Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 1-ին աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ Կառավարության հաղորդմամբ, այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:
«Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, սակայն լավ կլիներ, որ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը ձեռք բերեր և Հայաստանին, և Ռուսաստանին բարեկամ որևէ երկիր»,- փետրվարի 13-ին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետը։ Դատելով ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի քաղաքական-տնտեսական մերձեցման ներկայիս տեմպերից՝ ՀՀ վարչապետի նշած գաղափարը միանշանակ դրսից է հուշված, ինչում մենք դեռ կհամոզվենք։
Փետրվարի առաջին տասնօրյակում Հայաստանում ի հայտ եկան ոչ անհայտ թրամփյան (Զանգեզուրյան) «հանուն խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) միանգամայն նշանակալի շեշտադրումները։
Նիկոլ Փաշինյանը TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ հայաստանյան հասարակությանը պարզաբանումներ կամ դիրքորոշում չի ներկայացնում, սակայն ադրբեջանական կողմին արդեն վստահեցրել են՝ ՌԴ-ն չի մասնակցելու TRIPP-ի երկաթուղային հաղորդակցությանը։ Այս մասին Երևանն ու Բաքուն կարծես մոտ դիրքորոշումներ ունեն։