
Ադրբեջանական Սու-25 գրոհիչն արդեն զինված է թուրքական SOM ŞAHİN թևավոր հրթիռներով. թռիչքի հեռահարությունն ավելի քան 250 կմ է

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով թուրքական պաշտպանական արդյունաբերության և ռազմական ավիացիայի SavunmaSanayiST պորտալին, գրել են, որ Ադրբեջանի զինանոցի Սու-25 գրոհիչը հաջողությամբ ավարտել է թուրքական ռազմարդյունաբերությանը պատկանող SOM ŞAHİN թևավոր հրթիռների փորձարկումը:
Մասնավորապես, SOM-B1 հրթիռի արձակումը հաջողությամբ Սու-25 ինքնաթիռից իրականացվել է կախովի համակարգի և ինքնավար կրակային համակարգի կիրառմամբ:
Համաձայն տեղեկության՝ կրակային փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականին Թուրքիայում:
Նշենք, որ SOM թևավոր հրթիռը, որը մշակվել է՝ TÜBİTAK SAGE ընկերության, իսկ սերիական արտադրության մտել՝ Roketsan ընկերության կողմից, 230 կգ մարտական հատվածի հետ միասին կշռում է ընդհանուր 600 կգ, ընդհանուր երկարությունը մոտ 4 մետր է, թռիչքի հեռահարությունը՝ ավելի քան 250 կմ:
168.am-ը 2024 թվականի գարնանը գրել էր, որ Ադրբեջանը շարունակում է իր զինանոցում առկա խորհրդային Սու-25 գրոհիչներն արդիականացնել թուրքական TUSAŞ ընկերության մասնակցությամբ:
Ավելի ուշ հայտնել էինք, որ մոդեռնիզացված հերթական Սու-25-ն (Су-25МЛ) է հանձնվել Ադրբեջանին, որին տրվել է «Լաչին» անունը:
Մենք հայտնել էինք, որ Ադրբեջանի ՊՆ-ի և թուրքական ընկերության միջև արդիականացման պայմանագիրը կնքվել է 2023 թվականի հուլիսի 26-ին, և, որ Ադրբեջանը ստանալու է նաև «խելացի» ավիառումբեր և թուրքական հրթիռներ:
Սակայն SOM թևավոր հրթիռներ ձեռք բերելու ցանկության մասին Ադրբեջանն առաջին անգամ խոսել էր 2018 թվականին:
168.am-ն անցած տարի գրել է, որ թուրքական ROKETSAN ընկերությունն էլ Ադրբեջանին պատրաստվում է մատակարարել օդ-երկիր դասի թևավոր հրթիռ՝ SOM, և, որ այս առնչությամբ պայմանավորվածություններն Ադրբեջանի և Թուրքիայի միջև վաղուց էին հաստատվել, սակայն գործարքը կյանքի չէր կոչվել, քանի որ Ֆրանսիան արգելք էր դրել:
Նշենք, որ թուրքական SOM թևավոր հրթիռներն ունեցել են ֆրանսիական Microturbo ընկերության «Microturbo TRI 40» տուրբոռեակտիվ շարժիչներ: Այսինքն, ֆրանսիական շարժիչներով այս թևավոր հրթիռների հնարավոր վաճառքի հարցը քննության էր դրվել: Բայց թուրքական Kale Arge ընկերությունը մշակել էր KTJ-3200 ռեակտիվ շարժիչ՝ SOM թևավոր հրթիռների կիրառման համար:
SOM ŞAHİN թևավոր հրթիռներն Ադրբեջանի կողմից կիրառվելու են Սու-25-ի և հարվածային AKINCI անօդաչու թռչող սարքերի պլատֆորմի վրա:
Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկայում SOM ŞAHİN թևավոր հրթիռները փորձարկելու են նաև AKINCI անօդաչու թռչող սարքերը:
Իսկ 168.am-ը տեղեկացրել էր նաև, որ Ադրբեջանը ձեռք է բերել դարձյալ թուրքական ASELSAN ընկերության ASELFLIR-500 օպտիկական համակարգը, որը փորձարկում է անցել արդեն Bayraktar TB3 հարվածային անօդաչու սարքի միջոցով:
Թուրքիան որոշել էր մշակել ASELFLIR-500 օպտիկական համակարգն այն բանից հետո, երբ 2020 թվականի պատերազմի ընթացքում էմբարգո էր կիրառվել:
Ինչի՞ մասին է խոսքը: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ՊԲ-ին հաջողվել էր խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։
Ավելի ուշ Արցախի ՊԲ-ն տեսանյութ էր հրապարակել, և կադրերից մեկում երևում էր կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա:
Ավելին, անցած տարի հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման «Herikks» համակարգերի ձեռքբերման շուրջ: Բայց մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ օդային հարձակման նախազգուշացման համակարգն իբր փորձարկման նպատակով արդեն տեղադրվել է օկուպացված Քարվաճառի շրջանում կամ բարձունքներում՝ ավելի քան 3000 մետր բարձրության վրա:
Այսինքն, Ադրբեջանի և Թուրքիայի պլաններում ոչինչ չի փոխվում, ռազմական համագործակցությունն ընդլայնվում է, և ոչինչ, որ Հայաստանը շարունակում է խոսել խաղաղությունից, և բանակին մղել «ռազմական անգործության»: Իսկ թե ինչ փուլում է ՀՀ ԶՈւ զինանոցում առկա Սու-25 գրոհիչների արդիականացման հարցը, հայտնի չէ: