Ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով
Արցախի Տեղեկատվական շտաբը ներկայացնում է այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա, որը Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի հերթափոխի վայր, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները:
«Խորին ցավակցություն ենք հայտնում մեր զոհված բոլոր երեք հայրենակիցների հարազատներին, որոնք բոլորը գտնվում են Արցախում»,- նշում են տեղեկատվական շտաբից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մարտի 5-ին` ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են: Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում թշնամին զոհեր է տվել ու հետ քաշվել, տարածքային կորուստներ չունենք: