Փաշինյանի «ռազմական» սադրանքը կամ սադրանքին չտրվելու հրաման՝ ըստ քաղաքական հաշվարկի
Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես էին եկել հայտարարություններով: Ֆրանսիայի ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Ներքին Հանդի միջադեպին:
«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր»,- նշել է Մակրոնը:
Իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում չի անդրադարձել այս դեպքին, անգամ՝ արձագանքի տեսքով: Ինչպես ասում են նման դեպքերի համար, ինչ պետք էր՝ արդեն արվել է: Իսկ ինչ է արվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր նույն օրը ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:
ՀՀ ՊՆ-ն այդ պահին չէր մեկնաբանել տարածված տեղեկությունը, որին ադրբեջանական կողմն ինչ-որ տեսանյութ էր կցել: Այսինքն, պիտի հասկանային իրավիճակը՝ ինչ է տեղի ունեցել, ու նոր միայն հայտարարություն տարածեին:
Ավելի ուշ հանկարծ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն է հաղորդագրություն տարածում, որտեղ նշվում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան–Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:
Մինչ այս պահը մեզ չի հաջողվել Ռազմական ոստիկանությունից կամ Պաշտպանության նախարարությունից պարզել, թե ինչ փուլում է հետաքննությունը, և ինչ է այս օրերին պարզվել։
Իսկ փետրվարի 13-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:
Ադրբեջանն իր գործողությունները որակել էր` որպես հատուցում կամ պատասխան գործողություն՝ պնդելով, որ վերջին ամիսների հրադադարի ռեժիմի պահպանումը հայկական կողմն է խաթարել և պահանջել պատժել իրենց զինծառայողին վիրավորողին:
Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմակիցներն օրեր շարունակ խոսեցին, թե բանակը չպետք է դարձնել անկանոն գործողությունների համակարգ, եթե եղել է խախտում, ապա մեղավորները պետք է պատժվեն, որովհետև անկանոն գործողությունները կարող են վերածվել լայնածավալ գործողությունների:
Ավելին, իշխանություններից նույնիսկ առաջարկ արեցին, որ փոփոխություններ ու լրացումներ կատարվեն Քրեական օրենսգրքում և «Պաշտպանության մասին» օրենքում, որպեսզի զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ հանդիսանա նաև «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը:
Այսինքն, հետաքննության արդյունքները գոնե հրապարակավ հայտնի չեն, բայց Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» ի լուր աշխարհի մեղավոր կարգվեց հայկական կողմը, ինչն այլ առիթներում ևս ադրբեջանական կողմից օգտագործվելու է:
Իսկ որոշ ժամանակ հետո, երբ Ռազմական ոստիկանության վրա տեղեկատվական առումով շատ «ճնշում» լինի՝ բացահայտելու հետաքննության ընթացքն ու արդյունքները, չի բացառվում, որ լսենք՝ «մեղավորը» զոհվածներից էր, և հարցը փակեն, կարևորը՝ քաղաքական խնդիրը կատարված է:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ, չգիտես ինչու, սադրանքների չգնալու և սադրանքներին չտրվելու հրաման տվող Նիկոլ Փաշինյանը նույնը չարեց 2023 թվականի հունիսին, ավելին՝ տրվեց ճիշտ հակառակ հրամանը, ինչին 168.am-ն անդրադարձել էր՝ «Փաշինյանի «ստուգողական կրակոցը» Հակարիի կամրջի եզրին. Ո՞ւմ և ինչի՞ն էր այն ուղղված» վերնագրով հոդվածում:
2023 թվականի հունիսի 15-ին, առավոտյան 10:08-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը գրել էր, որ՝ «Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. փորձել են Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը»։
«Ի պատասխան սադրանքները դադարեցնելու մասին հայկական զինուժի զգուշացումներին՝ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել, որին հետևել են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները»,- հայտնել էր «Հայկական ժամանակը»:
Այս հրապարակումից հետո ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով.
«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»:
Իսկ «Հայկական ժամանակը» անընդհատ թարմացնում էր իր սկզբնական տեղեկությունը՝ սլաքն ուղղելով ռուս խաղաղապահներին, որ «ադրբեջանցիները ռուսների օգնությամբ իրենց դրոշը տեղադրել էին Հայաստանի տարածքում, ռուս զինծառայողներն իրենց զրահափոխադրիչներով պատնեշ էին դրել, ինչից հետո ադրբեջանական կողմը դրոշ էր տեղադրել»:
Ավելի ուշ տելեգրամյան ալիքներում հայտնվել էր տեսանյութ, որում, ինչպես «Հայկական ժամանակն» էր գրել, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել ՀՀ տարածքում։
Հունիսի 15-ին գրեթե միաժամանակ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր, որ Բերձորում (Լաչին) ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ տեղի ունեցած Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի հետևանքով:
Նույն օրը ժամը 13:35-ին Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում էր ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը:
Իսկ ԱԺ-ում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատահական չէր համարել հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ դրոշ տեղադրելու և Տեղ գյուղում կրակոցներ արձակելու սադրանքները։
«Ադրբեջանի սադրանքը կապված է հենց օրվա հետ, քանի որ այսօր ՀՀ-ում նշվում է պետական խորհրդանիշների օրը։ Իրենք փորձել են այս ձևով ևս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը, բայց ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների` նրանց նպատակը չի իրականացել»,- նշել էր նա՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից անընդհատ ապատեղեկատվություն տարածելը և նաև կոնկրետ գործողություններով իրավիճակը սրելը նպատակ ունեն ցույց տալու, որ հայկական կողմն ունի ապակառուցողական դիրքորոշում և մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը։
Ադրբեջանն էլ հայկական կողմի պատասխան կրակոցի պատրվակն օգտագործելով, միջադեպի օրը՝ 2023 թվականի հունիսի 15-ին, Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելել էր:
Բացի դրանից, չեղարկվել էր հումանիտար հրատապ կարիքներից ելնելով այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:
Կասեցվել էր նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:
Արդյո՞ք սա Նիկոլ Փաշինյանը չէր հաշվարկել. իհարկե հաշվարկել էր, այդ պահին քաղաքական այլ հրաման էր պետք տալ բանակին՝ մի «աննշան» քայլին ի պատասխան:
Իսկ 2024 թվականի փետրվարին տեղի ունեցած Ներքին Հանդի միջադեպի համատեքստում ԱԽ քարտուղարը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ՝ հաստատելով ԵՄ դիտորդական առաքելության արդարացումները: Այս հարցը ևս պարզաբանումների կարիք ունի:
Մի բան փաստ է՝ ՀՀ տարածքում կարևոր հարցեր մենք չենք որոշում, և ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Գրիգորյանը համոզված են, որ ՀՀ-ն դե ֆակտո ինքնիշխան է, և դրա պահպանման ուղղությամբ արել և անում են ամեն ինչ: