ԱԱԾ-ն հաստատում է՝ սեպտեմբերյան ագրեսիայի օրերին ԱԱԾ սահմանապահների ուղղությամբ ադրբեջանական ոչ մի կրակոց չի եղել
168.am-ը գրել էր, որ սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ թշնամին թիրախավորել է այն հատվածները, որի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ զինված ուժերը՝ ժամկետայիններ, պայմանագրայիններ:
Այսինքն՝ հակառակորդի վերջին գործողությունների ժամանակ Սյունիքի հատվածի՝ ԱԱԾ սահմանապահների պահպանությանը հանձնված ուղղությունները չեն թիրախավորվել, չի հնչել ոչ մի կրակոց, չի եղել ոչ մի վիրավոր:
Հոկտեմբերի 13-ին ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն հաստատել է 168.am-ի այս պնդումը:
«Տեղեկացնում ենք, որ 2022-ի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների օրերին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանվող տեղամասերի ուղղությամբ հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- նշված է ԱԱԾ պատասխան գրության մեջ:
168.am-ն ԱԱԾ-ից նաև փորձել է պարզել՝ այս ամիսներին ավելացել կամ ընդլայնվե՞լ են ԱԱԾ սահմանապահ զորքերի պահպանությանը հանձնված վայրերը, և արդյո՞ք դրանց մեջ այն սահմանային հատվածներն են նաև, որոնք մինչ այդ ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ են եղել:
Այս համատեքստում մենք հիշեցրել ենք 2022 հուլիսի 15-ին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, պետք է հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, իսկ բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր»։
«Հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը սահմանի տեղամասեր պահպանության չեն ընդունվել: ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պետական սահմանի պահպանությունը իրականացնում են՝ հայ-վրացական սահմանի՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի և հայ-ադրբեջանական պայմանական սահմանի՝ Սյունիքի մարզին հարակից տեղամասերում»,- պատասխանել է ԱԱԾ-ն: