«ՀՀ տարածքների հաշվին ձևավորվելու է չեզոք գոտի. հայկական զորքերը դիրքավորվելու են ՀՀ տարածքի խորքում, որովհետև սահմանագծին ադրբեջանական կողմն է». Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Կառավարության այսօրվա նիստում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:

«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և, որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»: Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել Սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք այդ նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- շարունակել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, Ադրբեջանը խոսում է նաև նոր ճանապարհի համատեքստում նոր բարձունքներ իր վերահսկողության տակ վերցնելու մասին:

Ռազմական և ռազմավարական առումով ի՞նչ ռիսկեր է սա ստեղծում, հատկապես՝ Սյունիքի համար, 168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց.

«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները՝ իմանալով, որ ապրիլի 1-ից միջանցքը՝ Հայաստանն Արցախին կապող երթուղին Տեղ գյուղից տեղափոխվելու է Կոռնիձոր, և մոտ 5 կմ-անոց հատված մնալու է անպաշտպան, նախապես Զինված ուժերը կամ Սահմանապահ զորքերը համապատասխան տեղակայում այդ ուղղությամբ չեն իրականացրել, ինչից օգտվելով՝ ադրբեջանական զորքերը երթուղու փոփոխությունից 2 օր առաջ եկել և ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում հենց սահմանագծին: Սա նշանակում է, որ հայկական զորքերն այդ հատվածում դիրքավորում իրականացնելու են արդեն ՀՀ տարածքի խորքում, որովհետև սահմանագծին ադրբեջանական կողմն է: Դա նշանակում է, որ ՀՀ տարածքների հաշվին ձևավորվելու է չեզոք գոտի, և առաջինն այդ հատվածում եկած ադրբեջանական զորքերը հնարավորություն են ստացել դիրքավորվել բոլոր բարենպաստ բարձունքներում: Սա նշանակում է, որ առաջնագծի այդ ուղղությամբ բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու ցանկացած պարագայում»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասած դիրքերի անփոփոխ մնալուն կամ փոփոխությանը, Տիգրան Աբրահամյանը կրկնեց, որ այդ հատվածում՝ մոտ 5 կմ, փաստացի առաջնագիծ չի եղել, այն եղել է, այսպես կոչված, բուֆերային գոտի: Այսինքն՝ ինչպես նշվեց, Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-անոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-անոց միջանցքի հատված էր, և ՀՀ-ն և Ադրբեջանն այդտեղ զորքեր չեն տեղակայել:

«Բայց քանի որ ապրիլի 1-ից միջանցքն անցելու է Կոռնիձորով, այսինքն, այդ 5 կմ-անոց ճակատը Կոռնիձորում պետք է տեղակայվի, Ադրբեջանն արագ եկել և դիրքավորվել է: Եվ քանի որ առաջինն Ադրբեջանն է սկսել դիրքավորումը, նա իր համար ընտրել է այնպիսի հատվածներ, որոնք լիարժեք բարենպաստ պայմաններ են ապահովելու»,- կրկնեց ընդդիմադիր պատգամավորը:

Իսկ թե արդյոք 2021-2022 թվականներին Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակումները և ՀՀ ինքնիշխան ադրբեջանական առաջխաղացումները չէ, որ նաև հեշտացրին Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ի դեմ իրականացված ադրբեջանական բոլոր հարձակումները եղել են բազմաշերտ նպատակներ հետապնդող:

«Ստեղծել են բարենպաստ իրավիճակ՝ հետագայում ըստ իրավիճակի գործելու համար: Այն գործողությունը, որն այսօր տեղի է ունենում Տեղ գյուղի հատվածում, շարունակությունն է 44-օրյա պատերազմին հաջորդած գործողությունների՝ սկսած Ադրբեջանին Կապան-Գորիս ճանապարհի հանձնումից՝ վերջացրած Ծավ, Ներքին Հանդից մինչև Կուտական ադրբեջանական դիրքավորումով: Այն ժամանակ էլ հայկական զորքերը, իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում հրաման չէին ստացել դիրքավորվելու այն հատվածներում, որտեղ նախկինում մարտական դիրքեր չէին եղել, սակայն այս իշխանությունների կողմից Քարվաճառի և Քաշաթաղի հանձնումից հետո մեծ սահմանագիծ էր ձևավորվել, և ադրբեջանցիները եկել ու տեղակայվել էին այն հատվածներում, որտեղ ցանկացել էին, բոլոր այն բարձունքներում, որոնք իրենց համար մարտավարական և ռազմավարական նշանակություն ունեին»,- մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրված քարտեզների, թշնամու զինուժը կարողացել է դուրս գալ առանցքային և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ՝ Արևելյան Սևանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղությամբ՝ դեպի Քարվաճառ, ինչպես նաև՝ Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի հետևանքով գրավել են մի քանի հայկական դիրք: Այսինքն, Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը:

 

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը 2020-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանաթուրքական դաշինքը նպատակ է ունեցել առաջին հարվածով հարավային և հյուսիսային ուղղություններով ճեղքել պաշտպանությունը:

«Հարավային ուղղությամբ նա փորձում էր կտրել Իրանի սահմանը՝ Ղարաբաղի մասով, և հասնել Մեղրիի սահմանին, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ նա փորձում էր դուրս գալ դեպի Քելբաջար՝ փակելով Լաչինի միջանցքը, և դրանով շրջափակել Արցախը։ Սակայն նրանք չեն հասել իրենց նպատակին»,- հավելել էր այդ ժամանակ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս