Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները, եթե Ռուսաստանը ևս դադարեցնի հարվածները Ուկրաինայի էներգետիկ համակարգին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ խոսքը փոխադարձ պայմանավորվածության մասին է. Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին և այլ էներգետիկ օբյեկտներին, եթե Ռուսաստանը չթիրախավորի Ուկրաինայի էլեկտրա- և ջրամատակարարման համակարգերը։ Ըստ նրա՝ համապատասխան առաջարկը ԱՄՆ կողմը պետք է փոխանցի Մոսկվային։
Զելենսկին նաև հայտնել է, որ Կիևը Վաշինգտոնից ակնկալում է «Patriot» համակարգերի համար լրացուցիչ հրթիռների ձեռքբերում, ինչպես նաև դրանց արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ արտահանման լիցենզիաներ:
Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ երկրին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Նա նշել է, որ Թրամփի հետ քննարկել է նաև պատերազմի ավարտին ուղղված դիվանագիտական գործընթացում Չինաստանի հնարավոր ներգրավումը՝ հաշվի առնելով Պեկինի ազդեցությունը Մոսկվայի վրա։ Զելենսկին հայտնել է, որ հաջորդ կարևոր քայլերից մեկը կարող է լինել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։


