Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում. Ծառուկյանը չի կոտրվել. գիտեր, ընտանիքին զգուշացրել էր. հարձակվել, ոտքից քաշել են, որ կարողանան գցել. Երեմ Սարգսյան

Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը «Virtus» Law Group փաստաբանական գրասենյակի հիմնադիր և տնօրեն, փաստաբան Երեմ Սարգսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Պետական իշխանության ներկայացուցիչները, առավել ևս՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները երբեք չպետք է լինեն վրիժառու: Հնարավոր բոլոր պետական կառուցները, ներառյալ՝ իրավապահ համակարգը, այսօր կենտրոնացած է Գագիկ Ծառուկյանի վրա: Բոլորս տեսել ենք` ով է սկսել այս ամենը: Եթե Նիկոլ Փաշինյանի բառապաշարի 10%-ը որևէ ընդդիմադիր օգտագործեր, վաղուց կալանավորած կլինեին:

Կարդացեք նաև

  • Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ 3 անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին, ասաց՝ երազելու են երկրից գնալ, բայց չեն կարողանալու, չեն կարողանալու: Հունիսի 8-ին Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին հրավերով մեկնել արտասահման՝ առանց բացակայելու արգելքի ու դատարանի որոշման: Սա հանցագործություն է: Պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին առանց ԿԸՀ համաձայնության՝ ապօրինի մեղադրանք ներկայացրեցին: Ամբողջ ապարատով աշխատում են Նիկոլ Փաշինյանի ցանկությունները կատարելու համար:

Հիշեցնենք. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մասնավորապես՝ մայիսի 15-ին, Արմավիրում ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 7-ից հետո որոշ մարդիկ երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեն ունենալու այդ հնարավորությունը: «Նրանք Հայաստանի հանրապետության համը զգալու են դեռ շատ երկար, պետության համը նրանց բերանում դեռ երկար է մնալու։ Նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեն ունենալու այդ հնարավորությունը»,- հայտարարեց նա։

Մայիսի 18-ին սպառնալիքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: 

«Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ կկզացնեմ, կալուգացուն էլ, Գագոյին էլ, Սերժին էլ: Ես Ռոբին կկզացնեմ, ծնկի կբերեմ ու կսատկացնեմ, կալուգացուն էլ կկզացնեմ ու կսատկացնեմ…»,- հիստերիկ գոռում էր նա։

  • Հունիսի 23-ին վերադաս դատախազը մեղադրանքն ու բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ որոշում է կայացնում, բայց այդ որոշումը Գագիկ Ծառուկյանին չեն տալիս մինչև այն ժամանակը, երբ հուլիսի 5-ին նոր մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին նրան: Սա ևս մեկ հանցագործություն է:
  • Պետք է շրջանառությունից հանվի այն թեզը, թե ինֆորմացիա կրողն ինքն է ինֆորմացիայի տերը՝ երբ կուզի, կհրապարակի: Դա հանցագործություն է, իրավական անվտանգության խնդիր:

Հիշեցնենք. խոսքը մասնավորապես վերաբերում է այն դեպքերին, երբ իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չտվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին լքել ՀՀ տարածքը՝ իբրև թե վերջիններիս նկատմամբ կիրառված սահմանափակումների և հարուցված քրեական վարույթների պատճառով։ Օդանավակայանում՝ անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին ասել էին, որ ինչ-որ բան պետք է ճշտեն, այնուհետև ԱԱԾ տեսանկարահանումները կեղծ վերնագրերով, թե՝ տեսեք, փախչում են երկրից, տարածել էին փաշինյանական մեդիաներով, ինչի իրավունքը նրանք չունեին: Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ 

Ռ. Քոչարյանի գրասենյակը, արձագանքելով հունիսի 14-ին Քոչարյանի ելքի արգելքին, հայտարարել էր՝ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ սոցցանցի իր էջում հայտնել էր, որ եռօրյա այցով մեկնում է երկրից. «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։

ԱԱԾ-ն հաստատել էր՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին, նպատակը չէր բացահայտել: Դե, հո չէի՞ն ասելու՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է դա արվել: Առավել ևս, եթե ԶԼՄ-ների, մասնավորապես՝ Factor TV-ի գրավոր հարցմանն ԱԱԾ կողմից հուլիսի 3-ին պատասխանից առաջ, այդ արտահոսքի մասին Փաշինյանը հունիսի 18-ին արդեն հայտարարել էր.  «Ի՞նչ կա էդտեղ… ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էստեղ։ Այսինքն՝ իրա տիրապետած ինֆորմացիան ա՝ կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի: Ի՞նչ խնդիր կա էդտեղ»։ Հրահանգն ակնհայտ էր:

  • Երբ ինձ թույլ չտվեցին մտնել Գագիկ Ծառուկյանի տուն, ես հանցագործության մասին հաղորդում տվեցի ու զանգեցի ՄԻՊ-ի թեժ գծին: Որոշ ժամանակ հետո իմ մուտքը Գագիկ Ծառուկյանի առանձնատուն ապահովվեց: Դրանից հետո խուզարկությունն ընթացավ, ձերբակալման արձանագրությունը կազմեցին 19:15-ին, մինչդեռ նրան ձերբակալել էին առավոտյան 7-ին: Նրան այդ ժամին էին տապալել գետնին: Եվս մի հանցագործություն այդ ժամանակ է կատարվել: Բացարձակ ոչ իրավաչափ բռնություն է կիրառվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Մի քանի հոգով հարձակվելուց հետո ոտքից քաշեցին, նոր կարողացան գետնին գցել: Ի՞նչ էին ուզում ցույց տալ սրանով, որ պետությունն ուժե՞ղ է: Այո՛, որևէ պետություն՝ իր ուժային կառույցներով, իրավապահ մարմիններով, ուժեղ է քաղաքացու նկատմամբ, բայց պետության ֆունկցիան այն է, որ քաղաքացուն ցույց տա՝ ես քո պաշտպանն եմ և՛ երկրի ներսում, և՛ դրսում: 
  • Մենք լուրերից ենք իմացել, որ «Արարատցեմենտն» անցել է պետությանը, որ կառավարիչ են նշանակել: Կամ, որ ասում են՝ «Մուլտի Ուելնեսի» մարզաառողջարարական համալիրի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին… հարց եմ տալիս՝ Երևանի քաղաքապետարա՛ն, դուք մի լումա դրած կա՞ք էդ շենքի վրա:
  • Երբ դու ներսի հարուստներին ոչնչացնում ես, ի՞նչ ես մտածում՝ դրսի ներդրողներն այստեղ գալուց առաջ չե՞ն հետևում լուրերին, չե՞ն իմանում՝ ինչ է կատարվում այստեղ: Դրսի ներդրողը չի՞ մտածելու, որ կարող է գալ, խոշոր ներդրումներ անել, թույլտվություն ստանալ, շենք սարքի, բիզնես դնի, հետո ասեն՝ շենքդ պետականացնում ենք, բիզնեսդ խլում ենք… Ո՞վ է գալու այստեղ ներդրում անի՝ ՀԷՑ-ի ու Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողից հետո:
  • Գագիկ Ծառուկյանը գիտեր, ընտանիքին զգուշացրել էր, տարեց մորն էլ էր ասել՝ չխառնվես, այսպիսի բան է լինելու: Գագիկ Ծառուկյանին գետնին նետելուց հետո նույն գետնին գցողները ժամեր շարունակ հանգիստ Գագիկ Ծառուկյանի կողքին են նստել, խուզարկությունն իրականացրել
  • Իրենք իրավունք չունեին այդ տեսանյութը հրապարակել: Մենք առարկել էինք տանը նկարած որևէ բան հրապարակել, որովհետև դա էլ է պաշտպանվում անձնական կյանքի գաղտնիությամբ. դրա իրավունքը նրանք չունեին:
  • Խուզարկության գործընթացի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ ասում էր, թե Գագիկ Ծառուկյանը երևի մտածում էր, որ մենք կատակ էինք անում, երբ ասում էինք, թե այս գործընթացները սկսվելու են հիմա մենք մեր ասածն անում ենք։ Այսինքն՝ իրենք քաղաքական դիվիդենտների համար ինչ ասես խոսում են։ Ռուբինյանը հստակ հայտարարում է՝ մենք հանձնարարել ենք, հիմա անում ենք։ 
  • Եթե նախորդ իշխանությունների օրոք այս իրավիճակի նույնիսկ չնչին մասը տեղի ունենար, հիմա բոլոր եվրոպական կառույցներն ու ողջ աշխարհը կթնդային այս ամենից:

  • Ծառուկյանի գործով դատավորը մեզ ոչ մի հարց ձերբակալման մասին չի տվել, հետո եկել, ասել է՝ ձերբակալումն օրինաչափ է եղել: Եթե դու քննիչին ու պաշտպաններին հարց չես տվել, ո՞նց ես որոշմանդ մեջ գրել՝ ձերբակալությունը երբ է եղել:
  • Այն, ինչը Հայաստանում դատարանը համարել է խարդախություն, Իրանում 2-րդ ատյանի դատարանը դա չի համարել ո՛չ խարդախություն, ո՛չ հափշտակություն:
  • Եթե դուք կարդաք դատավոր Գարիկ Աբելյանի որոշումը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, ժամերով մեր նշած փաստերից մի բառ անգամ չկա այնտեղ գրած: Հիմա ես պիտի համարեմ, որ դա օրինական որոշո՞ւմ է:
  • Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հայտարարություն է տարածում, որ դատարանները կաշառքի գործով նախընտրական շրջանում մեծ մասամբ կալանավորում են ձերբակալվածներին: ԲԴԽ, Ձեզ ի՞նչ, ի՞նչ են անում: Ուզում էիք ինչ-որ մեկի մոտ արդարանալ, թե՝ տեսեք, կալանավորում ե՞նք:
  • Չեղած տեղը տուժող Գագիկ Ծառուկյանին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալ իրանցիներին՝ տուժող, բայց իրական հանցագործության փաստերը չեն ուզում տեսնել:
  • Գոնե ձևական վարույթ հարուցեիք, օրինակ, առյուծի անկման փաստով: Էդ կենդանիներն օրինական են ներմուծվել, փաստաթղթավորված են: Դուք որ Կենդանաբանական այգու կենդանիների վիճակը տեսնեք, կպատկերացնեք, որ իրենք չեն կարող նորմալ պահել, կերակրել Գագիկ Ծառուկյանի կենդանիներին:
  • Հյուրանոցը չի աշխատում, ռեստորանը չի աշխատում, «Մուլտի Ուելնեսը», կոնյակի գործարանը, մյուս բիզնեսները փակ են, չեն աշխատում, արտադրանք չեն տալիս, գումար չի գալիս, աշխատավարձ ինչպե՞ս են վճարելու իրենց աշխատակիցներին… Էս գործողություններն ուղիղ երկրի տնտեսությանն են խփում: Մարդկանց զրկում ես աշխատանքից, բիզնեսին՝ մրցակցային հնարավորությունից. մի ժամ չաշխատես, մրցակցությունից դուրս կմնաս, ու դա վերականգնելը տարիներ է տևելու:

  • Կարողանալո՞ւ են «Արարատցեմենտն» աշխատեցնել: Պետությունը, ցավոք, վատ մենեջեր է: Նշանակված չինովնիկն այդ գործարանում անձնական շահ չի ունենալու, իր համար մեկ է լինելու՝ ինչ կլինի: Դու պետք է լավ գործարար լինես, որ կարողանաս նման բիզնես աշխատեցնել: Գոնե շուտ հասկանան, որ չեն կարողանալու աշխատեցնել, քանի սնանկության չեն հասցրել: Էդ դեպքում վաճառելու են ուրիշի:
  • Դատախազությունն իբր տուժողներին ներկայացրել է իրանցի ներդրողներ, որ հնչեղ լինի: Մի հատ էդ իրանցի գործարարներին հարցրե՛ք՝ 1 դրամի ներդրում արե՞լ են: Իրենք ներկայացել են՝ որպես պետական ապարատի հետ կապ ունեցող անձինք, գումար ներդրել է բացառապես Գագիկ Ծառուկյանը: Իրանական կողմը Ծառուկյանի ներդրումը շատ բարձր է գնահատել: Այսքանից հետո իրանական կողմը տեսել է, որ իրենց կողմը չարաշահումներ է արել, լիցենզիան տվել են այլ ընկերության, որ նա իրականացնի գործունեությունը:
  • Գագիկ Ծառուկյանին ես չեմ հարցրել՝ իրեն գործարք առաջարկե՞լ են, թե՞ չէ, բայց վստահ եմ, որ եթե ինքը որևէ ձևով չխառնվեր քաղաքականությանը, իր հետ ոչինչ էլ չէր լինի:
  • Ծառուկյանը շատ ուժեղ մարդ է, շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում, նաև հասկանում է, որ ինքն այս պահին քրեակատարողական հիմնարկում է, տրամադրությունը շատ ադեկվատ է: Գագիկ Ծառուկյանը կոտրված չէ:
  • Ինչ արվել է, արվել է ցուցադրական, իրավական ոչինչ չի արվել: Արվել է ցույց տալու համար: Սրա հետ է, որ հարմարվել չի լինում:

  • Մենք լավ հասկանում ենք, որ պետության ներսում գործ ունենք պատի հետ: Հասկանում ենք, որ կա հրահանգ, ու դրա շրջանակում օրենքը մի կողմում է, հրահանգը կատարելը՝ մի կողմում: Դրա համար բոլոր փաստերը հավաքելու ենք ու ներկայացնենք միջազգային ատյաններին, ներսում նույնպես շարունակելու ենք պայքարը: Եվ, այո՛, սա չի կարող անվերջ շարունակվել: Անզիջում պայքար պետք է լինի յուրաքանչյուր մարդու իրավունքի դեմ կատարվող ոտնձգության դեմ: Չի կարող վերևից որոշվել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, իսկ ներքևում միայն դակողներ լինեն:
  • Օրը ցերեկով ԲՀԿ-ին մանդատներից զրկեցին, ու ասում են՝ Սահմանադրական դատարանի որոշում կա: Ո՞նց էր, որ նախկինում Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունելի չէին, հիմա ընդունելի են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031