Տավուշում սահմանազատման և սահմանագծման փորձնական գործընթացի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ բանակը պետք է դուրս գա համապատասխան հատվածներից և ՀՀ զինված ուժերի պաշտպանական առաքելությունը հնարավորինս շուտ և արագ փոխանցվի սահմանապահներին:
Ադրբեջանը դժգոհում է Հայաստանի կողմից տարբեր երկրներից պաշտպանական ինչ-որ զենքերի ձեռքբերման և պաշտպանական ենթակառուցվածքների կառուցման փաստերով, Հայաստանն էլ արդարանում է, որ դա իր ինքնիշխան իրավունքն է, իսկ ԵՄ-ն էլ հայտարարում է, որ պատրաստ են աջակցել ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր զենքերով, որը հակառակորդի կենդանի ուժին և ռազմական տեխնիկային, այսպես ասած, անդառնալի կորուստ չի հասցնում, և որոնցից կարող են լինել ոստիկանության, հատուկ ծառայությունների արսենալում, որոշ երկրների դեպքում՝ նաև բանակում, նայած, թե ինչ խնդիր և նպատակ է դրված:
Օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունից, ասել է, որ «կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ընդ որում, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»: