ՀՀ քաղաքացիներին հետևողականորեն վերածում են բնակիչների․ Լիլիթ Բլեյան
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Արձանագրեցինք, որ «և այդ մեկ մարդը», իրոք, մեկ մարդ է, և այդ մարդու կարծիքն է, որ այս երկրում, փաստորեն, ինչ-որ ազդեցություն է ունենում պրոցեսների վրա։ Պարզ դարձավ նաև, որ Հայաստանում այլևս ընտրություններ չենք ունենալու, որովհետև սրանք վերջին ընտրություններն էին, որոնք մենք կարող էինք ինչ-որ ընտրական պրոցեսի նման կազմակերպել, և մենք ողջ պետական ապարատով հանդերձ՝ ձախողեցինք դա։ Կարծում եմ՝ շատերն են սա գիտակցում․ և հենց իրենք՝ հենց նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, վստահ եմ, և, այսպես կոչված, հաղթողների խմբակցությունում հաստատ գիտակցում են, որ իրենք ընտրությունն են «կեղծել»․ ես դա տեսել եմ իրենցից մի քանիսի դեմքի արտահայտության մեջ նաև։
- Հիշո՞ւմ եք 2018 թվականի այդ պայծառ խոստումները՝ սիրո, արդարության, ժողովրդավարության մասին․ այս ամեն ինչը դարձել է մի հեռավոր հուշ…
- Ես ուղղակի ինձ համար եզրակացրել եմ, որ սա այլևս այն երկիրը չէ, որը մենք ճանաչել ենք։ Ես ինքս հուսով եմ, որ ուղղակի սա ժամանակավոր քաոս է։
- Հետևողականորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերածում են Հայաստանի Հանրապետության բնակիչների․ բնակիչն ավելի քիչ իրավունքներ ունի, քան քաղաքացին, որովհետև քաղաքացին իրավատեր է։
- Հիմա, եթե էս երկրում միայն ցանկությունները նշանակություն ունեն, և արդեն չկան օրենքներ, չկա էդ կարգը ֆիքսված, որով մենք բոլորս շարժվում էինք առաջ՝ որպես կառույց, ուրեմն եկեք մենք մեր բարի ցանկություններն ավելի ու բարձր ձևակերպենք, դրանք դարձնենք օրակարգ, և դրանց իրականացման համար մենք ձևակերպենք նաև մեր անելիքները։ Ես՝ որպես հասարակության մաս, ամեն դեպքում, սա եմ համարում իմ միակ անելիքն այս պահին․ ճաղեր չենք կոտրելու՝ քաղաքակիրթ ժողովուրդ ենք, բայց մենք ունենք մեր երկրի հանդեպ պարտավորություններ, շատ կարևոր պարտավորություններ, և վաղը մենք ինքներս մեզ ենք հարցնելու՝ իսկ ո՞ւր էինք մենք այդ պահին։

- Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողի վերաբերյալ։ Նախ՝ «օլիգարխ» բառի մասին, որը շատ է շահագործվում․ «օլիգարխը» մեծահարուստն է, որը սերտաճած է իշխանությունների հետ։ Ընդդիմադիր մեծահարուստը, ապրիորի, չի կարող լինել «օլիգարխ»․ դա արդեն սխալ բնորոշում է, որովհետև ինքը չի կարող գործադրել իշխանության լծակները՝ իր շահն առաջ տանելու համար։ Իսկ մնացածը հաց և տեսարաններ են…
Մենք գիտենք, որ հիմա շատ «ծանր» տնտեսական շրջան է Հայաստանի համար, և ես լսել եմ կանխատեսումներ, որ իրավիճակը կարող է ավելի ծանրանալ, դրա համար էլ իշխանություններին պետք են նման տեսարանները… Ծառուկյանը բավական ուժեղ է, որպեսզի և այդ տեսարանները հաղթահարի, և մնացած դժվարությունները հաղթահարի։ Առյուծի մահը դժվարությամբ կհաղթահարի, որովհետև շատ կապված էր կենդանու հետ… Բայց այն, ինչ որ հասցվում է այդ տեսարանի միջոցով մեր երկրին և մեր հասարակությանը, մեր իրավական պետության վերջին փշուրներին, շատ դժվար է վերականգնվելու։
- Մշակույթը, արվեստը, դրանք գործունեության ոլորտներ են, որտեղ ազատությունը, ներքին ընդվզումը, անհամաձայնությունը, անհաշտ լինելն իրականության հետ՝ պարտադիր պայման են ստեղծագործելու համար։ Հիմա տեսնելով էս ցիկլը, որն արդեն դառնում է համակենտրոնացման ճամբար տանող անվերջանալի գնացքների վագոնների նման մի շարք (լցնում են մարդկանց և տանում են, ուր` չգիտես), ամենակարևոր հարցն է առաջ գալիս՝ ի վերջո, էս լռությունն ո՞ւմ ա ծառայում, եթե մենք կոտրում ենք ստեղծագործական միտքը։ Եթե մենք քննադատական միտքը ոչ թե չենք զարգացնում, այլ բնում խեղդում ենք, ապա ո՞ւմ համար է էս երկիրը և ինչի՞ համար է էս երկիրը։ Էս հարցերի պատասխաններն ենք մենք ուզում ստանալ․ սա մեկ օրվա համար չէ, սա էս իշխանությունների շրջանակում չի ավարտվում, որովհետև էս հարցը կարող է և հետո էլ շարունակվի․ սա համակարգային խնդիր է, սերունդների հարց։
Մանրամասները՝ տեսանյութում

