Արցախի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվածների կենսագրությունները
Արցախի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել այսօր ադրբեջանական զինուժի կողմից իրականցրած դիվերսիայի հետևանքով զոհվածների կենսագրությունները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝
փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Արարատ Թելմանի Գասպարյան
Ծնվել է 1997 թվականի հուլիսի 1-ին: 2015-2017թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2022 թվականին ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը:
2019 թվականին ծառայության է ընդունվել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում, այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 8-ից ծառայությունը շարունակել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում:
2022 թվականին նշանակվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնին՝ լեյտենանտի կոչումով:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:
Դավիթ Վալերիի Դանիելյան
Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին: 2004-2006թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2002 թվականին ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: 2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության մայորի կոչում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:
Արմեն Մայորի Բաբայան
Ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին: 1993-1996թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը:
1999 թվականին ծառայության է ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ/:
2014 թվականից ծառայության է անցել Ոստիկանության պետական պահպանության վարչությունում իսկ 2015 թվականից ծառայությունը շարունակել Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում:
2018 թվականին նշանակվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետ:
Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության փոխգնդապետի կոչում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով: