չենք ունենա ադրբեջանցի «հյուրեր», որոնք հանցագործություն կգործեն ՀՀ տարածքում և ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Այսինքն՝ հարցը ոչ թե սահմանազատման անհրաժեշտության կամ դրա օգտակարության մասին է, այլ այն պնդման, թե սահմանազատված պետական սահմանն ինքնին կբացառի դրա խախտումը։ Մինչդեռ սահմանը կարող է իրավականորեն հստակ լինել, իսկ դրա խախտման փորձը՝ միանգամայն հնարավոր։ Հետևաբար՝ «սահմանազատված սահման՝ և ադրբեջանցին այլևս չի մտնի Հայաստան» թեզն անվտանգության երաշխիք չէ, եթե դրա կողքին չկա այն պարզ պատասխանը, թե ո՞վ և ինչպե՞ս է կանխելու այդ մուտքը։ Արդյո՞ք համապատասխան կառույցները, այդ թվում՝ Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ն և սահմանապահ զորքերը, անհրաժեշտության դեպքում կկարողանան կանխել նման ներթափանցումը:

Հատկապես, երբ սահմանազատված հատվածում սահմանապահների ծառայությունն իրականացվում է սահմանափակված սպառազինությամբ, և այս միտումը պահպանվելու է:

Հ.Գ. Ի դեպ, արդեն մի քանի տարի է՝ Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ է հարևանների հետ, և դրա ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունվար: Եվ չի բացառվում, որ դարձյալ երկարաձգվի, քանի որ իրական խնդիրը կապված է նաև տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակի հետ, և ոչ միայն COVID վարակի տարածմամբ, ինչի մասին պաշտոնապես նշվում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031