Հայաստանը չի ցանկանա լքել ԵԱՏՄ-ն. ՀԱՊԿ և ԵԱՏՄ՝ երկու կառույց, մեկ պահանջ. Մոսկվան ստիպում է վերջնական ընտրություն կատարել

Աշնանային-ձմեռային քաղաքական սեզոնը Հայաստանի համար կարծես մտնելու է բացահայտ առճակատման և կոշտ որոշումների փուլ, որտեղ անվտանգային ճարտարապետության և տնտեսական ինտեգրման խնդիրները մոտենում են վերջնական հանգուցալուծման:

Ամիսներ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները 5-րդ անդամին՝ Հայաստանին, ուղիղ ասացին՝ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն էլ ասել է, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը: Դրա վերաբերյալ որոշումը, եթե դա պահանջվի, կընդունվի կոնսենսուսով»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է քվոտային պաշտոններում պետության քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։

Կարդացեք նաև

«Փաստացի այս իրավիճակը գործում է արդեն ավելի քան երկու տարի, որովհետև Հայաստանն իր քաղաքացիներին չի առաջադրում Քարտուղարության քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբից հետ է կանչել իր ներկայացուցիչներին»,- նշել է Վասիլևը։

Հիշեցնենք, որ փաստացի Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։

Դեռ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ: Երևանի կարծիքով՝ կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները։ Խոսքն այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական կողմի հարձակումների մասին էր։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին վճարումներ չկատարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կանոնադրության այն հոդվածի գործարկումը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:

Ակնհայտ է, որ նոյեմբերյան ՀԱՊԿ-ի նստաշրջանն ու դեկտեմբերյան ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի արտաքին քաղաքականության համար վերածվելու են դասական «ճշմարտության պահի»: Այս ֆոնին ուշագրավ է, որ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ այսօր շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, ով միացել էր ԵԱՏՄ-ում Հայաստանի դեմ հայտարարությանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ թե ՀԱՊԿ-ում, թե ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցի բարձրացումը պատահական չէ, քանի որ Ռուսաստանը, որն այս կազմակերպությունների առանցքն է, հարցը կոշտ է դրել: Ըստ նրա, եթե ՀԱՊԿ-ի դեպքում մինչ այս զարգացումներն ավելի կանխատեսելի էր իրավիճակը, թվում էր արդեն, որ Հայաստանը չի շարունակելու աշխատանքը և պատրաստ է այս մասով ցանկացած որոշման, քանի որ այդ ոլորտում համագործակցությունը փակված է համարում, ապա ԵԱՏՄ-ի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ ԵԱՏՄ-ում մեխանիզմները գործում են, տնտեսությունները փոխկապակցված աշխատում են:

«Բնականաբար, ԵԱՏՄ-ի աշխատող տնտեսական մեխանիզմներից, դրա աշխատանքի օգուտներից միանգամից զրկվելը բարդ է տնտեսության համար, երբ չկան այլընտրանքներ: Մյուս կողմից, բոլորի համար է պարզ, որ ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական ինտեգրացիոն կառույց չէ, միայն տնտեսական ինտեգրացիա բարդ է պատկերացնել, քանի որ տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են հատկապես Ռուսաստանի դեպքում և հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում»,- նկատեց վերլուծաբանը:

«Խնդրահարույցն այն է, որ երկու կառույցում էլ որոշում կայացնելիս պետք է ունենալ կոնսենսուս, և հատկապես ԵԱՏՄ-ի դեպքում Հայաստանից հնչող հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ հարցը բարդանալու է և գործընթացները հեշտ չեն լինելու»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ հայկական կողմն ըստ ամենայնի կընտրի վետոյի կամ կոնսենսուսի մեխանիզմների միջոցով կոշտ որոշումները զսպելու մարտավարությունը: Սակայն, ըստ վերլուծաբանի, դժվար է ասել, թե որքան է հնարավոր նման մարտավարությամբ երկարաձգել այս շրջանը, քանի որ, դա իր հերթին՝ խորացնելու է քաղաքական դիմադրությունն՝ ուղղված Հայաստանին:

Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, ակնհայտ է նաև, որ Արևմուտքը դեռևս պատրաստ չէ փոխհատուցել այն հնարավոր տնտեսական կորուստները, որոնք կարող են առաջանալ ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով:

«Սա է հիմնական պատճառը, թերևս, որ Հայաստանը չի ցանկանա լքել ԵԱՏՄ-ն, քանի որ չի լուծել տնտեսական հոսքերն այլ շուկաներ վերաուղղորդելու հարցերը, իսկ դա ամենաբարդ գործընթացն է այս ողջ գործընթացում»,- ասաց վերլուծաբանը:

Աշնանային-ձմեռային այս քաղաքական սեզոնը Հայաստանի համար դառնում է բախտորոշ հանգրվան, որտեղ Երևանը ստիպված է լինելու վերջնականապես հստակեցնել իր դիրքորոշումը ռուսաստանյան առանցքով գործող ինտեգրացիոն կառույցներում:

Թեև ՀԱՊԿ-ի պարագայում փաստացի հարաբերությունները սառեցված են, և որոշումների կայացումը կախված է կոնսենսուսից, ԵԱՏՄ ուղղությամբ իրավիճակն առավել բարդ է՝ հաշվի առնելով տնտեսական խորը փոխկապակցվածությունն ու այլընտրանքների բացակայությունը:

Առաջիկա ամիսների դիվանագիտական զարգացումները ցույց կտան, թե ինչպես կկարողանա Հայաստանը պահպանել տնտեսական կայունությունը և միաժամանակ շարունակել Արևմուտքի հետ ինտեգրման իր որդեգրած ուղին՝ առանց ցնցումների: Տնտեսական կապերի և աշխարհաքաղաքական կողմնորոշման այս խաչմերուկում Մոսկվան անընդհատ նեղացնում է Հայաստանի իշխանությունների  մանևրելու դաշտը և ժամանակ շահելու հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31