Փաշինյանի «ստուգողական կրակոցը» Հակարիի կամրջի եզրին. Ո՞ւմ և ինչի՞ն էր այն ուղղված

Հունիսի 15-ին առավոտյան 10:08-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը գրել էր, որ «Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. փորձել են Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը»։

«Ի պատասխան սադրանքները դադարեցնելու մասին հայկական զինուժի զգուշացումներին՝ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել, որին հետևել են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները»,- հայտնել էր «Հայկական ժամանակը»:

Ի դեպ, այս տեղեկությունն ադրբեջանական առաջատար համարվող լրատվամիջոցները տարածեցին միայն «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո:

Կարդացեք նաև

Այս միջադեպի մասին ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը ևս հաջորդել էր «Հայկական ժամանակի» հրապարակմանը:

«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»,- նշված էր ԱԱԾ հայտարարության մեջ:

Իսկ «Հայկական ժամանակը» անընդհատ թարմացնում էր իր սկզբնական տեղեկությունը՝ սլաքն ուղղելով ռուս խաղաղապահներին, որ «ադրբեջանցիները ռուսների օգնությամբ իրենց դրոշը տեղադրել էին Հայաստանի տարածքում, ռուս զինծառայողներն իրենց զրահափոխադրիչներով պատնեշ էին դրել, ինչից հետո ադրբեջանական կողմը դրոշ էր տեղադրել»:

Ավելի ուշ տելեգրամյան ալիքներում հայտնվեց տեսանյութ, որում, ինչպես «Հայկական ժամանակն» էր գրել, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել ՀՀ տարածքում։

Հունիսի 15-ին գրեթե միաժամանակ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր, որ Բերձորում (Լաչին) ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ տեղի ունեցած Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի հետևանքով:

Նույն օրը ժամը 13:35-ին Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում էր ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողը:

Այս միջադեպի շուրջ ծավալված հայկական սեգմենտի արձագանքը կամ հակառուսական տրամադրությունների մեջ էր, կամ հայկական կողմի կամ ուժերի «հերոսացման», որ պատասխան կրակ է արձակել, և չի հանդուրժվել սահմանի հատումը:

Այն, որ բանակը, ուժային կառույցներն անգամ մեկ միլիմետր առաջխաղացման փորձի դեպքում պետք է պատասխան գործողություններ ձեռնարկեն, վիճարկման ենթակա չէ, ինչի մասին մշտապես գրել ենք:

Բայց երբ 2021-ի մայիսի 12-ին ադրբեջանական զինծառայողները քայլելով անարգել մտնում են ՀՀ ինքնիշխան տարածք, և չի լինում ոչ մի հակազդում՝ չնայած հանրության և փորձագետների պահանջին, երբ նմանատիպ դեպքերը շարունակական բնույթ են կրում՝ գուցե երբեմն մարտական գործողությունների միջոցով, բայց չի լինում համաչափ գործողություն, որի արդյունքում այսօր ունենք ավելի քան 150 քկմ օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածք, Հակարիի դեպքը հարցեր առաջացրեց իշխանությունների «ձեռամբ» տեսանյութի տարածումից հետո, և ոչինչ, որ հետո ՀՀ ԱԳՆ-ն դժգոհություն էր հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից՝ կապված ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ:

Իսկ ԱԺ-ում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատահական չէր համարել հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ դրոշ տեղադրելու և Տեղ գյուղում կրակոցներ արձակելու սադրանքները։

«Ադրբեջանի սադրանքը կապված է հենց օրվա հետ, քանի որ այսօր ՀՀ-ում նշվում է պետական խորհրդանիշների օրը։ Իրենք փորձել են այս ձևով ևս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը, բայց ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների` նրանց նպատակը չի իրականացել»,- նշել էր նա՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից անընդհատ ապատեղեկատվություն տարածելը և նաև կոնկրետ գործողություններով իրավիճակը սրելը նպատակ ունեն ցույց տալու, որ հայկական կողմն ունի ապակառուցողական դիրքորոշում և մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը։

Իսկ Ադրբեջանը հայկական կողմի պատասխան կրակոցի պատրվակն օգտագործելով, միջադեպի օրը՝ հունիսի 15-ին, Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելել էր:

«Բացի դրանից, չեղարկվել է հումանիտար հրատապ կարիքներից ելնելով այսօր նախատեսված ՍտեփանակերտԳորիսՍտեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Եվ հունիսի 15-ից Արցախը հայտնվեց տոտալ շրջափակման մեջ՝ առաջացնելով առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների խնդիր, և ոչ միայն: Եվ այսօր կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ:

Ի դեպ, արդեն հուլիսի 7-ին տելեգրամյան ալիքներում մեկ այլ տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում է՝ ՌԴ խաղաղապահներն իջեցնում են Ադրբեջանի դրոշը, ըստ հաստատված տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել հունիսի 15-ին: Գուցե սա էլ մոնտաժված կամ ոչ ամբողջական տեսանյութ էր: Սակայն խնդիրն այն է, որ այս ամբողջ պատմության մեջ տուժողը եղավ ՀՀ սահմանապահ զորքերը և բանակը, որոնք կամա թե ակամա դարձան Փաշինյանի քաղաքական խաղի մասնակից: Բացի Փաշինյանից, շահեց Ադրբեջանը, թերևս՝ ՌԴ-ն, խաղաղության օրակարգի հիմնական խաղացողները, իսկ ամենաշատը տուժեց Արցախն ու արցախահայությունը:

Եվ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, նշել է. «Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է»:

«Հիշեցնեմ, այդ օրն Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքում, արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը: Հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունն է սադրանքը՝ առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են: Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և, ընդհանրապես, խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման»,- շարունակել է նա:

Փաշինյանի հայտարարության մեջ ուշագրավ պահ կա: Այն է՝ ՀՀ ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ է կատարվել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Այսինքն, տեղի է ունեցել պետական սահմանի հատում, ինչի համար ևս ադրբեջանական սադրանքին հետևել է սահմանապահ ուժերի պատասխան գործողությունը, կրակոցը:

Իսկ Փաշինյանը ՀՀ տարածքի մասին խոսելիս հատուկ շեշտում է՝ Հակարիի կամրջի եզրին: Իրականում, ըստ տարածված տեսանյութի, դրոշը տեղադրվում է հենց կամրջի եզրին, որին, թերևս, քաղաքական պատվերով հակազդումը լինում է կրակոցով: Կրկնում ենք՝ հակառակորդի ցանկացած առաջխաղացման ուժային կառույցները պիտի արձագանքեն, բայց երբ ավելի խիստ դեպքերում չի լինում հակազդում, իսկ «փոքր» դեպքերում լինում է, հարց է առաջանում՝ արդյո՞ք հաշվարկվել էին ադրբեջանական պատասխան գործողությունների պատասխան սցենարներն ու հետևանքները: Բնականաբար, ոչ: Սա լավագույն դեպքում, վատագույն դեպքում՝ հայկական կրակոցը քաղաքական հաշվարկ է եղել: Այս ամենը, բնավ, ադրբեջանական թեզի հաստատում չէ, ինչպես սիրում են կրկնել իշխանությունները, երբ նախապես փորձագետների և լրատվամիջոցների կողմից զգուշացումներ են արվում:

Մասնավորապես, Հակարիի կամրջի միջադեպից մեկ օր հետո՝ հունիսի 16-ին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ասել էր, որ ՀՀ իշխանությունները հստակ չեն ներկայացրել իրենց դիրքորոշումը՝ ո՞րն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ըստ նրա՝ սահման ասվածն իր մեջ 2 կոմպոնենտ է պարունակում, և միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը կիրառելի է այն պարագայում, «երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից»:

«Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետության դեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- շեշտել էր ադրբեջանցի դիվանագետը և հավելել՝ ՄԱԿ-ը ճանաչում է պետությունը, ոչ թե այս կամ այն սահմանները:

«Եվ Ալմաաթյան հռչակագրում ևս ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»,- հավելել էր Զուլֆուգարովը:

168.am-ը համապատասխան հոդվածում այս մասին հիշեցրել էր, որ ստացվում է՝ Ադրբեջանը չի ճանաչել և դեռևս չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, փոխարենը՝ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ:

Այսօր արդեն կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը խոստովանել է, որ պաշտոնական Բաքուն նման պայման է առաջ քաշում:

«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը՝ վիճարկելու տեղ թողնող դրույթներով, խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում»,- ասել է նա:

Եվ չնայած սրան՝ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունն է հաստատել Ադրբեջանի 86.600 և Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը:

Ավելին, նա նշել է, որ զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ:

«Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը ոչ թե սահմանի բացակայության մասին է վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է՝ որպես պետական սահման»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Փաշինյանը:

Թե ինչ վտանգներ է պարունակում հայելային հետքաշման Փաշինյանի առաջարկը ՀՀ-ի համար, բազմիցս գրել ենք, իսկ Ալիևը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում խոսել է  ՀՀ տարածքում ադրբեջանցիների բնակեցման մասին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն (Мы считаем, что насильственно депортированные из Армении азербайджанцы имеют право туда вернуться, когда Азербайджан и Армения нормализуют свои отношения и установят дипломатические отношения-Алиев), և ոչինչ, որ երկու երկրների միջև կնքվելիք փաստաթուղթը կոչվում է խաղաղության, երբ երկու երկրների միջև, ըստ էության, պատերազմ չի հայտարարվել:

Իսկ Փաշինյանի «ստուգողական կրակոցները» Արցախի և ՀՀ-ի վրա շատ թանկ են նստում և նստելու…

Տեսանյութեր

Լրահոս