ԴՈՒ ՔԱՈՍ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ. ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԵԼԻ Է ՍՐՎԵԼՈՒ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ. ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆ
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանն է:

– Պարոն Բեքարյան, խորհրդարանական ընտրություններից հետո գլխավոր ինտրիգներից մեկը վերաբերում էր հայ-ռուսական հարաբերություններին և հարցին, թե ինչպես են դասավորվելու հետընտրական շրջանում բարձրաստիճան շփումները։ Օրերս Նիկոլ Փաշինյանին հաջողվեց զրուցել Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական պաշտոնական հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ Կրեմլը չունի փոխզիջումային տրամադրություններ, ընդհակառակը, Հայաստանի առջև կոշտ պահանջ է դրվում՝ հանրաքվե անցկացնել և որոշել՝ հայ ժողովուրդը ցանկանում է գնալ Եվրամիության հետ ինտեգրացիայի ճանապարհո՞վ, թե՞ պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Սա այլևս մի դիվանագիտական երկխոսություն չէ, այլ վերջնագիր, որը, ըստ էության, երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։
– Գիտե՞ք, այս իրավիճակը չի ստեղծվել մի օրում, երկու օրում, մեկ շաբաթում։ Սա բավականին երկար ընթացքի, Հայաստանի իշխանությունների կողմից հետևողական գործողությունների արդյունք է։ Սրա բոլոր կանխատեսման հիմքերը կային, ինչի մասին խոսում էինք նաև ձեզ մոտ հյուրընկալվելիս, որ այս ամենն իր հետ բավականին խնդրահարույց վիճակ է ստեղծելու։
Մի քանի հիմնական մեխեր եկեք ամեն դեպքում առանձնացնենք։ Առաջինը՝ ես չեմ ուզում, որ շփոթ ստեղծվի Հայաստանի եվրաինտեգրման գործընթաց ասվածի և ԵՄ-ին անդամակցության նույնացման արդյունքում։ Սրանք տարբեր բաներ են. եվրաինտեգրման գործընթաց Հայաստանի Հանրապետությունն ունի բավականին երկար տարիներ, ուներ մինչև 2018 թվականը և այլն։ Այսինքն՝ սա լրիվ այլ խնդիր է, սա ունի իր պարամետրերը՝ սկսած մարդու իրավունքների, ժողովրդավարության բլոկներից, վերջացրած տնտեսական գործակցությամբ։ Վերջը, չմոռանանք, որ Հայաստանը Եվրամիության հետ բավականին լուրջ պայմանագիր կնքեց դեռ մինչև այս իշխանությունների իշխանության գալը՝ հայտնի CEPA-ն, որը շատ խոր և լուրջ համագործակցության դաշտ է՝ բոլոր հնարավոր ոլորտներով։ Սա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի բաղկացուցիչն է։
Բայց պատահական չէր, որ մինչև 2018 թվականը նման օրակարգային կետ՝ Եվրամիությանն անդամակցության, չէր դրվում։ Չէր դրվում, որովհետև սկզբից ևեթ պարզ էր, որ այս պարագայում հայտնվում ես ուժային կենտրոնների շահերի բախման դաշտում, և այդ բախման դաշտում, լինելով փոքր երկիր, շատ լուրջ խնդիր է, երբ դու չես աշխատում շահերի հատման տիրույթում, այլ բախման վրա ինչ-որ իմաստով նաև պրովոկատիվ կեցվածք ես ձեռք բերում։ Սրանով ինչ-որ բանի օգուտ կտա՞ս, այսինքն՝ քո իսկ երկրի ազգային-պետական շահերին օգուտ կտա՞ս, թե՞ վնաս կտաս։ Պարզ բանաձևը հուշում է, որ վնաս կտաս։
Բայց սա եկավ, զարգացավ, հասավ այն կետին, որ տեղի է ունենում շատ անոմալ իրավիճակ․ ընդունվում է Եվրոպական միության անդամակցության գործընթացին առնչվող համապատասխան օրենք, և մյուս կողմից ասվում է, որ այո՛, ճիշտ է, ընդունել ենք, այո՛, հենց այդպես է, բայց քանի որ այսօր մենք դեռ չենք դառնում Եվրամիության անդամ, դրա համար փուլեր կան, և մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ի ներքո։ Հիմա այն, որ սա պիտի բացասական ընկալվեր, մեղմ ասած՝ բացասական, ինձ թվում է, այստեղ ևս ոչ մի հարց չկա և ոչ մի զարմանալի բան չկա։

Շատ կներեք, մի քիչ աննորմալ օրինակ բերեմ. սա մոտավորապես նույնն է, ինչպես ընտանիքում կինը կամ ամուսինը բացահայտ ասի, որ ես որոշում եմ ընդունել ձեզ լքելու և տեղափոխվելու, այլ ընտանիք կազմելու կամ այլ ընտանիքի մաս դառնալու, բայց քանի որ նրանք դեռ պատրաստ չեն, և ես էլ հեռախոս-հագուստս դեռ չեմ հավաքել, ես շարունակում եմ այստեղ ապրել, դուք էլ ինձ պիտի հանդուրժեք։ Այսինքն՝ սա շատ նման իրավիճակ է և պետք է բերեր անոմալ ռեակցիաների, ինչը և սկսվեց։ Այդ ռեակցիաները հասան նրան, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ նշելով, որ Հայաստանին պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվել։
Այստեղ կա նաև երկրորդ տարրը, որը չպետք է մոռանանք. իրենց ընկալման մեջ (և ինձ թվում է՝ բոլորս էլ կպատկերացնենք, որ այստեղ ճշմարտության շատ լուրջ բաժին կա) սա իմիջային շատ լուրջ հարված է։ Այսինքն՝ մնում ես՝ մնա, գնում ես՝ գնա, այս օդում կախված վիճակը նաև կառույցին է իմիջային հարված հասցնում։ Հայաստանի ազգային-պետական շահերի տեսանկյունից այդ կառույցի անդամ որևէ երկիր երկարաժամկետ գործակցության մեջ կմտնի՞ քեզ հետ նման պարագայում և իրավիճակում։
Սրան զուգահեռ՝ չենք մոռանում նաև մի այլ ածանցյալ գործոն. այդ երկրները նույն ՀԱՊԿ-ի հիմնադիր երկրներն են, ինչպես և Հայաստանը։ ՀԱՊԿ-ում էլ դու արդեն անդամակցությունը սառեցրել ես (իրենց իշխանությունների ասած բառամթերքով), չես մասնակցում նրա գործընթացներին և ժամանակ առ ժամանակ անընդհատ թարմացնում ես հայտարարությունը, որ դժվար թե հետադարձ ճանապարհ լինի մեր մասնակցությունը լիարժեք դարձնելու, և շատ ավելի հավանական է դուրս գալու ճանապարհը։ Հիմա հարց՝ անկախ նրանից, թե այդ երկրներից յուրաքանչյուրի պարագայում ինչպիսի բացասական տարաբնույթ բաներ կարող ենք ֆիքսել մեզ վերաբերող, հիմա պարզ չէ՞ր, որ արձագանքը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք։
Ընդ որում՝ ասում եմ, սա մի օրվա հարց չէ, այս պրոցեսը կանխատեսելի էր այն պահից, երբ սկսվեց այս անհասկանալի «պատից պատ» քաղաքականությունը, որում շատերը փորձում են ինչ-որ գաղափարական հենք գտնել։ Չկա նման բան, սա ընդամենը իշխանություն պահելու, իշխանությունը երկարաձգելու միտում ունի, ուրիշ ոչինչ մի փորձեք գտնել այդտեղ, սկզբունքայնություն, իհարկե, չկա. որտե՞ղ սկզբունքայնություն կար: Ենթադրենք՝ ՀԱՊԿ-ից դուրս գային, եթե պիտի մտածեին, որ այդ դեպքում անվտանգության հնարավոր արտաքին բաղադրիչը չի տուժի արդյոք, նույն բանը պիտի մտածեին, երբ այս հայտարարություններով սառեցրել են վիճակը, այսինքն՝ ոչինչ չի փոխվում, և շատ դեպքերում անգամ ծիծաղի առարկա ենք դառնում, երբ մեզ չեն ընկալում։
Հիմա նույն արևմտյան թևի աչքերով նայենք, ես ուզում եմ, որ մենք բալանսավորված նայենք։ Նրանց պատկերացման մեջ դու անընդհատ ձգտում ես, ռազմավարական գործընկերություն ես ստեղծում Եվրամիության անդամ երկրների հետ, փորձում ես Եվրամիության հետ անվտանգային ինչ-որ օրակարգ ունենալ, սա ես անում, նա ես անում, բայց միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ից դուրս չես գալիս, այլ ընդամենը անդամակցությունն ես սառեցրել։ Ի՞նչ է սա նշանակում։ Այսինքն՝ եկեք փորձենք նաև այն կողմից նայել, չնայած այն կողմն էլ իր հերթին այսօր բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում, որոնք գործող իշխանության հեռացումով անգամ այնքան արագ չեն մաքրվելու։
Օրինակ՝ նույն եվրոպական համայնքի կողմից արժեքային երկխոսությունից այս կարգի անցումը դեպի քաղաքական շահեր… ես չգիտեմ էլ ինչ ձևով ասեմ։ Եվրոպական կողմի էլիտաները և այսօրվա որոշում կայացնողներն են խնդիրը, որոնց պարագայում առավել քան համոզված եմ, որ հանրությունը նույն ձևով չի կարող դա ողջունել։ Բայց այդ նույն որոշում կայացնողները արժեքային դաշտը զրոյացրել են։
Հայաստանի վիճակին նայենք և այստեղ օգտվենք հարթակից՝ մեր զորակցությունը հայտնենք մեր բոլոր քաղբանտարկյալներին ու քաղհալածյալներին, որովհետև այն, ինչ կատարվում է, արդեն իր մեջ ոչ մի կարմիր գիծ չի պահպանում։ Նայե՛ք՝ քանի ուղղությամբ են ընդդիմադիր թևերը այս ընթացքում անընդհատ հանրությանը ներկայացրել երկրին առնչվող պրոբլեմները, վտանգները, մարտահրավերները, ռիսկերը։ Հիմա ի՞նչ՝ ընտրված ճանապարհը ո՞րն է։ Այսինքն՝ լռեցո՞ւմ, մարդուն քաղաքական բանտարկյալի կարգավիճակ տալով, լռեցո՞ւմ՝ ազատազրկելով։
Ցանկանում եմ թվարկել. տեսե՛ք՝ Սրբազան շարժումը՝ իր բոլոր ներառված մարդկանցով, որոնք անցան կամ անցնում են քաղբանտարկյալության ու քաղաքական հալածանքի բոլոր փուլերը։ Բագրատ Սրբազանից սկսած՝ հիշե՛ք, թե այդ մարդն ինչքան ժամանակ անցկացրեց անազատության մեջ։ Ինչո՞ւ, Միքայել Սրբազանը․․․ Այսինքն՝ նույն Մայր Աթոռի հետ կապված այդ գործերը, խայտառակությունը՝ նոր գործ դատարան ուղարկելը, երբ արդեն կաթողիկոս և սրբազաններ են թիրախում։

Գալիս ենք քաղաքական դաշտ․ Արմեն Աշոտյանը ինչքա՞ն ժամանակ էր քաղբանտարկյալի վիճակում, հետո՝ քաղհալածյալ, հիմա՝ նորից քաղբանտարկյալ, մենք ունենք կին քաղբանտարկյալի կարգավիճակում Արեգնազին։ Թևանյանի մասին՝ առանձին խնդիր, Ավետիք Չալաբյանը՝ առանձին խնդիր, այն ամենը, ինչ կատարվում էր «Բարգավաճ Հայաստանի» շուրջ և անմիջականորեն Գագիկ Ծառուկյանի հետ՝ սպառնալիքներ և դրանց իրագործում։ Առաջին հերթին հիմա բոլոր անունները տալ հնարավոր չի լինի, բայց զորակցությունս եմ հայտնում բոլորին՝ Ծառուկյանին կլինի, Աշոտյանին, Սրբազանին, Թևանյանին, Չալաբյանին, Արեգնազին, որովհետև այս խայտառակությունն արդեն մի այլ կարգի է։ Եվ նորից եմ կրկնում՝ վստահաբար մենք շատ անուններ հիմա չենք էլ տալիս, ուղղակի թող ներող լինեն մեր բոլոր հայրենակիցները։
Այս պարագայում այս տոտալ լռությունը և, ընդհակառակը, Հայաստանի ժողովրդավարության գովքը․․․ Լավ, կարելի է արժեքներն ինչ-որ ժամանակ համադրել քաղաքական շահերի հետ, բայց արժեքները այս կարգի զրոյացնե՞լ, կամ ընտրական և հետընտրական գործընթացի, լեգիտիմության խնդիրները, քրեական գործերը «Ուժեղ Հայաստան»-ի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ և այլն։ Այսինքն՝ ես չգիտեմ… այս պարագայում սա դառնում է խարան եվրոպական ուղղության վրա։ Եվ այդ խարանից ազատագրվելը, նորմալ վիճակի գալը անգամ այն ժամանակ, երբ այս իշխանությունները չլինեն (բոլորս հասկանում ենք չէ՞, որ հավերժ չեն), շատ բարդ է լինելու։ Եվ ամենակարևորը՝ կապողը, սոսնձողը Հայաստանի և եվրոպական ուղղության միջև, այն, ինչ իրենից ներկայացնում էր արժեքային բաղկացուցիչը, այսօր դրված է հարվածի տակ, ոչնչացվում է ուղղակիորեն։
– Պարոն Բեքարյան, այս ամենին զուգահեռ՝ տեսնում ենք, թե քարոզչական ինչ աշխատանք է իրականացնում նույն Բրյուսելը․ տեսանք եվրոպաշտոնյաներին՝ ծիրաններով լուսանկարվեցին, Մարտա Կոսը մուրաբա պատրաստեց, մի քանի աջակցության խոսքեր, ընտրություններից հետո Կայա Կալասի այցը Հայաստան և հայտարարությունը՝ «մենք Ձեզ կպաշտպանենք Ռուսաստանից» և այլն։ Եվ այս քարոզչությունն ինչ-որ տեղ նաև աշխատում է:
– Նայե՛ք, ուրեմն մենք անդրադարձանք արժեքային կոմպոնենտին.Ես դրա համար եմ շարունակում միտքս. տեսե՛ք՝ այդ տարիքի մարդուն, օրինակ՝ նույն Գագիկ Ծառուկյանին, անգամ այն կադրերը, որոնց ականատես եղանք․․․ Լավ, այստեղ նստած եվրոպական դեսպանները պիտի՞ արձանագրեն կամ զեկուցեն իրենց մայրաքաղաքներ կամ Եվրամիության գրասենյակ (Բրյուսել), որ սա իրենց պատկերացրած արժեքային դաշտի բաղկացուցիչն է։
Կամ՝ չենք մոռանում պարզ բան. այս իշխանությունը 2018 թվականից՝ 8 տարի անց, ո՞նց արեց, որ բոլորի հետ կապված խնդիրները չակերտավոր եկան կուտակվեցին 2026 թվականի նախընտրական, ընտրական, հետընտրական շրջանում։ Լավ, ծիծաղելու չէ, իրականում։ Եվ հիմա՝ նորից եմ կրկնում, Եվրամիության տարբեր պաշտոնյաների կեցվածքն այս պարագայում․․․ կամ ես մի փոքր թեքեմ սլաքները՝ տեսնում ենք՝ ի՞նչ է տեղի ունենում Բաքվում մեր պահվող անձանց, պատանդների և գերիների հետ կապված, որոնք շինծու դատավարություններ են, այս ամբողջ ընթացքն է, միջազգային հումանիտար իրավունքից մինչև ցանկացած պայմանավորվածությունների խախտումն է։
Պարզագույն օրինակ եմ բերում. ի՞նչ է նշանակում՝ «մենք կպաշտպանենք Հայաստանը Ռուսաստանից»։ Այսինքն՝ տեսնում ենք՝ ոնց եք պաշտպանում Ուկրաինան:
– Դեռ ԵՄ անդամ էլ չէ։
– Այո՛, տեսնում ենք՝ ոնց եք պաշտպանում, և օրինակ՝ հիմա ցանկացած մարդ, քաղաքացի, սա՞ է ուզել իր պետության և երկրի համար, ինչպես, օրինակ, նույն Ուկրաինայում․ սա՞ է պատկերացրել իր երկրի, իր ընտանիքի, իր զավակների ապագան։ Այո, փիառը կաշխատի, հասկանալի է, կամ նույն գյուղմթերքի հետ կապված՝ այդ ծիրանները և այլն։ Ուրեմն, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ժամանակ է պետք, ինչքան աշխատանք է պետք, որպեսզի, օրինակ, նույն ծիրանը եվրոպական շուկայում հայտնվի այն ծավալներով, ինչ ծավալով, օրինակ, հայտնվում էր ռուսական շուկայում։ Եվ արդյո՞ք Եվրոպան այդ քվոտային դաշտը ապահովելո՞ւ է փիառից դուրս, և արդյո՞ք այն երկրները, որոնք եվրոպական շուկայի հիմնական ծիրան ապահովողներն են ԵՄ անդամներից, դրան վերաբերվելո՞ւ են շատ ադեկվատ, երբ քաղաքական այսպիսի որոշում կա։ Պետք է տարբերել փիառը իրականությունից։
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների այս տարվա ամենամեծ իրենց թողած հետքն ու հետևանքը (դա միայն տարաբնույթ կեղծիքները և լեգիտիմության խնդիրները չեն լինելու), ամենամեծ հարվածը Հայաստանի սուբյեկտայնության և սուվերենության ծանրագույն անկումն է, որ ընտրությունների և այդ ամբողջ գործընթացի ներքո հնարավոր եղավ արձանագրել։ Ես ձեզ պարզագույն օրինակ եմ բերում. գտեք երկիր, որ մեր հետ առնչություն ունի, և ուղղակի կամ անուղղակի ձևով մեր երկրի ներքին գործերին չմիջամտեց։
Ունեցանք միջամտություն Թուրքիայից՝ բավական բարձրաստիճան, իշխանությունների օգտին, ունեցանք միջամտություններ եվրոպական տարաբնույթ պաշտոնյաներից, ունեցանք միջամտություններ Միացյալ Նահանգների բավականին բարձր պաշտոնյաներից, ընդ որում՝ մեջը դնելով տրամաբանական գործընթացի հետ հատում չտվող իրավիճակներ։ Այսինքն՝ տեղի է ունենում Միացյալ Նահանգների պետքարտուղարի այց «Զվարթնոց» օդանավակայան, որին դժվար է անվանել այց Հայաստանի Հանրապետություն՝ 40 րոպեանոց այց։

Բայց այնտեղ մի ունիկալ ուրիշ պատմություն կա, բացի նրանից, որ ինքը խրոնոլոգիայով ամբողջ նախընտրականին է առնչվում, որ մարդը հասնում է, երկու պաշտոնյաներ իրար տեսնում են, բայց իրենք նախաստորագրում են, ոչ թե ստորագրում ԹՐԻՓՓ-ը: Ընդամենը մի քանի օր հետո հեռահարով ստորագրում են․ փորձեք երեք անգամից գտնել այս պրոցեսի տրամաբանությունը, եթե ինքը երկարաձգված փիառը չէր և իշխանություններին օժանդակող՝ ներքին գործերին միջամտելու փորձը չէր։ Ռուսաստանի Դաշնության կողմից նույնն այն, ինչ որ հիմա կատարվում է, այդ բոլոր․․․ ի՞նչ անվանենք՝ սահմանափակումների ներքո։ Լավ, պարզ է՝ իշխանությա՞նն է վերաբերում, թե՞ ժողովրդին է վերաբերում։
Այսինքն՝ վերջիվերջո սա էլ է, չէ՞, դառնում միջամտման տարր իր էությամբ, թեկուզ և հետընտրական։ Տեսե՛ք՝ սուբյեկտայնությունը ուր է հասցվել երկրի։ Եվ այդ հասցնողը ոչ թուրքերն են, ոչ ռուսներն են, ոչ եվրոպացիներն են, ոչ ամերիկացիներն են․ այս վիճակին բերողը Հայաստանի գործող իշխանություններն են։ Ես սա էլ եմ ուզում, որ մենք շատ հստակ հասկանանք։
Այսօր իրավիճակ է՝ մեկը պահանջում է Սահմանադրություն փոխել, այո՛։ Եվ այդ պահանջի ներքո հնարավոր բոլոր աճպարարություններն արվում են. այսինքն՝ մենք իրենց պահանջը կատարում ենք, այդ պահանջի մեջ իրենց ուզածն անում ենք, բայց դա մենք ենք անում, իրենց պահանջով չենք անում (աճպարարությունը պարզ է)։ Մյուսը պահանջում է հանրաքվե անցկացնել, էն մյուսը պահանջում է քայլերն ավելի մեծացնել, լայնացնել, էն մյուսն ասում է՝ բա մենք էսքան փիառն արեցինք, օժանդակությունն արեցինք, բա հակառակ գործընթացներն ո՞ւր են, դուք հլը ԵԱՏՄ-ում եք, դուք հլը ՀԱՊԿ-ից էլ պաշտոնապես դուրս չեք եկել և այլն։ Լավ, սա ի՞նչ է, ի՞նչ է սա, և սա երկրի սուվերենության ու սուբյեկտայնության հետ որևէ կապ կամ առնչություն ունի՞։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

